Հայկական ֆուտբոլի խնդիրներն Անգլիայից պարզ են երևում՝ այնտեղ ստացած փորձի, տեսածի ու սովորածի շնորհիվ։
ArmSport-ի այսօրվա զրուցակիցը 33-ամյա Տիգրան Թադևոսյանն է՝ անգլիական Ազգային լիգայում հանդես եկող «Բարնեթ» ՖԱ-ի Մ16 թիմի գլխավոր մարզիչը։ Տիգրանը հանդիսանում է նաև Մ18 թիմի գլխավոր մարզչի օգնականն ու առաջին թիմի տեխնիկական գծով մարզիչը։
Նրա հետ խոսել ենք անգլիական ակումբում աշխատելու առավելությունների, աշխատանքային պրոցեսի յուրահատկությունների, երկու «հայրենիքների» և, իհարկե, հայկական ֆուտբոլի բացերի մասին։
-Ինչպե՞ս են գործերդ «Բարնեթում»։
— Ամեն ինչ շատ լավ էր մինչև կորոնավիրուսը հայտնվեց մեր կյանքում։ Քանի որ առողջությունն առաջնային է, ֆուտբոլային դադար եղավ։ Հիմա բոլոր թիմերում դժվարություններ կան, բոլորը նույն վիճակում են: Բոլոր աշխատողները պարապուրդի են մատնված։ Պետք է տեսնենք՝ երբ ֆուտբոլին կվերադառնանք։ Սա մի իրավիճակ է, որ ամեն ինչ պիտի քայլ առ քայլ արվի։
-Նախքան համավարակը՝ ինչի՞ց էր կազմված աշխատանքային օրդ այդտեղ։
-Հանգստյան օրերին կայացած խաղերից հետո օրը միշտ սկսվում էր դրանք դիտելով ու վերլուծելով։ Փորձում էինք տեսնել մեր խաղացողների մոտ ինչը ուղղվելու ու բարելավվելու կարիք ունի։
Աշխատանքս ամեն օր առավոտյան 9-ին էր սկսվում։ Երկուշաբթի օրը միշտ ժողով էինք ունենում, որին մասնակցում էին մարզիչները, ֆիզիոթերապևտները, բժշկական անձնակազմը, տեխնիկական տնօրենն ու ակադեմիայի մենեջերը։ Ժողովը շատ դեպքերում կարող էր երկու ժամ ձգվել։ Խոսում էինք բոլոր խմբերի խնդիրներից, քննարկում՝ ինչ եղավ նախորդ շաբաթ, ինչ պլաններ կան այդ շաբաթվա համար։
Անգլիայում բոլոր մարզումներում կա PMA կոչվող համակարգը, երբ մարզիչները մեկ շաբաթվա կտրվածքով կարծիք են գրում յուրաքանչյուր խաղացողի մասին, իսկ վերջիններս պատասխանում են դրան։ Ես ստուգում էի, թե ինչ են մեր Մ13-14-15-16 մարզիչները գրել ու խաղացողներն ինչ են պատասխանել։ PMA-ը յուրահատուկ ծրագիր է, որը միայն Անգլիայում է օգտագործվում։ Այն Պրեմիեր լիգայի ծրագիրն է, որ օգտագործվում է բոլոր պրոֆեսիոնալ ակադեմիաներում։
-Ի՞նչ ճանապարհ ես անցել մինչև «Բարնեթ» հասնելը։
-Մարզչական կարիերաս սկսել եմ 23 տարեկանից։ Աշխատել եմ տարբեր տարիքային թիմերում, հետո՝ Coerver coaching-ում, որը համաշխարհային տեխնիկական ծրագիր է։ Այնուհետև աշխատել եմ Հունաստանի երկրորդ դիվիզիոնի «Կալիտեա» թիմում՝ որպես մարզչի օգնական, ապա տեղափոխվել Լիբանան՝ «Eleven Football Pro Academy» ու եկել Լոնդոն՝ «Բարնեթ»։
-Ինչպիսի՞ն էր ֆուտբոլիստի կարիերադ։
-Նախ, խաղացել եմ կիսապրոֆեսիոնալ լիգայում, 15 տարեկանում տեղափոխվել հունական «Հոմենեթմեն», 20-21 տարեկանում՝ հունական «Կուկակի», հետո վերադարձա «Հոմենեթմեն» ու սկսեցի մարզչական կարիերաս։
-Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել ֆուտբոլով։
-11 տարեկանից՝ ակադեմիայում, բայց մինչ այդ բակային ֆուտբոլ էի խաղում։
-Իսկ 11 տարեկանն ուշ չէ՞ ֆուտբոլիստի կարիերա սկսելու համար։
-Ընդհակառակը։ Հետազոտություններ կան, որոնց համաձայն, երեխաներն ինչքան ուշ մտնեն ակադեմիաներ, այդքան մեծ կլինի պրոֆեսիոնալ դառնալու հավանականությունը։ Պետք չէ թերագնահատել բակային ֆուտբոլը ու այն, թե դա ինչ հոգեբանական առավելություն կարող է տալ երեխաներին։ Սա ամբողջ աշխարհին է վերաբերում, ոչ միայն Հայաստանին։ Չեմ ասում, որ երեխաները պետք է չգնան ակադեմիաներ, բայց պիտի գնան այնպիսիները, որոնք խաղացողների զարգացման համար պայմաններ ունեն։
-Ինչպե՞ս ես պատկերացնում հետագա ճանապարհդ։
-Հիմա կենտրոնացած եմ իմ ակադեմիայի վրա ու փորձում եմ աշխատանքս կատարելագործել։ Հետագայում կտեսնեմ, թե ինչ լավ տարբերակ կլինի իմ սովորելու ու աշխատելու համար։
-Ծնվել ես Հայաստանում, այնպես չէ՞։
-Այո՛, Երևանում եմ ծնվել։
-Քանի՞ տարեկան էիր, երբ հեռացաք այստեղից։
-5 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Հունաստան։
-Ո՞վ կայացրեց այդ որոշումն ու ինչո՞ւ։
-Մայրս։ Կարծեմ, նա ուզում էր, որ Եվրոպայում ուսում ստանայի։
-Մանկության ընկերներ թողե՞լ ես այստեղ։
-Ո՛չ։ Այդտեղ ընկերներ ձեռք բերեցի ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագրի դասընթացների ժամանակ։
-Ինչպիսի՞ն էր այն ժամանակվա Հայաստանը։
-Հայաստանում լավ ժամանակներ չէին։ Եթե իմ տարիքի կամ ավելի մեծ մարդիկ կարդում են գրածս, կհիշեն այդ տարիների Հայաստանը։
-Դրանից հետո առաջին անգամ ե՞րբ եկար այստեղ։
-Կարծեմ, 1999-ին։
-Փոխվե՞լ էր երկիրը։
-Շատ չէ, բայց հիմա շատ է փոխվել։
-Ի՞նչ տեղ է գրավում քո սրտում Հայաստանը։
-Ես հայ եմ ու միշտ հայ կլինեմ։ Շատ մարդիկ կցանկանային այս ազգից լինել։ Շատ հպարտ եմ։
-Իսկ Հունաստա՞նը։
-Ես մեծացել եմ Հունաստանում, իմ առաջին լեզուն հունարենն է, հունական մենթալիտետ ունեմ։ Գիտեմ, որ իմ սրտում երկու երկիրն էլ տեղ ունեն։ Շատ ուրախ եմ, որ մեծացել եմ այդ երկրում, սովորել եմ այդ հրաշք լեզուն, մշակույթը, շատ լավ ընկերներ ունեմ այնտեղ ու ընդհանրապես, Հունաստանի հետ կապված հիշողություններս շատ են։
-Հայկական ֆուտբոլն ինչպիսի՞ն է քո աչքերով։
-Միշտ ինձ թվում է, որ այն մի քայլ առաջ է անում, ապա՝ երկու քայլ հետ։
-Կբացատրե՞ս։
-Օրինակ, եթե ուզում ես երկրում ֆուտբոլի վիճակը բարելավել, պետք է սկսես հիմքից, ոչ թե՝ գագաթից։ Գագաթը բոլորը տեսնում են, բայց հիմքը՝ ոչ։ Պետք է ամենացածր մակարդակից սկսել ու կրթել այն մարդկանց, որոնք ներառված են երեխաների ու երիտասարդների զարգացման գործում։ Պետք է հասկանալ երկիրը, մենթալիտետը, պահանջներն ու ժողովրդին։ Ֆուտբոլը երկրում աճեցնելը շատ մեծ ու խորը խնդիր է։
-Մանկապատանեկան ֆուտբոլն ի՞նչ խնդիրներ ունի այստեղ, որ դու նկատում ես։
-Այդ տարիքային խմբերի համար համապատասխան խաղային ծրագրի բացակայություն, չկրթված մարզիչներ, խիստ կանոնների բացակայություն, որը կստիպեր ակումբներին հետևել պլանավորած կանոններին ու կանոնակարգերին։
-Ի՞նչ առավելություններ ունի մարզիչն Անգլիայում։
-Օրինակ, ֆուտբոլային միությունը սովորաբար շարունակական բնույթ կրող զարգացման ծրագրեր է կազմակերպում․ մարզիչների գիտելիքները պետք է թարմացվեն։ Դա նշանակում է, որ այն մարզիչները, որոնք արտոնագրեր են ստանում, չպետք է մտածեն, թե գործն արված է։ Ամեն տարի նրանք պիտի սեմինարներ անցկացնեն ու շարունակեն կրթությունը։ Բացի դրանից, տարվա ընթացքում 2-3 անգամ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից գալիս են ստուգումների կամ ուղղություն ցույց տալու, եթե թիմերը չեն անում այն, ինչ գրված է իրենց ծրագրերում։
