Անգլիական «Ուիգանը» շատ դժվար ժամանակներ է ապրում: Այս ամառ ակումբը հայտնվեց արտաքին վերահսկողության տակ (սնանկության պատճառով), կորցրեց 12 միավոր և դուրս մնաց Չեմպիոնշիփից:
Ակումբը, որը 2013 թվականին Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթել էր «Ման Սիթիին», այժմ հուսահատորեն փնտրում է նոր սեփականատերեր՝ իրավիճակը շտկելու համար: Երկրպագուները զուգահեռ նախաձեռնել էին դրամահավաք՝ ակումբին փրկելու համար: Այժմ նրանք արդեն հավաքել են 663 հազար ֆունտ:
Նախաձեռնությանը միացել են ակումբի նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչները՝ Ռոբերտո Մարտինեսը, Ռեյ Ջեյմսը, Ջեյմս Մաքքլեյնը: Վիկտոր Մոզեսը, ով մինչ «Չելսի» տեղափոխվելը (2010-2012) խաղացել էր «Ուիգանում», նույնպես կողմ չի մնացել: Ֆուտբոլիստը 20 հազար ֆունտ է նվիրաբերել նախկին ակումբին:
Եվ նա դա արել է անանուն: Երկրպագուներն իրենք են բացահայտել Մոզեսի ինքնությունը: «Երբ Վիկտորը կապվեց՝ ասելու, որ ցանկանում է նվիրել այդքան մեծ գումար, ես պարզապես չէի հավատում իմ լսածին: Դա այնքան անհավանական ժեստ էր: Վիկտորը ցանկանում էր անանուն մնալ, բայց մենք պարզապես պետք է համոզվեինք, որ նա կստանա իր արժանի ճանաչումը», — ասել է երկրպագուների ասոցիացիայի նախագահ Քերոլայն Մոլինեքսը:
Ակումբը ևս իր շնորհակալությունն է հայտնել Մոզեսին։
💙 Thank you, @VictorMoses 🙏
Victor has pledged a significant donation to Save Our Club!https://t.co/tgNlBA0uoY#wafc #ChelseaFC #forzainter pic.twitter.com/TZy7O7PpTt
— Wigan Athletic SC (@WiganAthSC) September 9, 2020