Իտալական «Կալյարիի» և «Ինտերի» նախկին հարձակվող Դավիդ Սուազոն խոսել է իր կարիերայի մասին, հաղորդում է CalcioMercato-ն:
«Ինչ արագ են անցնում տարիները, աստված իմ: Ֆուտբոլային կարիերաս նման էր մի ակնթարթի:
Կարոտում եմ գնդակը, կարոտում եմ թարմ խոտածածկի բույրը, կարոտում եմ ադրենալինի այն զգացումը, որը ապրում էի մրցակցի դարպասը գրավելիս:
Երբեմն, նստում եմ մութ սենյակում ու մտածում. լսիր Դավիդ, դու չարեցիր այն, ինչին ընդունակ էիր: Դու չկարողացար օգտվել քեզ ընձեռված հնարավորությունից:
Հավատացեք ինձ, դրանից վատ զգացում չի կարող լինել: Չեմ սիրում երիտասարդներին խորհուրդներ տալ, բայց նրանք պետք է շատ աշխատեն:
Քրտնաջան աշխատանքն է, որ մարդուն հասցնում է մեծ նվաճումների»,- ասել է Սուազոն:
Հիշեցնենք, որ Սուազոն «Կալյարիում» անցկացրած 8 տարիների ընթացքում դարձել է 94 գոլի հեղինակ: 2018-ին Սուազոն ձերբակալվել էր ԱՄՆ-ում ՝ մեքենան անսթափ վիճակում վարելու և ոստիկանին հարվածելու համար: