«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ «Լոռիի» դեմ խաղում իր թիմը գերազանցեց մրցակցին։ Գոլազուրկ ոչ-ոքիից հետո երկրի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը պատասխանել է լրագրողների հարցերին՝ արձանագրելով, որ սա լավագույն խաղն էր իր թիմի համար առաջնության վերսկսումից հետո։
«Մեր 3-րդ խաղն էր դադարից հետո։ Կարող եմ ասել, որ որակական առումով, դաշտում գործողությունների առումով սա մեր ամենալավ խաղն էր վերսկսումից հետո։ Այո՛, վերջին հարվածը, վերջին փոխանցումը չէր ստացվում, բայց համենայն դեպս գոլ խփել է պետք։ Գոլերն են հաղթանակ բերում»,-ասաց Մինասյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե «Լոռին» միակ թիմն է, որին «Արարատ-Արմենիան» գոլ չի խփել այս մրցաշրջանում, Մինասյանը նշեց, որ առաջին երկու խաղերում նրանք հաղթանակի արժանի չէին, բայց այս խաղում նրանք գերազանցել են մրցակցին։
«Առաջին երկու խաղերում մենք այդքան լավ չէինք խաղացել, ու արժանի չենք եղել հաղթանակի։ Թե՛ պարտության, թե՛ ոչ-ոքիի խաղերում մենք լավ տեսք չունեինք։ Իսկ այսօրվա խաղում մենք ամեն ինչով գերազանցել ենք նրանց»։