«Յուվենտուսը» չի հեռացնում գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխհատուցման բարձր գումարի պատճառով, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա իտալացու աշխատավարձը թուրինյան ակումբում կազմում է տարեկան 9 միլիոն եվրո։ Միաժամանակ, մարզչի պայմանագիրը բյանկոներիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հետևաբար, Ալեգրիին հեռացնելու դեպքում մարզչի և մարզչական շտաբին թուրինյան ակումբը կվճարի մոտ 30 մլն եվրո։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը կարող է փոփոխություններ կատարել Ալեգրիի մարզչական շտաբի կազմում։ Խոսքն առաջին հերթին խաղացողների ֆիզիկական պատրաստվածության համար պատասխանատու մարզիչների մասին է։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի մեկնարկի երկու խաղում էլ թիմը պարտվել է ՊՍԺ-ին (1:2) և «Բենֆիկային» (1:2): Ա Սերիայում թիմը 6 տուրից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը։