Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ազատ ոճում գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն պայքարեց բրոնզե մեդալի համար: Մրցակիցը ադրբեջանցի Ջամալադդին Մագոմեդովն էր: Հայաստանի ներկայացուցիչը 2-2 հաշվով պարտվեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակրին:
Լևանը եզրափակիչ սուլիչից 5 վայրկյան առաջ հաղթում էր, սակայն միավոր տվեց ու պարտվեց:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներն ընդհանուր առմամբ նվաճեցին 4 մեդալ՝ 2 ոսկե ու 2 բրոնզե, իսկ ազատ ոճայինները հայրենիք կվերադառնան 1 բրոնզե մեդալով:
Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային չէր, բայց առջևում կա օլիմպիական վարկանիշային 2 մրցաշար՝ Բուդապեշտում ու Սոֆիայում: Հայաստանն այս պահին ունի օլիմպիական 2 ուղեգիր. երկուսն էլ հունահռոմեական ոճում՝ 77 և 97 կգ քաշային կարգերում: