Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո ArmSport.am-ը շարունակում է ամփոփել թիմերի ելույթները:
7-րդ անդրադարձ, 7-րդ հորիզոնական. «Փյունիկ»:
«Փյունիկ». 15 հանդիպում, 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 7 պարտություն
«Փյունիկը» միանշանակ «իր տեղում» չէ: Ունենալով առաջադեմ ղեկավար կազմ, Հայաստանի ֆուտբոլի համար բարենպաստ բյուջե, թիմի ելույթները դեռևս, մեղմ ասած, ուրախալի չեն: Նախորդ առաջնության փոխչեմպիոնը ճիշտ քաղաքականություն է ընտրել, սակայն արդյունքների տեսանկյունից առաջընթացը դեռևս նկատելի չէ:
«Փյունիկը» ԲԽ-ի ընթացիկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած թիմն է` 31: Այս արդյունքով մոտակա հետապնդողից թիմն առաջ է։
Տարխանովն ու Չախալյանը
Ռուս անվանի մարզիչ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ «Փյունիկի» մոտ իրապես ոչինչ չստացվեց: «Փյունիկի» խաղերի վրա Տարխանովը ազդել չէր կարողանում, ինչի պատճառով թիմը տեղ չզբաղեցրեց աղյուսակի բարձունքում:

Տարխանովն այժմ զբաղեցնում է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնակատարը նրա օգնական Սուրեն Չախալյանն է: Հայ մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» 2 անընդմեջ հաղթանակ տարավ և 1 ոչ-ոքի գրանցեց:
Ըստ ամենայնի` Չախալյանը կմնա երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Կազմը
«Փյունիկի» կազմը բավականին «բազմաժանր» է: Կա հայ ֆուտբոլիստների և լեգիոներների կայուն «համակեցություն»: Երիտասարդացման գործոնին նույնպես ուշադրություն է դարձվում:
Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը «Սոչի» «Փյունիկի» կազմի վրա էական անդրադարձ կունենա: Էրիկը զարգացնում էր առաջատարի որակները և աչքի էր ընկնում արդյունավետությամբ:
Արտակ Եդիգարյանը, Արմեն Մանուչարյանը, Արտյոմ Սիմոնյանը, Սերոբ Գրիգորյանը կայուն խաղաժամանակ են ստանում և թիմի «տոն տվող» ֆուտբոլիստներից են: Ալիկ Առաքելյանի, Արթուր Քարտաշյանի` խաղաժամանակ ստանալը նույնպես կարևոր է. այս ֆուտբոլիստներից սպասումները մեծ են:
Թիմի երիտասարդացման գործընթացը մեծ կարևորություն ունի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար: Եթե Սևակ Ասլանյանը, Գրենիկ Պետրոսյանը շատ խաղաժամանակ ստանան, երիտասարդական հավաքականի համար պարզապես հիանալի կլինի:
Լեգիոներներից Ուգոչուկվու Իվուն, Անդրիա Դրագոևիչը, Սալոմոն Նիրիսարիկե, Մաքսիմ Ժեստոկովը, Դենիս Մահմուդովը, Անտոնիո Ստանկովը մաս են կազմում «Փյունիկի» կորիզի:

Այս ընթացքում «Փյունիկից» հեռացել են 6 ֆուտբոլիստներ` Հովհաննես Իլանգյոզյանը, Հովհաննես Պողոսյանը, Եվգենի Կոբոզևը, Ստանիսլավ Եֆիմովը, Մարկո Բուրզանովիչը և Դմիտրի Սիչյովը. վերջինս այդպես էլ հանդիպում չանցկացրեց հայկական թիմի կազմում:
Հայաստանի Գավաթ
«Փյունիկը» չի շարունակում պայքարը Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկությունում: 1/8 եզրափակչում «Փյունիկը» և «Ուրարտուն» 120 րոպե գոլ չխփեցին, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Ուրարտուի» ֆուտբոլիստները:

Որոշիչ 3 հանդիպումները
Առաջնության հիմնական փուլում վեցնյակում տեղ չզբաղեցնելը իսկական տապալում և ողբերգություն կլինի «Փյունիկի» համար:
Փետրվարի վերջից մարտ` հիմնական փուլի ավարտին «Փյունիկի» մրցակիցներն են «Գանձաար-Կապանը», «Նոան» և «Արարատ-Արմենիան». իհարկե բարդ մրցակիցներ, որոնց հետ «պատերազմները» որոշիչ են լինելու:
«Փյունիկը», անխոս, մեծ պոտենցիալով ակումբ է: Ընթացիկ և առաջիկա ծրագրերը կարող են ծառայել ի նպաստ հայկական ֆուտբոլի: Մնում է աշխատանքները ճիշտ հուն մտցնել, որպեսզի արդյունքները նույնպես գոհացնող լինեն: Ակումբի մանկապատանեկան դպրոցը նույնպես էական նշանակություն ունի հայրենական ֆուտբոլի համար:
Շարքի նախորդ մասերը
«Լոռի»
«Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Շիրակ»
«Նոա»
Արման Առաքելյան