Կատալոնիայում շարունակում են քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար` Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա»-«Ռեալ» խաղին ընդառաջ:
Lasexta-ն հայտնում է, որ խաղից առաջ «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստները կգտնվեն միևնույն հյուրանոցում: Ընդ որում, «Սոֆիա» հյուրանոցից երկու թիմերը «Կամպ Նոու» կուղևորվեն միաժամանակ` երկու ավտոբուսով:
Ավտոբուսների անվտանգությունը կվերահսկի միանգամից 12 մեքենա: Անվտանգության ուժեղացումը կապված է Կատալոնիայի անկախացման կողմնակիցների ցույցերի հետ, որոնք նախատեսված են հենց «կլասիկոյի» օրը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը նշանակված էր հոկտեմբերի 26-ին: Սակայն ավելի ուշ այն հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 18-ին: Խաղի մեկնարկը 00:00-ին է: