«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստ Ջորջինո Վեյնալդումն Էստոնիայի հետ խաղում առաջին անգամ դաշտ դուրս եկավ ավագի թևկապով ու հեթ-տրիկ ձևակերպեց:
Խմբային փուլի վերջին տուրում հոլանդացիները 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան:
Բայց երեկոյի ամենագեղեցիկ իրադարձությունը կապված չէ հաշվի հետ: Առաջին գոլից հետո Վեյնալդումը հանդես եկավ կարևոր ուղերձով. Ֆրենկի դե Յոնգի հետ նա մոտեցավ տրիբունաներին ու ցույց տվեց իրենց ձեռքերի մաշկի գույնը:

Սա ակցիա էր ընդդեմ ռասիզմի:
Ջորջինոյին և առհասարակ ամբողջ հոլանդական ֆուտբոլին բարկացրել էր նոյեմբերի 17-ին հոլանդական երկրորդ դիվիզիոնի` «Դեն Բոսխի» և «Էկսելսիորի» միջև խաղում տեղի ունեցած միջադեպը: «Դեն Բոսխի» երկրպագուները մրցակցի ֆուտբոլիստ Ահմադ Մորեյրային «նեգր» և «բամբակ հավաքող» էին անվանել: Ի պատասխան` ֆուտբոլիստը հեռացել էր դաշտից, իսկ հետո մրցավարը դադարեցրել էր խաղը:

Երբ խաղը վերսկսվել էր, Մորեյրան վերադարձել էր խաղադաշտ ու գոլ խփել` գեղեցիկ կերպով պատասխանելով վիրավորանքներին:

Խաղից հետո «Դեն Բոսխը» ժխտել էր տրիբունաներում ռասիզմի առկայությունը, բայց ավելի ուշ վերանայել էր իր դիրքորոշումն ու պաշտոնապես ներողություն խնդրել:
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ մարզումներից մեկի ժամանակ փոքրիկ ակցիա էին իրականացրել. նրանք շրջան էին կազմել ու ցույց տվել ձեռքի մաշկը: Լուսանկարը հրապարակվել էր «Բավական է, նշանակում է` բավական է #StopRacism» մեկնաբանությամբ:

«Էկսելսիորը» ներկայացնում է Ռոտերդամը` Վեյնալդումի հարազատ քաղաքը: Այդ իսկ պատճատով Ջորջինյոն որոշել է չլռել ու խաղից առաջ հանդես է եկել հայտարարությամբ.
«Դա իսկապես զայրացրեց ինձ: Չէի սպասում, որ Հոլանդիայում նման բան տեղի կունենա: Չեմ կարողանում հավատալ: Ցավոք, դա իսկապես տեղի է ունեցել, և այն, թե ինչպես էին մարդիկ խոսում այդ իրավիճակի մասին, ինձ վիրավորեց:
Դա ամբողջ հասարակության խնդիրն է: Մենք` ֆուտբոլիստներս, դժվար թե կարողանանք որևէ բան փոխել: Բայց կարծում եմ` ֆուտբոլիստները պետք է աջակցեն իրար: Հուսով եմ` խիստ պատժամիջոցներ կկիրառվեն: Նման բաները չպետք է կրկնվեն: Դա ոչ միայն ռասիզմ էր «Էկսելսիորի» երկրպագուի կողմից, ես դաշտում նաև նացիստական ողջույն տեսա տրիբունայում: Դա անհարգալից է»,- ասել է Վեյնալդումը: