«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոխարինող է գտել անգլիական ակումբում իր օգնական Միկել Արտետային, որը տեղափոխվել էր «Արսենալ»։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ «Սիթիում» Գվարդիոլայի նոր օգնականը կլինի 54-ամյա իսպանացի Խուանմա Լիլյոն, որին Խոսեպն իր մարզիչն է համարում ու «մաեստրո» է անվանում։ Լիլյոն մարզչական գործունեությամբ է զբաղվում 1980-ականներից ու դարձել էր Իսպանիայի առաջնության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչներից մեկը՝ 30 տարեկանում գլխավորելով «Սալամանկան»։ Նա Յոհան Կրուիֆի սանն է ու Խոսեպ Գվարդիոլայի փիլիսոփայությանն է դավանում։ Լիլյոյին ոգեշնչել են այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան ու «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
Հիմա 54-ամյա մասնագետը գլխավորում է չինական «Ցինդաո Հայնյուն», բայց արդեն առաջիկայում կբաժանվի ակումբից։ Ավելի վաղ նա գլխավորել է ճապոնական «Վիսել Կոբեն»։