Նախորդ անգամ մենք անդրադարձել էինք Նիդերլանդական Էրեդիվիզիի չորս ներկայացուցիչներին և այս անգամ շարունակում ենք Ձեզ ծանոթացնել այս առաջնության ամենահեռանկարային ներկայացուցիչների հաջորդ քառյակի հետ։
Ռենատո Տապիա
🇵🇪 Պերու
«Ֆեյենորդ»
24 տարեկան

Ժամանակին Ռենատոն համարվում էր Պերուի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ 7 տարի առաջ նա հայրենիքից տեղափոխվեց «Տվենտե», որտեղից էլ երկուսուկես տարի անց տեղափոխվեց «Ֆեյենորդ»։ 4 մրցաշրջանների ընթացքում, սակայն, նա այդպես էլ չկարողացավ տեղ գտնել հինական կազմում և նրան ուղարկեցին գործուղման «Վիլհեմ II»։ Այդ ակումբում նա բավականին լավ դրսևորեց իրեն և վերադառնալով «Ֆեյենորդ»՝ այս մրցաշրջանում նա արդեն պարբերաբար հայտնվում է մեկնարկային կազմում։ Ռենատոն ունիվերսալ է․ խաղում է հիմնականում հենակետայինի գոտում, հաճախ՝ նաև կենտրոնական պաշտպան, իսկ հարկ եղած դեպքում կարող է փակել նաև պաշտպանության եզրերը։ Նա այն ֆուտբոլիստներից է, ով չունենալով, մեղմ ասած, ակումբային հաջող կենսագրություն, շատ հաջող է հանդես գալի հավաքականում։ Նա Պերուի ազգային թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ընտրանու առաջատարներից մեկը, որի կազմում արդեն 53 հանդիպում է անցկացրել և 3 գոլ խփել։ Ռենատոն ընդամենը 24 տարեկան է, նրա մոտ դեռ ամեն ինչ առջևում է: Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ, այնպես որ, միգուցե տեղափոխվելով մեկ այլ թիմ՝ նա կկարողանա ֆուտբոլային աշխարհին ապացուցել, որ Ռենատո Ֆաբրիցիո Կորտիխո Տապիան բարձրակարգ ֆուտբոլիստ է։
Կեյտո Նակամուրա
🇯🇵 Ճապոնիա
«Տվենտե»
19 տարեկան

Նիդերլանդների այս մրցաշրջանի առաջնությունում բավականին հաջող են հանդես գալիս մի քանի ճապոնացի ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկն էլ մեր այսօրվա հերոսն է՝ 19-ամյա Նակամուրան։ Նա այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Տվենտե» իր հայրենիքը ներկայացնող «Գամբա Օսակա» ակումբից։ 16 խաղ, 4 գոլ․․․ վատ չէ երիտասարդ հարձակվողի համար, ով դեռ լիարժեք մրցաշրջան էլ չի անցկացրել Եվրոպայում։ Նրա ծառայություններով արդեն իսկ հետաքրքրված են ավելի ուժեղ ակումբներ, մասնավորապես՝ ՊՍՎ-ն։ Ի՞նչն է առանձնացնում Կեյտոին այլ հարձակվողներից․ բացի այն, որ նա ունի բավականին լավ տեխնիկա և աշխատասեր է, նա առանձնանում է նաև ֆուտբոլային ինտելեկտով և իր տարիքի համար բավականին հասուն խաղով։
Մայրոն Բոադու
🇳🇱 Նիդերլանդներ
«Աալկմար»
19 տարեկան

Ֆուտբոլիստ, ով արդեն հասցրել է նորամուտը նշել Նիդերլանդների ազգային հավաքականում և նույնիսկ գոլի հեղինակ դառնալ այդ խաղում։ Նա իր առաջին լիարժեք մրցաշրջանն է անցկացնում Էրեդիվիզիում և այս պահին խփած 13 գնդակներով առաջնության լավագույն ռմբարկուների շարքում է։ Նա շատ արդյունավետ և գրագետ խաղով իր մեծ ներդրումն ունի թիմի այս տարվա բավականին հաջող ելույթներում․ «ԱԶ Աալկմարը» պայքարում է «Այաքսի» հետ չեմպիոնության համար և զուգահեռ շարունակում է ելույթները Եվրոպա Լիգայում։ Արագաշարժ, խելացի, տեխնիկապես հագեցած այս ֆուտբոլիստին բավականին մեծ ապագա է սպասվում․․․
Դոնի վան դե Բեկ
🇳🇱 Նիդերլանդներ
«Այաքս»
22 տարեկան

«Այաքսի»՝ նախորդ մրցաշրջանի գլխավոր հերոսներից մեկը․․․ Այս մրցաշրջանը Դոնիի մոտ ևս շատ հաջող է առաջնության շրջանակներում՝ 20 հանդիպում, 8 գոլ։ Նախորդ ամառ թիմից հեռացավ երիտասարդ ավագը և առաջատարներից մեկը՝ դե Լիգտը, և այժմ հենց Դոնին էլ համարվում է թիմի խորհրդանիշը, առաջատարներից մեկը ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 2019-ին երիտասարդ ֆուտբոլիստը որոշեց չհեռանալ «Այաքսից»՝ չնայելով մի քանի գրանդ ակումբների կողմից առաջարկներին։ Սակայն այս ամառ արդեն, ամենայն հավանականությամբ, նա կլքի Ամստերդամը․ «Ռեալ», «Ինտեր», «Բավարիա» «ՄՅՈւ», «Չելսի» և ևս մի քանի թոփ ակումբներ դեմ չեն լինի իրենց կազմը համալրել տաղանդավոր, աշխատասեր այս ֆուտբոլիստով։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում