«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է իր թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի առողջական վիճակը, որն Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղից հետո տեղափոխվել էր հիվանդանոց (1:1):
«Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել: Բժիշկները կորոշեն՝ արդյոք նա գիշերն այնտե՞ղ կմնա: Նրա գիտակցությունը տեղում է, հստակ պատասխանում է հարցերին: Կարծում եմ՝ Իգուայինը մնացած թիմի հետ կվերադառնա Թուրին»,- Սարիի խոսքերն է փոխանցում Sport Italia-ն:
Հիշեցնենք՝ «Լեչեի» հետ խաղում Իգուայինը տանտերերի դարպասապահ Գաբրիելի հետ բախումից հետո հարված ստացավ գլխին:
Բժշկական օգնությունը ստանալուց հետո արգենտինացին վերադարձավ խաղադաշտ ու ավարտին հասցրեց խաղը, սակայն հանդիպման ավարտից հետո նա տեղափոխվեց հիվանդանոց՝ բուժզննում անցնելու համար: