Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման 56-րդ րոպե․ դորտմունդյան թիմը պարտվում էր 1։3 հաշվով և Ֆավրը որոշում է խաղադաշտ դուրս բերել «երիտասարդ վիկինգին»․․․ 3 րոպե անց բոլորը ականատես դարձան նրա բենեֆիսին․․․
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մրցաշրջանի գլխավոր հայտնությունը դարձած Էրլինգ Հոլանդին:
Էրլինգը ընդամենը 19 տարեկան է, ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիան» և Նորվեգիայի ազգային ընտրանին: Ծնվել է նա Լիդսում՝ Մեծ Բրիտանիայում… Զարմացա՞ք… Այժմ բացատրենք. Էրլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Ալֆա Ինգե Հոլանդի որդին է: Երբ ծնվեց այսօրվա մեր հերոսը, նրա հայրը կարիերայի վերջին տարիներն էր անցկացնում «Լիդսում»:
Էրլինգի կարիերան կարելի է համարել դասական օրինակ, թե ինչպես ֆուտբոլային ետնախորշերից կարելի է հայտնվել եվրոպական թոփ-ֆուտբոլում, դառնալ ամենաքննարկվող ու Հին աշխարհի գրանդների ամենացանկալի ֆուտբոլիստ:
Հոլանդը իր կարիերան սկսել է նորվեգական համեստ «Բրյունե» ակումբում՝ դեռևս 15 տարեկանում: 2017թ. փետրվարին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ: Մեկ տարի անց, 2018թ. օգոստոսի 19-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգը» հայտարարեց, որ Հոլանդը 2019թ. հունվարի 1-ից կդառնա ավստրիական ակումբի խաղացող՝ նրա հետ ստորագրելով 5 տարվա պայմանագիր:
2019թ. մայիսի 30-ին խփել է ինը գնդակ (մեկը՝ 11 մետրանոցից) Հոնդուրասի դարպասը աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակներում: Դա առաջին անգամ էր, երբ ֆուտբոլասերները միջազգային մամուլում լսեցին նրա մասին
Նույնիսկ «Զենիթը» սկսեց հետաքրքրություն ցուցաբերել նոր տաղանդի նկատմամբ: Բայց դա միայն սկիզբն էր… Քչերն էին պատկերացնում, որ ֆուտբոլային երկնակամարում շուտով կսկսի փայլել նոր աստղ…
2019թ. օգոստոսի 10-ին ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Ավստրիայի առաջնությունում՝ «ՎոլՖսբերգի» դեմ խաղում (5:2): Սեպտեմբերի 14-ին առաջնությունում ձևակերպեց ևս մեկ հեթ-տրիկ՝ խոցելով «Հարթբերգի» դարպասը (7:2): 2019թ. սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Գենկի» դեմ դիմակայության առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ (6:2): Հոլանդը պատմության մեջ դարձել է իններորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների Լիգայի դեբյուտային խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ:

Եվ այդ օրվանից ամբողջ աշխարհը սկսեց խոսել «երիտասարդ վիկինգի» մասին…
✅ Ովքե՞ր էին հետաքրքված ֆուտբոլիստի ծառայություններով
Լավ հարց էր… Բոլորը…
Իսկ եթե կոնկրետ, ապա նորվեգացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Լիվերպուլը», «Մանչեսթր Յունայթեդը», «Միլանը» և «Յուվենթուսը»:
«Յուվեն» արդեն իսկ պատրաստ էր մոտ 40 մլն եվրո վճարել «երիտասարդ վիկինգի» համար, սակայն «Զալցբուրգը» երիտասարդ հարձակվողի տրանսֆերի դիմաց ցանկանում էր վաստակել 100 միլիոն եվրո, տեղեկացնում է Tuttosport-ը: Անձամբ Մինո Ռայոլան պետք է զբաղվեր հնարավոր տրանսֆերով, սակայն, բոլորդ արդեն գիտեք, թե ինչ եղավ, բայց այդ մասին մի փոքր ուշ:

Բարձրահասակ հարձակվողը իր կարիերան սկսել է «Մյոլդեում», որը գլխավորում էր Սուլշերը: Ակնարկը հասկացաք, երևի… Սուլշերը, ով մարզում է այժմ ՄՅՈւ-ն, շատ լավ է ճանաչում Հոլանդին, և մանչեսթրյան ակումբի ղեկավարությունը ակնկալում էր դա օգտագործել՝ հարձակվողին համոզելու համար, որպեսզի նա տեղափոխվի մառախլապատ Ալբիոն:
Բայց արդյունքում ՄՅՈւ-ն դուրս եկավ բանացությունների սեղանից այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի գործակալն ու նրա հայրը ներկայացրին իրենց ֆինանսական սեփական պահանջները: Նրանք լրացուցիչ բոնուսներ, ինչպես նաև ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից որոշակի մասնաբաժին են ցանկացել ստանալ, ինչը ՄՅՈւ-ի ղեկավարությանը ձեռք չի տվել: Այս մասին հայտնում է Express Sport-ը:
