Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է «Սոչիի» հետ ոչ-ոքիով: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացել է մոսկովյան թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սոբոլյևը: 10-րդ րոպեին Ջորդան Լարսոնը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Առաջին կեսի ընթացքում, սակայն, «Սոչին» կարողացել է մեկ գնդակ ետ բերել. հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել տանտերերի դարպասին, որն անվրեպ է իրացրել հարձակվող Դմիտրի Պոլոզը:
88-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել «Սպարտակի» դարպասին. «Սոչիի» երկրորդ 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Քրիստիան Նոբոան:
Խաղային օրվա մյուս հանդիպումներում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուֆայի» դարպասը, իսկ «Արսենալն» ու «Ախմատը» գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել: