Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին» (3:2):
Հանդիպման մեկնարկում կոպիտ սխալ թույլ տվեց Ջանլուիջի Դոնարուման և Յենս Լարսենը գրավեց «Միլանի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում միլանյան ակումբը ճնշում գործադրեց «Ուդինեզեի» դարպասին և դա տվեց իր արդյունքը: 48-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Անտե Ռեբիչը, ով եզրափակեց Կոնտիի եզրային փոխանցումը:
71-րոպեին Տեո Էրնանդեսը հեռահար շքեղ հարվածով խփեց տանտերերի երկրորդ գնդակը:
Հանդիպման վերջնամասում Քեվին Լազանյան հավասարեցրեց հաշիվը, և թվաց՝ «Միլանը» բաց կթողնի հաղթանակը:
Սակայն, Անտե Ռեբիչը վերջին վայրկյաններին խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այսպիսով, «Միլանը» վաստակեց 28 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: