Ուզում եմ նախապես զգուշացնել, որ այսօր խոսելու ենք երկրաչափական մի հակասության մասին:
Շրջան.
Սա պատմություն է անիմաստ շրջանաձև երկրագնդի մասին, որը ինքն էլ չգիտի, թե ինչու է պտտվում նույնքան անիմաստ և շրջանաձև արեգակի շուրջ, որն էլ իր հերթին տեղյակ չէ, թե ինչու է անընդհատ լուսարձակում:
Պատմություն է շրջանաձև փորի մասին, որը շատ լավ գիտի, թե ինչու է իր մեջ ապրում մի շրջանաձև էակ, ով րոպեներ անց կծնվի և իր նույնքան շրջանաձև աչուկներով կնայի սենյակում գտնվող այլ շրջանաձև առարկաներին:
Շրջանը ՝ ազատության, անվերջության և հաղթանակի խորհրդանիշն է:
Ի՞նչ են ստանում մարզիկները Օլիմպիական չեմպիոն դառնալիս:
Ճիշտ եք ՝ մեդալ, որը նույնքան շրջանաձև է, որքան օլիմպիական խորհրդանիշ համարվող օղակներից յուրաքանչյուրը:

Քառակուսի
Բացի այդ, սա պատմություն է կորի մասին, որը ուղղվում և վերածվում է սուր անկյան: Այն ջարդում է շրջանը և վերածվում քառակուսու:
Ինչպես և շրջանը, քառակուսին նույնպես ամենուրեք հետևում է մեզ:
Քառակուսի գրասենյակներ, որտեղ աշխատելը նույնքան քառակուսի է: Քառակուսի ակնոց, որը չի համապատասխանում քո շրջանաձև դեմքին, բայց ստիպված կրում ես, քանի որ քառակուսի մտածելակերպ ունեցող ընկերուհիդ վստահ է, որ այն քեզ սազում է:
Եվ հենց այստեղ հանդիպում ենք մեր ոչինչ չասող պատմության առաջին հակասությանը: Նույնիսկ ամենամեծ թերահավատը չի կարող կասկածել դրա արժանահավատությանը:
Բանն այն է, որ քառակուսին երբեք չի տեղավորվի շրջանի մեջ և հակառակը: Ինքներդ կարող եք փորձել:
Շրջանն ու քառակուսին, որոնք խորհրդանշում են հաղթանակն ու պարտությունը, միշտ էլ զուգընթաց են քայլել:

Մենք միշտ նկատում ենք հաղթողներին և նրանց շրջանաձև մեդալները և ընդմիշտ մոռանում ենք պարտվողներին՝ նրանց թողնելով իրենց տխրության քառակուսու մեջ:
Սա 5 տղամարդկանց պատմություն է, ովքեր միավորվեցին ՝ սեփական քառակուսու դեմ պայքարելու և հաղթանակի շրջանին հասնելու համար:
Քառակուսի N 1
Բրայան Ժուբեր. 52-ամյա այս տղամարդը իսկական պրոֆեսիոնալ է: Նա արդեն 11 տարվա գործազուրկ է և ինչպես հարիր է պրոֆեսիոնալին, գործազրկությանը նվիրում է իր ողջ ժամանակը: Միգուցե, բացի գիշերային ժամերից:
Ահա այստեղ պետք է ծանոթանանք նրա կնոջ ՝ Ագաթի հետ: «Բալզակյան տարիքը» վաղուց շրջանցած այս կինն իր ամուսնու քրտնաջան աշխատանքին ականատես է լինում հենց գիշերվա ընթացքում. ինչպե՞ս

8-ժամյա անդադար խռմփոց, որը քնից հանում է ոչ միայն նրանց, ովքեր քնած էին, այլ նաև նրանց, ովքեր այլևս չէին էլ պատրաստվում զարթնել:
Այս շքեղ տեսարանը մեզ հուշում է, որ Բրայան Ժուբերի կյանքում հաղթանակներն ու մեդալներն այնքան էլ շատ չեն:
Քառակուսի N 2
Լուկա Էստրեբա. 55-ամյա այս տղամարդու մոտ լիովին հակառակ իրավիճակն է: Նա ունի աշխատանք, սակայն, չունի կին: Հիմա կասեք ՝ հրաշալի տարբերակ է, կյանքը ստացված է: Ցավոք, կա մի խնդիր:
Փչվող լողավազանների վաճառքով զբաղվող նրա խանութն արդեն մի քանի տարի շահույթ չի բերում Էստրեբային: Սա էլ դեռ բավական չէր, նրա միակ աշխատակիցը ՝ Բենուան, աշխատավայր է գալիս կես ժամ ուշ ՝ հեռանալով 45 րոպե շուտ:

Լուկան, որպես իսկական գործատու, դեմ չէր լինի նախատել իր անբարեխիղճ աշխատակցին, սակայն, Բենուան իր նախկին կնոջ ՝ Սեսիլի եղբայրն է:
Այս երկուսը պայմանավորվել են, որ Լուկան չի վճարում ամուսնալուծման ալիմենտները, դրա փոխարեն աշխատանքի է վերցնում իր նախկին կնոջ եղբորը:
Պարզեցինք, որ Լուկան էլ դեռ հեռու էր հաղթական շրջանից:
Քառակուսի N 3/4
Բրյուդո եղբայրներ. Այս երկվորյակ եղբայրները դեռ մանկուց անբաժան էին: Սիրահարվում և ամուսնության առաջարկ էին անում նույն աղջկան, ապա միասին նրան զիջում ավելի հաջողակ տղայի:
Ուտում էին նույն սպագետին, ապա խմում նույն գարեջուրը: Ինչպես դժվար չէր պատկերացնել, աշխատում էին նույն լողավազանում ՝ հսկիչ-դիտորդի կարևոր պաշտոնում:

Նրանք շատ բան չէին պահանջում ճակատագրից և ապրում էին, քանի որ այդպես էր ստացվել:
Այս ամաչկոտ տղամարդիկ նույնպես ժայռեր չէին գլորել իրենց կյանքի ընթացքում:
Քառակուսի N 5
Մեր վերջին հերոսը ՝ Մոմոն: Այս 47-ամյա տղամարդը Բուլոն նահանգի ռոք աստղերից էր: Նրա փառքն ու հաջողությունը հասնում էր մինչև Փարիզ, բայց դա տեղի էր ունենում 20 տարի առաջ:
Այժմ, Մոմոն թափառական մի երաժիշտ է, ով զարդարում է Բուլոն քաղաքի մայթերն ու փողոցները:

4 կանանցից ծնված նրա 7 երեխաները վստահ էին, որ իրենց հայրը օդաչու է և արդեն 30 տարի անդադար սավառնում է երկնքում, ինչի պատճառով չի այցելում իր զավակներին:
Հստակ էր, որ Մոմոն վաղուց էր նվագել իր կյանքի լավագույն կատարումը:
Այս անհաջողակ տղամարդկանց միավորում էր լողավազանի հանդեպ սերը: Նրանք ամեն շաբաթ հավաքվում էին այնտեղ, որպեսզի իրենց խնդիրները խորտակեն լողավազանի հատակում:

Լուկա Էստրեբա– Ասում են ՝ եթե հավատաս երազանքիդ, այն կիրականանա: Դրանից տխմար բան չեմ լսել: Արդեն չորրորդ ընկերությունն եմ սնանկության հասցնում: Մենք ընկերներ ենք, բայց նույնիսկ դուք իմ խանութից մի փչվող լողավազան չեք գնել:
Մոմո– Ես կգնեի, պարզապես այս ամիս մսաղաց գնեցի, չնայած այն հանգամանքին, որ բուսակեր եմ: Մտածեցի՝ մի օր պետք կգա, չգիտեմ:
Բրյուդո եղբայրներ- Մենք էլ սիրով կգնեինք, բայց առանց այդ էլ լողավազանում ենք աշխատում ու այդ բառը լսել այլևս չենք կարող:
Բրայան Ժուբեր-Ես սիրով կօգնեի, սակայն, բնակարանում եմ ապրում: Մեկ հարկ ներքևում ապրող հարևանս էլ սոցիալ-դեմոկրատ է: Եթե մի կաթիլ ջուր կաթաց, բնակարանիս դիմած բողոքի ցույց կսկսվի:
Մինչ մեր հերոսները զրուցում էին քառակուսի հիշեցնող հանդերձարանում, ներս մտավ նախկին լողորդ տիկին Լյուսին և հայտարարեց.
«Լսեցի՞ք Բուլոնի քաղաքապետի ելույթը: Այս տարի մեր քաղաքն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց սինխրոն լողի Ֆրանսիայի առաջնությանը: Հենց լսեցի այս տողերը, միանգամից ձեր մասին հիշեցի: Սիրողական մրցաշար է, բայց վերջիվերջո Փարիզը կտեսնեք»:

Բրայան Ժուբեր– Փարիզը շատ աղմկոտ քաղաք է, իսկ իմ ականջների թմբաթաղանթները շատ նուրբ են: Փորս էլ այնքան մեծ է, որ ոտքերս չեմ կարող բարձրացնել: Բացի այդ, կինս թույլ չի տա:
Բրյուդո եղբայրներ– Ի դեպ, սինխրոն լողը կանացի սպորտաձև է: Բացի այդ, ապա մեր ոտքերին նայեք: Այնպիսի տպավորություն է, որ ողջ բուլոնյան անտառի խոտածածկույթը դրանց վրա է: Այդ սպորտաձևում պետք է հարթ և գեղեցիկ ոտքեր ունենալ, իսկ ես և եղբայրս կտրականապես դեմ ենք ոտքերը սափրելուն:
Լուկա Էստրեբա– Բայց լավ միտք է: Միգուցե սա մեր շանսն է, տղաներ: Վերջապես կարող ենք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ:
Կհաղթենք Բուլոնը ներկայացնելու բոլոր թեկնացուներին և կմեկնենք Փարիզ: Լյուսի, մեր քաղաքից քանի՞ թեկնածու կա:
«Զրո, դրա համար էլ ձեզ հիշեցի»,- թեթև քմծիծաղով ասաց տիկին Լյուսին:
Եվ այսպես, վիճակը նետված էր:

Լուկա Էստրեբան կարողացավ իր ընկերներին համոզել և Բուլոն քաղաքը ներկայացնող այս թիմը սկսեց մարզումները:
Բրայան Ժուբեր– Ի՞նչ երաժշտության տակ ենք պարելու: Ինձ Ջո Դասենն է դուր գալիս:
Մոմո– Ջո Դասենի երգերի տակ հանդիսատեսը կքնի, դու էլ նրանց հետ:
Բրյուդո եղբայրներ– Միգուցե, ավելի ժամանակակի՞ց մի բան: Սելին Դիոնը լավ տարբերակ է:
Լուկա Էստրեբա– Լավ է չասեցիք «Տիտանիկ» ֆիլմն է էկրաններ բարձրացել: Սելին Դիոնի ի՞նչն է ժամանակակից:
Մոմո– Իսկ միգուցե իմ ռոքային հիթերից մեկն ընտրենք:
Լուկա Էստրեբա-Թող ՍելինԴիոնը լինի։ Նա գոնե իր կիթառի դզզոցով նյարդերս չի ուտում:
Նրանք վիճում էին, մարզվում, ու նորից վիճում: Տիկին Լյուսիի գլխավորությամբ, «Բուլոնյան հնգյակը» վստահորեն գնում էր իր հաղթանակի հետևից:

Պարզ է, որ նրանց մտերիմները գոհ չէին տղամարդկանց զբաղմունքից, սակայն, այս տղաները գիտեին ՝ իրենց հաղթանակ է անհրաժեշտ:
Այն պետք է կյանքի անհաջող ընթացքը փոխելու, սեփական ուժերին կրկին հավատալու և առաջ շարժվելու համար:
Երեք ամիս տևած քրտնաջան մարզումներից հետո «Բուլոնյան հնգյակը» պատրաստ էր մրցմանը:
«Լողավազանի մոտ են հրավիրվում Բուլոնի ներկայացուցիչները»,- ասաց հաղորդավարը:
«Թաքնված հաջողակները» զբաղեցրին իրենց դիրքերը, հնչեց Earth Wind & Fire խմբի September երգը և նրանք ցատկեցին:
Այդ ցատկի մեջ այնքան ազատություն կար: Նրանք մի կողմ դրեցին սեփական վախերն ու խնդիրները, հարազատների թեք հայացքները և տրվեցին զգացմունքներին:
Իհարկե, ոչ բոլոր շարժումներն էին իդեալական և սինխրոն: Իսկ մեզնից ո՞վ է իդեալական: Նույնիսկ իրական չեմպիոններն են սխալվում, պարզապես նրանց ավելի հեշտ է ներելը:

Մեսսի, Ռոնալդու, Ֆեդերեր, Նադալ…. այս մարզիկները չէին հասնի այսքան մեծ նվաճումների, եթե չսխալվեին: Բնատուր տաղանդը հաղթանակի փոքրիկ մասն է միայն: Հաղթում են նրանք, ովքեր ոտքի են կանգնում պարտությունից հետո, ովքեր առերեսվում և խոնարհվում են սեփական պարտության առջև:
«Բուլոնյան հնգյակն» էլ անցավ այդ ճանապարհը: Մասնակցող 7 թիմերից միայն մեկը պետք է հաղթող ճանաչվեր: Սակայն, նրանցից ոչ մեկի սրտերն այդպես չէին բաբախում, որքան մեր հերոսներինը:
«Այս տարվա չեմպիոն է հռչակվում…..Բուլոնը ներկայացնող թիմը»,-հայտարարեց մեզ արդեն հարազատ դարձած հաղորդավարը:

Ասում են ՝ տղամարդիկ չեն լալիս. մի հավատացեք դրան: Իրենց կյանքի կեսն ապրած այս տղամարդիկ լալիս էին մանկան նման: Նրանք արեցին դա, դուրս եկան անհաջողության քառակուսուց և ներխուժեցին հաղթանակի շրջանի մեջ:
Այո, հաջորդ առավոտյան թերթերն ու հեռուստաընկերությունները չեն խոսի նրանց մասին: Այս տղամարդիկ թաքնված չեմպիոններ են, ում նվաճած մեդալները տարիներ անց չեն վաճառվի միլիոնավոր դոլարներով, բայց միթե՞ դա է կարևորը:
Ընդամենը մի պահ, նրանց թվաց, որ իրենք Ֆրանսիայի հերոսներն են:
Հնարավոր է, որ այս մարդիկ երբեք չհասնեն այն փառքին, որի մասին երազում են շատերը: Միգուցե, այս պատմությունը օրինակ չծառայի հազարավոր մարդկանց համար:

Բայց մեկ բան հստակ է. Եթե իսկապես ցանկանում ես , քառակուսին կարող է տեղավորվել շրջանի մեջ և հակառակը:
PS. Այս իրական պատմության հիման վրա 2018 թվականին նկարահանվել է «Մեծ լողավազան» ֆիլմը:
Նարեկ Գրիգորյան