«ՌԲ Լայպցիգի» տնօրեն Օլիվեր Մինցլաֆը նշել է, որ գերմանական ակումբը հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդով ․«Այո, մենք հանդիպել ենք Հոլանդին: Մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով: Հոլանդի հետ հանդիպումը բավական լավ անցավ: Միակ խնդիրը՝ գումարն է: Մեր ակումբն ունի ֆինանսական սահմանափակումներ: Դժվար կլինի նրան ձեռք բերելը: Ցավոք, մենք չենք կարող Էրլինգին առաջարկել այնպիսի գումարներ, որը կարող են վճարել թոփ ակումբները»,- անկեղծացել է Մինցլաֆը:
Լիվերպուլը ևս վատ քաղաք չէ ապրելու համար… Տեղի համանուն թիմն էլ ներկայումս ավելի բարձր դիրքերում է, քան մանչեսթրյան ակումբը: Եվ ամենակարևորը՝ Կլոպ: «Լիվերպուլի» մարզիչը հիանալի է աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ, որի մասին մենք մանրամասն արդեն անդրադարձել ենք «Ինչո՞ւ է Լիվերպուլը այդքան լավը» նյութում, և, անկասկած, Հոլանդը պետք է որ լեզու գտներ գերմանացի մասնագետի հետ:
Սակայն․․․
✅ Դորտմունդի «Բորուսիա»
Դեկտեմբերի 29, 2019 թ․․․ Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության մասին: 19-ամյա նորվեգացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մինո Ռայոլան՝ հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, 15 մլն եվրո կստանա ֆուտբոլիստի՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության համար: Գերմանական ակումբը հարձակվողի համար ընդհանուր առմանբ 45 մլն եվրո կվճարի. 20 մլն եվրո կստանա ավստրիական ակումբը, և ևս 10 մլն եվրո՝ նորվեգացի ֆուտբոլիստի հայրը:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը խոսել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի տրանսֆերի մասին. «Հոլանդը շատ բաց մարդ է ու նրա համար թիմին ադապտացվելը շատ հեշտ կլինի: Հիմա նրա գլխավոր խնդիրը մարզավիճակ հավաքելն է: Նա թիմին կհաղորդի նոր թարմություն: Կարծում եմ՝ Լևանդովսկիից հետո «Բորուսիան» նման կարգի հարձակվող չի ունեցել: Մենք պետք է կարողանանք նրա ուժեղ կողմերն օգտագործել»:
«Զալցբուրգի» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված էր 19-ամյա հարձակվողի ծառայություններով, սակայն նորվեգացին նախընտրեց գերմանական ակումբը:
«Ես պարզապես զգացի, որ ես և «Բորուսիան» համապատասխանում ենք միմյանց»,- մեջբերում է նորվեգացի հարձակվողին Goal-ը:
«Նրանք պարզ ասացին ինձ. «Հարձակման գծում մեզ պետք ես հենց դու, մեզ դուր է գալիս քո խաղաոճը և ուզում ենք, որ դուք այստեղ լինես»: Ինձ դուր եկավ, թե ինչպես էին նրանք ինձ հետ խոսում, և դա այն էր, ինչն ինձ դրդեց պայմանագիր կնքել հենց «Բորուսիայի» հետ»
✅ ՀՈԼԱՆԴՏԱՍՏԻԿ նորամուտը
18․01․2020․․․ Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղում խելահեղ պայքար ծավալվեց: Խաղի 56-րդ րոպեի դրությամբ հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման մտավ թիմի պատանի տաղանդ Էրլինգ Հոլանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում: 3 րոպե անց նա կրճատեց հաշվի տարբերությունը: Հոլանդի գոլից դեռ ուշքի չէին եկել տանտերերը, երբ Սանչոն հավասարեցրեց հաշիվը՝ 3:3: Ոգևորված ձեռք բերածում հյուրերը նետվեցին առաջ ու խփեցին նաև 4-րդ ու 5-րդ գնդակները: ՖԱՆՏԱՍՏԻԿ խաղ ցուցադրեց Էրլինգ Հոլանդը՝ ձևակերպելով հեթ-տրիկ:
«Սա դեռ սկիզբն է: Այո, ես երեք գոլի հեղինակ դարձա, բայց կարող եք վստահ լինել՝ մեզ նոր արկածներ են սպասվում:Բավական բարդ հանդիպում էր: Մենք պարտվում էինք, սակայն, կարողացանք բեկել խաղի ընթացքը և հաղթանակ տոնել:
«Բորուսիայի» երկրպագուները պարզապես ֆենոմենալ են: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նրանց երջանկացնելու»,-հայտարարել է գերմանական ակումբի հարձակվողը:
Ամեն ինչ «երիտասարդ վիկինգի» մոտ ընթանում է ինչպես հեքիաթում, սակայն այդ հեքիաթն էլ իրականություն չէր դառնա, եթե չլինեին ֆուտբոլիստի մեծագույն տաղանդն ու ցանկությունը՝ այդ տաղանդը կատարելագործելու։ Իսկ մենք եկեք շարունակենք հետևել Հոլանդի նավարկությանը ֆուտբոլային օվկիանոսում․․․
Վար Բաբայան