«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը բարձր է գնահատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որն արդեն 5 տարի շարունակ մրցաշրջանում ավելի քան 40 գոլ է խփում։
«Լևանդովսկու մարզավիճակն այս մրցաշրջանում նույնիսկ իր համար է հիացնող։ Հավանաբար, նա հիմա ինքն իր լավագույն օրինակն է «Բավարիայում» անցկացրած այսքան տարիների ընթացքում։
Ոչ մի կասկած չկա․ նա հիմա աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է։ Նա գործնականում գնդակ բաց չի թողնում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա ավելացրել է տուգանային հարվածների իրացման գործում, նա գերազանց թիմային խաղացող է, էգոիստ չէ։
Կարծում եմ՝ լավ հարաբերություններ ունի Մյուլերի հետ։ Իսկ եթե եզրերում ավելացնենք Կոմանին ու Գնաբրիին, շատ լավ հարվածող հարձակման գիծ կստացվի։
Անխոս, Լևանդովսկին հիմա լավագույնն է «Բավարիայում», նման մարզավիճակում գտնվող հարձակվողի հետ մյունխենյան ակումբը այսքան տարի անց նորից կարող է հաղթել Չեմպիոնների լիգան»,- Հարգրիվզի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։