Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Իտալիայում անցկացրած ժամանակի մասին և կարծիք է հայտնել իր թիմակից Նիկոլո Ձանիոլոյի մասին, տեղեկացնում է Fourfourtwo-ն:
«Ես ինձ լավ եմ զգում Հռոմում։ Այս քաղաքը հրաշալի պատմություն ունի։ Իտալացիների և հայերի մեջ շատ նմանություններ կան։ Երկուսն էլ բավական տաքարյուն են։
Ես ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացրի: Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ է, եղանակը՝ ավելի մեղմ:
Երբ չեմ մարզվում, սիրում եմ ոտքով շրջել քաղաքում, այցելել փոքրիկ և հարմարավետ սրճարաններ:
Իմ գործակալը՝ Մինո Ռայոլան, «Ռոմա» տեղափոխության մասին ինձ հայտնեց սեպտեմբերի 1-ին, և ես համաձայնվեցի, քանի որ չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ։ Վստահ եմ, որ սա ճիշտ որոշում էր:
Իտալիայում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան: Իտալացիները ֆուտբոլային մեծ ավանդույթներ ունեն: Եթե խոսենք «Ռոմայի» մասին, ապա ինձ անչափ դուր է գալիս Նիկոլո Ձանիոլոյի խաղը: Նա ֆանտաստիկ տեխնիկա ունի և կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի աստղերից մեկը:
Նա ճանաչվել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, բայց դա վերջը չէ»: