Ամենադիտարժան ու մասսայական մարզաձևերից մեկի` ֆուտբոլի սիրահարներն այսօր`դեկտեմբերի 10-ին,նշում են ֆուտբոլի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի կողմից:
Գնդակով խաղի մասին առաջին հիշատակումները վերաբերում են մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակին: Ժամանակակից ֆուտբոլին ամենամոտ տարբերակը խաղացել են չինացի զինվորները`լավ ֆիզիկական վիճակը պահպանելու համար: Այն կոչվում էր ցուզյու:
Այս խաղը ֆուտբոլ են անվանել Մեծ Բրիտանիայում միայն 19-րդ դարի երկրորդ կեսում: 1847 թվականին այնտեղ ընդունվել են ֆուտբոլ խաղի առաջին կանոնները: Այն նախատեսված էր հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող խաղացողների համար: Մինչ այդ յուրաքանչյուր մարզական թիմ իր կանոններն ուներ, ինչը թյուրիմացությունների պատճառ էր դառնում: Եվ միայն 1863 թվականին սահմանվեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կանոնադրությունը: Այդ ժամանակ սահմանվեցին դարպասի ու դաշտի չափսերը: Իսկ ահա դարպասի ցանցը հայտնվել է միայն 1891 թվականին` Անգլիայի հյուսիսային և հարավային թիմերի հավաքականների միջև խաղի ժամանակ: Այդ ժամանակ էլ ընդունվել է 11-մետրանոցի կանոնը:
Խաղը, որը 19-րդ դարի վերջերին արդեն մեծ մասսայականություն էր վայելում, ի սկզբանե սիրողական սպորտ էր համարվում:
2017 թվականի հուլիսին ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրեց մի ծրագիր, համաձայն որի մինչև 2026 թվականը մոլորակի բնակչության 60%-ը կհետաքրքրվի ֆուտբոլով: Այս մարզաձևի զարգացման համար ՖԻՖԱ-ն մտադիր է 4 մլրդ դոլար ներդնել: