Առաջիկա Եվրոպայի առաջնության ձևաչափը, որն ավելի վաղ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվել էր, կարող է փոփոխությունների ենթարկվել։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ ՈՒԵՖԱ-ն արդեն սկսել է այդ հարցի վերաբերյալ քննարկումները։ Հարցը ծագել է այն պատճառով, որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի ամենամեծ տարածվածությունն է գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Բացի դրանից, պարզվել է, որ ևս 10 մարզադաշտում Եվրոյի անցկացման նոր օրերին արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են պլանավորված։ Սրանց հետ կապված՝ հյուրընկալ քաղաքների թիվը կարող է կրճատվել։
Եվրոպայի առաջնությունը պիտի կայանար այս ամառ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ֆուտբոլային դադարի պատճառով, մրցաշարի մեկնարկը տեղափոխվել է 2021 թվական։ Իտալիայում խաղերը պետք է անցկացվեին Հռոմի մարզադաշտում, իսկ Իսպանիայում՝ Բիլբաոյի։