-Եթե Հայաստանում աշխատելու հրավեր լինի, կգա՞ս։
-Հիմա ես Անգլիայում եմ ու ուզում եմ մնալ այստեղ, սովորել, փորձ ձեռք բերել ու անել ամեն ինչ քայլ առ քայլ։ Շատ մեծ նախագիծ պիտի լինի, որ որոշեմ ֆուտբոլային երկիրը՝ Անգլիան թողնել ու գալ Հայաստան։
-Ինչպիսի՞ նախագիծ օրինակ։
-Ներկայումս իմ միտքն այստեղ է՝ Անգլիայում։
-Ի՞նչն է խանգարում հայ ֆուտբոլիստներին, հայկական թիմերին, հավաքականներին ավելի մեծ հաջողություններ գրանցել։
-Նախևառաջ, ամեն ինչ սկսվում է մշակույթից ու մարդկանց միջավայրից։ Եթե միջավայրը հարմար չէ, չի կարող քո ուզածը ստացվել։
Ամեն տեղ ու ամեն դեպքում, իմ կարծիքով, ամենակարևորը մարդիկ են և նրանք են ստեղծում մշակույթն ու միջավայրը։
Հիմա խոսեմ մարզիչների մասին։ Կարծում եմ, որ տեխնիկական ու տակտիկական առումով հայ լավ մարզիչներ կան, որոնք լավ գիտելիքներ ունեն, բայց նրանք շատ քիչ են ու մեծ մասը լավ կրթված չեն։ Կրթված մարզիչ ասվածը չի նշանակում միայն ֆուտբոլի մասին իմանալը։ Դա նշանակում է նաև այլ գիտելիքներ ունենալ։ Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլային գիտելիքները չեն։ Այո՛, պետք է բարձրակարգ գիտելիքներ ունենաս, իհարկե, բայց ինձ համար ամենակարևորը մարդկային մենթալիտետի ու մշակութային գիտելիքներն են։ Ինչպես նաև մարդկային արժեքներն են, երբ ուզում ես մարդկանց ոգեշնչել։
Ես Հայաստանում այդ առումով թուլություններ եմ տեսել ու զգացել։ Որպես մարզիչներ՝ մենք պիտի «քարոզենք այն, ինչ սովորեցնում ենք»։ Մենք օրինակ ենք հանդիսանում, բայց, ցավոք, Հայաստանում ես այդպիսի օրինակներ շատ չտեսա։
Մի լավ ասացվածք կա․ «Հռոմը մի օրում չի կառուցվել»։ Ակումբներն ուզում են արագ արդյունք ունենալ, բայց ոչ ամուր ու պինդ կառույցով։ Քանի՞ ակումբ իր ակադեմիան ունի։ Ինչպե՞ս են գնահատում իրենց ակադեմիաները, իրենց սաներին ու իրենց ծրագրով մշակած խաղացողներին։ Ու քանի՞ հայ խաղացող է խաղում թիմերում։ Ֆուտբոլիստը չի աճում, եթե չի խաղում ու նստում է նստարանին։ Ինչպե՞ս կարող է ակումբը հայ խաղացողներին վաճառել արտասահմանյան բարձրակարգ լիգաներին, իսկ եթե աներ, գումարային օգուտներ կստանար, ինչպես նաև հավաքականներին կօգներ ընտրության հարցում։
Իսկ հավաքականների մասին պետք է հարցնեք այն մարդկանց, որոնք պատասխանատու են դրանց համար։
-Օրինակ, վերջերս շատ է քննադատվում լեգիոներների մեծ թիվը Հայաստանի առաջնությունում։
-Արտասահմանցի խաղացողներ պետք են հայկական թիմերին տարբեր խնդիրների համար, բայց պիտի սահմանափակում լինի, մանավանդ Առաջին խմբում։
-Ինչպիսի՞ն է կյանքը Լոնդոնում։
-Լոնդոնը հսկայական է։ Մի ծայրից մյուսը հասնելու համար մեկուկես ժամ է անհրաժեշտ։ Դրա համար էլ այն բաժանված է հյուսիսային, հարավային, արևմտյան ու արևելյան Լոնդոնի։ Այստեղ շատ գեղեցիկ ճարտարապետական շինություններ կան։ Շատ տեղեր կան այցելելու ու ուզածդ խոհանոցի ուտեստներ փորձելու։ Ցանկացած զբաղմունք այստեղ կարող ես գտնել։ Շատ տարբերակներ կան անելու այն, ինչ սիրում ես ու ուզում ես անել։
Այստեղ տարբեր մշակույթներ կան, մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Ու, վստահաբար, այն աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է։
-Իսկ քեզ երբևէ Հայաստանում ապրելիս պատկերացնո՞ւմ ես։
-Այո՛, ինչու ոչ։
Ստելլա Բաբլոյան