ArmSport-ը սրտանց շնորհավորում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն, հաջողություն։
Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ մենք որոշել ենք անդրադառնալ 18 գեղեցկուհիների՝ ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել սպորտում, շարունակում են ունենալ կամ պարզապես գերել են շատերի սրտերը իրենց հմայքով․․․
Լինդսի Վոն
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1984
Լեռնադահուկորդուհի

Վոնը շատ մասնագետների կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաուժեղ լեռնադահուկորդուհին։ Ամերիկուհին 2010թ Օլիմպիական չեմպիոն է, Աշխարհի առաջնության քառակի գավաթակիր (2007/08, 2008/09, 2009/10 և 2011/12) և Աշխարհի կրկնակի չեմպիոն, կանանց Աշխարհի գավաթի խաղարկության ռեկորդակիր՝ անհատական փուլերում հաղթանակների ընդհանուր քանակով։ Նա ավարտեց մարզական կարիերան 2019 թվականի Աշխարհի գավաթից հետո:
Ժակլին Կարվալյու
🇧🇷 Բրազիլիա
Ծննդյան տարեթիվ՝ 1983
Վոլեյբոլիստուհի

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն, վոլեյբոլի Գրանդ Պրիի եռակի հաղթող, Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն․ Ժակլինը վերջին երկու տասնամյակների աշխարհի ուժեղագույն վոլեյբոլիստուհիներից մեկն է։
Էլեն Հոգ
🇳🇱 Նիդերլանդներ
Ծննդյան տարեթիվ՝ 1986
Հոկեյ խոտի վրա

Հոկեյ խոտի վրա մարզաձևի Օլիմպիական կրկնակի, Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն։
Անտոնիա Միշուրա
🇭🇷 Խորվաթիա
Ծննդյան տարեթիվ՝ 1988
Բասկետբոլիստուհի

Խորվաթ բասկետբոլիստուհին մարզական աշխարհում ավելի շատ հայտնի է ոչ թե իր մարզական հաջողությունների, այլ գեղեցիկ դիմագծերի շնորհիվ։ Ազգային հավաքականի հետ նա մասնակցել է Եվրոպայի՝ երկու և մեկ անգամ էլ Օլիմպիական խաղերին։
Դարիա Կլիշինա
🇷🇺 Ռուսաստան
Ծննդյան տարեթիվ՝ 1991
Հեռացատկորդուհի

Եվրոպայի հեռացատկի կրկնակի չեմպիոն փակ տարածության մեջ մրցաշարերում, Եվրոպայի բրոնզե մեդալակիր և Աշխարհի փոխչեմպիոն։
Կարոլին Վոզնյացկի
🇩🇰 Դանիա
Ծննդյան տարեթիվ՝ 1990
Թենիսիստուհի

«Grand Slam»-ի 2018 թվականի մրցաշարի հաղթող Վոզնյացկին լեհ ներգաղթյալներ Պյոտր և Աննա Վոզնյացկիների դուստրն է: Մայրը խաղացել է Լեհաստանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականում, իսկ հայրը հանդես է եկել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Կարոլինի ավագ եղբայրը՝ Պատրիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Կարոլինը այս տարի ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան։
Յանա Եգորյան
🇷🇺 Ռուսաստան
Ծննդյան տարեթիվ՝ 1993
Սուսերամարտիկ

Եգորյանը ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ է: 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն, 2015 թվականի Աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), Աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014): 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած՝ Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012)։
Յանա Եգորյանը ծնվել է 1993թ Թբիլիսիում: Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով: Հետագայում նրան մարզել է նաև Էլենա Ժեմաևան: Որպես մասնագիտություն ընտրել է թրասուսերը:
Հիլարի Նայթ
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1989
Հոկեյիստուհի

Աշխարհի 8-ակի չեմպիոն և 2018 թվականի Օլիմպիական չեմպիոն։ Հանդես է գալիս կանադական Մոնրեալ ակումբում։
Ալիսոն Սթոք
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1989
Ձողացատկորդուհի

Եվս մեկ օրինակ, թե ինչպես առանձնապես չփայլելով մարզական ոլորտում, մարզիկը կարող է լինել մեգահանրաճանաչ․ Ալիսոնը պրոֆեսիոնալ ձողացատկորդուհի է, սակայն ԱՄՆ-ում նա առավել հայտնի է որպես ֆիտնես-մոդել և ինտերնետ-ֆենոմեն։
Ալիսա Շմիտդ
🇩🇪 Գերմանիա
Ծննդյան տարեթիվ՝ 1998
Վազորդուհի

Գերմանացի վազորդուհին Busted Coverage-ի կողմից ճանաչվել է 2019-ի աշխարհի ամենահմայիչ մարզուհի։ Նա արդեն վերցրել է Եվրոպայի արծաթը և այժմ երազում է դառնալ Տոկիո-2020-ի չեմպիոն։
Էլիսոն Ֆելիքս
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1984
Վազորդուհի

Իսկ ահա Ֆելիքսը ջերմացնում է շատերի սրտերը ոչ միայն աննման ժպիտով, այլ նաև իր մարզական հաջողություններով․ Աշխարհի 13-ակի չեմպիոն, համաշխարհային թեթև աթլետիկայի ռեկորդակիր՝ տիտղոսների քանակով, միակ կին սպորտսմենը, ով 6 ոսկե մեդալ ունի Օլիմպիական խաղերում․․․ պարզապես՝ Էլիսոն Ֆելիքս։
Սերենա Ուիլյամս
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1981
Թենիսիստուհի

2002 թվականի հուլիսի 8-ին Սերենա Ուիլյամսը դարձել է աշխարհի թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013թ փետրվարի 18-ին կրկին նվաճել է առաջին ռակետի տիտղոսը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։
Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը։Սերենա Ուիլյամսը նաև քառակի Օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։
Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։
Մարթա
🇧🇷 Բրազիլիա
Ծննդյան տարեթիվ՝ 1986
Ֆուտբոլիստուհի

2006-2010 թթ Մարթան անընդմեջ ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2004 և 2008 թվականի ամառային Օլիմպիադայում ստացել է արծաթե մեդալ։ 2007 թվականի կանանց աշխարհի առաջնությունում արժանացել է «Ոսկե գնդակ» և Ոսկե խաղակոշիկ մրցանակներին։ Նա բոլոր ժամանակների աշխարհի լավագույն կին ռմբարկուն է։
Անա Իվանովիչ
🇷🇸 Սերբիա
Ծննդյան տարեթիվ՝ 1987
Թենիսիստուհի

Թենիսի աշխարհի առաջին ռակետ (20082.) և «Մեծ սաղավարտի» չեմպիոն (Ռոլան Գարրոս-2008 թ.)։ 15 WTA մրցաշարերի հաղթող (մենախաղում), Ֆեդերացիայի (2012 թ.) և Հոփմանի (2013 թ.) գավաթի եզրափակչի մասնակից Սերբիայի ազգային հավաքականի կազմում և պարզապես գեղեցկուհի․․․
Սիմոնե Բայլս
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1997
Մարմնամարզուհի

Աշխարհի 19-ակի չեմպիոն, որը, ի դեպ, համաշխարհայի ռեկորդ է մարմնամարզությունում։ Բայլսը 3 անգամ արժանացել է «Ամերիկայի չեմպիոն» մրցանակին (2013, 2014 և 2015 թթ), դարձել է Աշխարհի չեմպիոն երկու անգամ «գետնային վարժություններ» մարզագործիքի վրա (2013, 2014) և մեկ անգամ «գերան» մարզագործիքի վրա (2014), իսկ 2014 թ. հավաքականի հետ արժանացել է ոսկե մեդալի Աշխարհի սպորտային մարմնամարզության առաջնությունում։
Ալեքս Մորգան
🇺🇸 ԱՄՆ
Ծննդյան տարեթիվ՝ 1989
Ֆուտբոլիստուհի

Ալեքսը վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստուհիներից մեկն է, նաև մանկական գրականության հայտնի հեղինակ։ Մորգանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի հաղթող, ընդգրկված է ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի կազմում։
Մարիա Շարապովա
🇷🇺 Ռուսաստան
Ծննդյան տարեթիվ՝ 1987
Թենիսիստուհի

Մարիա Շարապովան թենիսի պատմության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից մեկն՝ ըստ գովազդային վաստակած գումարների, Ռուսաստանի Սպորտի վաստակավոր վարպետ։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի հնգակի հաղթող։
WTA 38 մրցաշարերի հաղթող (35-ը մենախաղում)։
WTA Ամփոփիչ մրցաշարի հաղթող (2004) մենախաղում։
Ֆեդերացիայի գավաթի մրցաշարի հաղթող (2008) և եզրափակչի մասնակից (2015)։
2012 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր։
Մեծ Սաղավարտի պատանեկական երկու մրցաշարերի եզրափակչի մասնակից (Ավստրալիայի բաց առաջնություն, Ուիմբլդոն-2002) մենախաղում։
Թենիսի պատմության մեջ Ավստրալիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարի եզրափակչի ամենաերիտասարդ մասնակիցը (14 տարեկան 9 ամսական)։
Իր կարիերայի ընթացքում Մարիան ստացել է երկու տասնյակից ավել անհատական մրցանակներ։ «Grand Slam»-ի մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ ռուս թենիսիստուհին երկու շաբաթ առաջ հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
Եվգենիա Մեդվեդևա
🇷🇺 Ռուսաստան
Ծննդյան տարեթիվ՝ 1999
Գեղասահորդուհի

Ռուս գեղասահորդուհին, ով հանդես է գալիս կանանց մենասահքում, ունի հայկական արմատներ․Մեդվեդևայի հայրը՝ Արման Բաբասյանը, հայ գործարար է: Մայրը՝ Ժենյա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է: Եվգենիայի ազգանունը վերցված է մայրական տատի ազգանունից:
Մեդվեդևան 2016 և 2017թթ Աշխարհի առաջնության, 2016 և 2017թթ Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2015 և 2016թթ Գեղասահքի Գրան Պրիի եզրափակչի հաղթող, 2016թ Ռուսաստանի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ և համաշխարհային մի քանի ռեկորդների հեղինակ:
Մեր հերոսուհիներից կազմված ցանկը իրենից չի ներկայացնում թոփ, այլ կազմված է պատահական հերթականությամբ՝ սուբյեկտիվ կարծիքի հիման վրա։