Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դեռևս հստակություն չունի ո՛չ իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի, ո՛չ ազգային առաջնությունների անցկացման հետագա ընթացքի մասին: Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատախան տեղեկացրին ՀՖՖ-ից: Այդ իսկ պատճառով, ՀՖՖ-ում ևս առայժմ անորոշություն է:
Մոտ 2 շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կապի մեջ կլինի ՈւԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար:
«Քանի որ կորոնավիրուսի տենդենցը ոչ միայն չի քչանում, այլ նույնիսկ ավելանում է, առայժմ ոչ մի հստակություն չկա»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Ինչպես արդեն գիտենք, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, :
Հայկ Կարապետյանի խոսքով, առաջնության խաղերի հետագա հետաձգումը կախված է նրանից՝ արդյոք ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք ՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին մարտի 17-ի առցանց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգում է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխվում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.:
ՈւԵՖԱ-ի կողմից ձևավորված աշխատանքային խումբը մինչև մարտի 31-ը պետք է քննարկեր ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը: ՈւԵՖԱ-ից նաև ընդգծել էին, որ յուրաքանչյուր ազգային ասոցիացիա իր ներքին առաջնությունների վերաբերյալ ինքը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով տվյալ երկրում ընդունված օրենքների վրա, և որ ՈւԵՖԱ-ն ազգային ասոցիացիներին կոչ չի անի չեղարկել առաջնությունները:
ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի, ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահների և գլխավոր քարտուղարների միջև տեղի ունեցած առցանց քննարկման ժամանակ մասնակիցներն, այդուհանդերձ, ընդգծել էին եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը:
The Times-ը այսօր հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ն ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտել օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանի խաղերի քանակը կրճատել հատուկ ֆորմատով։ Սա արվում է, որպեսզի կորոնավիրուսը բացասաբար չազդի եվրոպական ֆուտբոլի վրա։
Նարե Հովհաննիսյան