«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` հունական «Օլիմպիակոսի» հետ խաղից հետո իր դժգոհությունն է հայտնել, որ մի շարք մրցաշարեր շարունակվում են, չնայած` կորոնավիրուսի տարածմանը.
«Մենք ֆուտբոլային խաղ ենք անցկացնում` հիանալի իմանալով, թե ինչ է կատարվում աշխարհում: Մարդիկ մահանում են ու շարունակում են մահանալ, իսկ մենք ֆուտբոլ ենք խաղում: Աբսուրդային իրավիճակ է»,- Էշպիրիտուի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Օլիմպիակոս»-«Վուլվերհեմփթոն» խաղը կայացել է Պիրեյում դատարկ տրիբունաների ներքո և ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են իտալական Ա Սերիան և իսպանական Լա Լիգան, իսկ Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնությունների առաջիկա տուրերը կանցկացվեն առանց հանդիսականի: Բացի դա, մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն կարող է հայտարարել է եվրագավաթների դադարեցման ու Եվրո-2020-ի առաջնությունը 2021 թվականին տեղափոխելու մասին: