«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ԱՊԼ 1-ին տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղից հետո (1-0) խոսել է հանդիպման մասին։
«Խաղալ իմացող ֆուտբոլիստներին երկար ժամանակ պետք չէ ադապտացվելու համար։ Խամեսը գիտի, թե ինչ պիտի անի, նույնը նաև՝ Ալանն ու Դուկուրեն։
Ես նրանց ուղղակի ասել էի, որ ցույց տան իրենց մակարդակը, նրանք հենց դա էլ արեցին։ Նախորդ մրցաշրջանում խաղացողներ ունեինք, որոնք լավ էին տիրում գնդակին, բայց խաղալ պետք է նաև առանց գնդակի։
Խամեսն աշխարհի ամենաարագ խաղացողը չէ, բայց շատ որակյալ է։ Պետք է նրան այնպես օգտագործենք, որ կարողանա դրսևորել իրեն։ Նա վինգեր չէ, բայց Խամեսը կարող է խորքից խաղալ ու գնդակ ստանալ։ Նա շատ վտանգավոր է։
Ինձ չի անհանգստացնում ֆիզիկական վիճակը։ Եթե դա ինձ հուզեր, Ուսեյն Բոլտին ձեռք կբերեի, ոչ թե Խամեսին»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում Goal-ը։