Դարպասպաահ Գևորգ Կասպարովը հուլիսի 25-ին տոնեց ծննդյան 40-ամյակն, իսկ օրեր անց համալրեց Գյումրիի «Շիրակի» կազմը։ Armsport-ի հետ զրույցում Կասպարովն ասում է՝ հոգու խորքում միշտ էլ մտածել է՝ մի օր հանդես է գալու Գյումրիի թիմի կազմում։
«Կապ հաստատեցին ակումբից, ինձ համար շատ հետաքրքիր առաջարկ էր, նախկինում էլ միշտ հոգուս խորքում մտածել եմ, որ մի օր կլինի, որ հանդես կգամ «Շիրակում»։ Շատ ուրախ եմ, որ կպաշտպանեմ «Շիրակի» գույները»,- մեզ հետ զրույցում ասում է Գևորգ Կասպարովն ու ընդգծում՝ բանակցությունների ընթացքում իրեն ասել են՝ շեշտը հիմնականում տեղի կադրերի վրա են դնելու։
-Նշեցիք, որ միշտ հոգու խորքում մտածել եք՝ երբևէ հանդես եք գալու «Շիրակում»։ Ի՞նչն է միշտ գրավել Գյումրիի թիմում։
— Բոլորն էլ գիտեն, որ «Շիրակը» մեծ պատմություն ունի, միշտ պայքարում է բարձր տեղերի համար, իսկ երկրպագուները լավ աջակցություն են ցուցաբերում, միշտ թիմի կողքին են։ Ինձ համար սա նոր մարտահրավեր է։ Շատ մարդկանց պետք է ապացուցեմ, որ տարիքը միայն թիվ է, ու նախևառաջ՝ ինքս ինձ։
-Ֆուտբոլում առհասարակ դարպասապահները համեմատաբար ավելի երկար են խաղում, Դուք էլ նոյեմբերին տարիքային ռեկորդ կարող եք սահմանել։ Հետաքրքիր է՝ ո՞րն է ֆուտբոլում երկար մնալու և միևնույն ժամանակ բարձր կարգը չզիջելու գաղտնիքը Ձեր դեպքում։
-Երևի՝ ամենակարևոր գործոնն այն է, որ մենք այդքան շատ չենք վազում: Կարևոր է նաև այն, որ վնասվածքներ չունենաս, պահես ռեժիմ, լավ մարզավիճակում լինես։ Շատ դժվար է, բայց եթե ուզում ես խաղաս, պետք է միշտ նպատակ դնես քո առջև ու շարժվես առաջ։
— Իսկ վերակազմավորվող «Շիրակից» երկրպագուներն ի՞նչ պետք է սպասեն։
-Պարզ է՝ առաջատար տղաներ են հեռացել թիմից,բայց ամեն ինչ կանենք, որ ուրախացնենք երկրպագուներին։
— Իսկ այս թիմով ու նոր մարզչով ըստ Ձեզ Եվրոպա լիգայում «Շիրակն» ի՞նչ շանսեր ունի։ Ինչպիսի՞նն է տրամադրվածությունը ֆուտբոլիստների մոտ։
-Թիմում լավ երիտասարդներ կան, մարզչական շտաբն էլ երիտասարդ, բարձր մարդկային որակներով պրոֆեսիոնալներ են, իսկ մենք էլ մեր փորձով հուսով ենք՝ օգտակար կլինենք լավ հանդես գալու համար։ Ինչ խոսք, հեշտ չի լինի, չնայած վիճակահանությունից էլ մեծ բան է կախված։ Լավ է, որ մինչև Եվրոպա լիգան դեռ մի քանի խաղ կանցկացնենք։

— «Շիրակի» նոր մարզչին՝ Տիգրան Դավթյանին, բոլորս գիտենք որպես ֆուտբոլիստ, ըստ Ձեզ որպես մարզիչ, նա ի՞նչ որակներ ունի ու ի՞նչ հաջողություններ կունենա։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ժամանակին խաղացել եք՝ թե՛ միևնույն թիմում, թե՛ իրար դեմ, իսկ հիմա արդեն մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերությունների մեջ եք լինելու։
— Շատ դեպքերում երիտասարդ մարզիչները կարողանում են հաջողություններ գրանցել։ Տիգրան Դավթյանի հետ «Ուլիսում» հանդես ենք եկել միասին, չնայած որ ավելի շատ իրար մրցակից ենք եղել, նույնը Կարեն Ալեքանյանի, Հովհաննես Թահմազյանի հետ՝ թիմակից և մրցակից։ Ես միշտ էլ՝ որտեղ էլ եղել եմ, սուբորդինացիան պահպանվել է, կատարել եմ, լսել եմ մարզիչներին՝ ի շահ ակումբի։ Մենք պետք է օգնենք իրար հաջողության հասնելու համար, այդ փորձն էլ ունեմ։
-Կա՞ ինչ-որ բան, որ կուզեք ասել «Շիրակի» երկրպագուներին։
-Ուրախ եմ, որ ինձ լավ ընդունեցին՝ թե՛ ակումբի աշխատակիցները, թե՛ մարզչական շտաբը, թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ադմինիստրատիվ և բժշկական կազմը։ Ամեն ինչ կանեմ, որ երկրպագուներն էլ լավ ընդունեն։ Պետք է լավ հանդես գանք և ուրախացնենք մեր երկրպագուներին։

-Իսկ անձամբ Ձեր սպասելիքներն ու նպատակները՝ կապված «Շիրակի» հետ, որո՞նք են։ Ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև։
-Իմ հիմնական նպատակը թիմին օգնելն է։
Նարե Հովհաննիսյան