Երեկ՝ ապրիլի 24-ին, հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության 2019/20 մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հաղորդվել է Էրեդիվիզիի պաշտոնական կայքում (ազգային առաջնության բարձրագույն լիգան):
Լիգան որոշեց այս մրցաշրջանում չորոշել առաջնության հաղթողին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Նիդերլանդներում չեմպիոն չի լինի: Նիդերլանդների առաջնությունը խաղարկվում է 1888 թվականից: 68 տարի շարունակ առաջնությունը կոչվում էր Նիդերլանդների Ֆուտբոլի լիգայի առաջնություն: 1956-ին հիմնադրվեց Էրեդիվիզին:
Առաջնության ավարտին մոտ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում էր Ամստերդամի «Այաքսը», որը 25 խաղում վաստակել էր 56 միավոր: Երկրորդը «Ալկմարն» էր, որը ևս իր ակտիվում ուներ 56 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է մայրաքաղաքային թիմին: Երրորդ տեղում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը» (50 միավոր):

Մրցաշարի չեմպիոնը չի որոշվի։ Թիմերը, որոնք դուրս մնալու գոտում էին, կմնան մրցաշարում։ Այս մասին հաղորդում է Նիդերլանդների արքայական ֆուտբոլային միության (KNVB) մամուլի ծառայությունը։ KNVB-ն ստիպված է նման քայլի գնացել, քանի որ իշխանություններն արգելել են մինչև սեպտեմբերի 1-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարեր անցկացնել։ Մոտ ժամանակներս Ֆուտբոլային միությունը խորհրդատվություն կանցկացնի ՈՒԵՖԱ-ի հետ՝ կապված հետագա գործողությունների հետ։
⚽ Ովքե՞ր են դժգոհ
Քանի որ «Այաքսը» ավելի բարձր է լրացուցիչ ցուցանիշների պատճառով, ամստերդամյան ակումբը կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում, իսկ «Ալկմարը» կսկսի իր վերելքը երկրորդից: Իհարկե, վերջիններս չեն կարող գոհ լինել նման որոշումից։
«ԱԶ Ալկմարի» գործադիր տնօրեն Ռոբերտ Էյնհորնը խոսել է Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միության՝ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշման մասին:
«Մի քանի շաբաթ մենք փորձեցինք այս ֆոնին զարգացնել մի քանի սցենարներ՝ կանխելու այն իրավիճակը, որում հիմա գտնվում ենք: Մեր առաջարկներին չեն պատասխանել: Մենք միշտ հավատարիմ ենք եղել համաձայնեցված ուղուն և համաձայն չենք եվրոպական մրցույթներին թույլտվությունների բաշխման հետ: Մենք հիասթափված ենք այս որոշումից», – մեջբերում է Էյնհորնին ակումբի պաշտոնական կայքը:
Եվ միայն «Ալկմարում» չէ, որ դժգոհ են այս որոշումից․ «Ուտրեխտը» կբողոքարկի Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության (KNVB) որոշումն ընթացիկ առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է VTBL-ն։

KNVB-ի որոշման համաձայն՝ «Ուտրեխտը» չի հայտնվել եվրագավաթներում։ Եվրոպա լիգայի երկրորդ որակավորման փուլի ուղեգիրը ստացել է «Վիլլեմ II»-ը։ «Ուտրեխտը» «Վիլլեմ II»-ից հետ էր մնում 3 միավորով ու մեկ հանդիպում պակաս էր անցկացրել։ Բացի դրանից, «Ուտրեխտը» հայտնվել էր նաև Նիդերլանդների գավաթի եզրափակչում, որում տարած հաղթանակն իրավունք կտար թիմին Եվրոպա լիգայի որակավորման փուլին։ Ֆուտբոլային միության կարծիքով՝ այս որոշումները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի սկզբունքներին։ «Ուտրեխտը» դատարանում կբողոքարկի որոշումը։
Այս որոշումից դժվար թե գոհ լինեն երկրորդ լիգայի առաջատարներ «Կամբուրն» ու «Գրասհաֆը», որոնք այս տարի շատ մոտ էին Էրեդիվիզիում հայտնվելուն։ Երկրորդ լիգայի առաջատարները արդեն իսկ թակում էին նիդերլանդական ֆուտբոլային էլիտայի դռները, սակայն․․․ Միգուցե ճիշտ կլիներ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում Էրեդիվիզիի մասնակից ակումբների թիվը ավելացվի և ներկայիս 18-ի փոխարեն լինեն 20 թիմեր։ Դա քիչ թե շատ արդարացի կլիներ վերը նշված զույգի նկատմամբ, բայց, ցավոք սրտի, դեռևս նման որոշում չի կայացվել։
⚽ Իսկ ո՞վքեր են գոհ
Իհարկե՝ առաջին հերթին ամստերդամյան ակումբը։ Քչերն են կասկածում, բայց, միևնույնն է՝ հարցական է, «Այաքսը» կկարողանա՞ր արդյոք պահպանել առաջատարի դիրքերը, եթե մրցաշրջանը խաղարկվեր։ Ցավոք, դա մենք այլևս չենք կարող իմանալ։
«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը արդեն իսկ մեկնաբանել է Նիդերլանդների առաջնությունը ավարտելու մասին որոշումը․

«Մենք ամեն դեպքում բարձունքում ենք: Բոլոր այն խոսակցությունները, թե իբր «ԱԶ Ալկմարն» արժանի է չեմպիոնության, քանի որ մեզ 2 անգամ հաղթել է, անհեթեթություն են: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը չի՞ հաշվվում հիմա: Ինչպե՞ս ՊՍՎ-ն 2007 թ-ին չեմպիոն դարձավ՝ մեկ գոլի տարբերությամբ: Իհարկե, ես կցանկանայի չեմպիոն դառնալ խաղադաշտում, բայց եթե պետք է մեկ չեմպիոն ընտրեմ, ապա ինձ համար դա «Այաքսն» է,»-ասել է Զիեշը։
Իրենց հերթին, «Վիլլեմ II»-ի երկրպագուները քաղաքի փողոցներում նշել են իրենց թիմի՝ Եվրոպա լիգայի մասնակցելու իրավունք ստանալը հաջորդ մրցաշրջանում:
Wij gaan Europa in! #WillemII #Tilburg pic.twitter.com/np8pEwToAC
— Tilbo.com (@tilbocom) April 24, 2020
Առաջնության երկու հետնպահները՝ «Դեն Հաագը» (19 միավեր) և «Վալվեյկը» (15 միավոր), միանշանակ բողոքելու տեղ ևս չունեն։ Հաջորդ մրցաշրջանում նրանք կպահպանեն իրենց տեղերը Նիդերլանդների առաջնության ուժեղագույն դիվիզիոնում: Այս որոշումը վերը նշված ակումբների համար, կարելի է ասել, «փրկարարական օղակ» հանդիսացավ։

Դե ինչ, ամփոփելով այս ամենը, կարող ենք արձանագրել, որ որոշ ակումբների համար մրցաշրջանի վաղաժամ ավարտը հանդիսացավ չիրականացված հույսերի պատճառ, ոմանց համար այն ընդհանուր առմամբ ոչինչ չի որոշում, իսկ որոշ ակումբներ էլ միայն շահում են այս իրավիճակից։ Իհարկե, ցանկալի կլիներ արդար արդյունքի հասնել խաղադաշտում, բայց, ցավոք, ներկայումս ունենք այն, ինչ ունենք։ Հուսանք, որ այսպիսի իրավիճակներ այլև չեն կրկնվի մեծ ֆուտբոլում և ամեն ինչ մոտ ժամանակներս կընկնի իր հունը․․․
Լավատես եղեք, առողջ եղեք․․․
Վար Բաբայան