Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց Հայաստանի հավաքականը: Նրա թեկանածությանն այսօր միաձայն կողմ են քվեարկել ՀՖՖ Գործկոմի անդամները և Խաշմանյանը պաշտոնապես նշանակվեց Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հայտարարություն, որին երկար ժամանակ սպասել է հայ ֆուտբոլասերների մի մասը: Մյուս մասը հիասթափված է, իսկ արտասահմանցի մասնագետ պահանջողները տխրում են մութ անկյունում…:
ArmSport.am-ը անդրադառնում է հայկական ֆուտբոլի` տարեվերջյան գլխավոր նշանակմանը:
Խաշմանյանը հայկական ակումբային ֆուտբոլի թերևս «ամենագունեղ» կերպարն է: Հայկական «Յուրահատուկը» մշտապես ուշադրության կենտրոնում է: Էմոցիոնալ, կտրուկ, սկզբունքային. այպիսին է Աբրահամ Խաշմանյանը, հայկական ֆուտբոլում անուն հանած Միխայիլիչը: Փորձենք հասկանալ հավաքականի մարզչական ղեկին նրա նշանակումը ինչքանով է դրական կամ բացասական լինելու:

Դրական
Տարիներ առաջ Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց աղյուսակի ստորոտում գտնվող «Ալաշկերտը», որը գրեթե ոչ մի հեռանկար չուներ: Բավականին կարճ ժամանակում մասնագետը ամուր թիմ ստեղծեց: «Ալաշկերտը» դարձավ Հայաստանի չեմպիոն, բայց, այնուամենայնիվ, ըստ Խաշմանյանի`անելիքները շատ էին: Այս մարզիչը մշտապես նշում է, որ շատ անելիք կա: Այո, Խաշմանյանը բնավորությամբ մաքսիմալիստ է: Միգուցե դա որոշ տեղերում խանգարում է, քանի որ որոշ ռեսուրսներ հայկական այժմյան ֆուտբոլի համար անհասանելի են: Շատ մարզիչներ կարող են մաքսիմալիստ լինել, բայց արդյունքի հասնում են քչերը: Խաշմանյանը մաքսիմալիստական մղումների վերջնարդյունքում գրեթե մշտապես արդյունք է ապահովել: Կոնկրետ արդյունքի տեսանկյունից, որի կարիքը մեր հավաքականը մշտապես շատ ունի, Խաշմանյանի նշանակումը կարող է դրական լինել: Իհարկե, հարցին, թե կստացվի՞ այդ ամենը, թե՞ ոչ, անհնար է պատասխանել:

«Սեփական» ֆուտբոլիստներ
Կան հայ ֆուտբոլիստներ, ովքեր Խաշմանյանի թիմերում և Խաշմանյանի գլխավորությամբ բավականին լավ են հանդես գալիս: Իհարկե, այդ ֆուտբոլիստներն արդեն տարեց են: Չի բացառվում, որ այդ հանգամանքը կիրառվի պարզապես այլ ֆուտբոլիստներով:
Հստակ է, որ կազմի ընտրության հարցում այս ՀՖՖ-ում վայրիվերումներ և մութ անցքեր չկան, ինչը իհարկե պետք է Խաշմանյանին: Երբ փորձում են միջամտել նրա աշխատանքին, ամեն ինչ խառնվում է իրար: Այստեղ, իհարկե, ամեն ինչ հարմար է Խաշմանյանին:
Բացասական
Հայկական ֆուտբոլը բռնել էր սերընդափոխության ուղին: Նշանակվել էր Արմեն Գյուլբուդաղյանցը ով հայ ֆուտբոլիստի ձևավորման գրեթե բոլոր էտապներում գործուն մասնակցություն է ունեցել: Նույն Մխիթարյանը և հավաքականի նախկին ու ներկա կազմի մի շարք ֆուտբոլիստներն առաջին հերթին Գյուլբուդաղյանցի սաներն են: Հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչը բազմիցս նշել է, որ սերընդափոխությունը ինքնանպատակ չպետք է լինի և պահանջում է համբերատար աշխատանք: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ ազգային հավաքականն այլ հարթություն է, այստեղ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ:
Մտավախություն կա, որ Խաշմանյանը կարող է «կտրվել» և շեղվել սերընդափոխության ճանապարհից: Նրա նշանակման պահից գլխավոր հարցը հետևյալն է. կվստահի՞ արդյոք նա երիտասարդ ֆուտբոլիստների: Այստեղ չկան փորձառու արտասահմանցիներ, որոնց վրա ժամանակին հենվել է Խաշմանյանը: Տեսնելու ենք նոր Խաշմանյան, ով հենվելու է բացառապես առկա ռեսուրսի վրա: Այդ առումով երկրորդ մտավախությունը դրսևորվելու համար անբարենպաստ պայմաններն են:

Հետաքրքիրը
Աբրահամ Խաշմանյանի ասուլիսները հետաքրքիր են անցնելու: Կտրուկ պատասխաններ, դիտարկումներ, դժգոհություններ… սա միանշանակ տեսնելու ենք: Ամեն դեպքում, նա մասնագետ է, ով տարբերում է սահմանը դրայվի և ինտրիգի միջև: Նա չի վիրավորում լրագրողներին, չի խուսափում ցավոտ հարցերից: Հուսով ենք Խաշմանյանի գործունեությունը միմիայն օգուտ կբերի Հայաստանի հավաքականին. նա ստացավ իր շանսը, օգտագործել է պետք:
Արման Առաքելյան