Հուիսի վերջին պարզ դարձավ, որ Բենևենտո քաղաքը կրկին իր ներկայացուցիչը կունենա Ա Սերիայում։ «Բենևենտոն»՝ Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ, Բ Սերիայի առաջին թիմն էր, որը նվաճել է Ա Սերիայի ուղեգիր։
Եվ ահա երեկ՝ հուլիսի 25-ին, հայտնի դարձավ նաև Ա Սերիայի ուղեգիր նվաճած երկրորդ հաջողակ թիմը։ «Կրոտոնեն» կդառնա Ա Սերիայի երկրորդ նորեկը 2020/21 մրցաշրջանում:
Իտալիայի երկրորդ լիգայի՝ Բ Սերիայի 36-րդ տուրի խաղում Ջովանի Ստրոպայի թիմը հաղթեց «Լիվորնոյին»՝ 5-1 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Կրոտոնեն» անհասանելի դարձավ մոտակա մրցակիցների համար և երկրորդ անգամ ակումբի պատմության մեջ նվաճեց Ա Սերիայի ուղեգիր:
Կալաբրիան ներկայացնող ակումբն իր պատմության ընթացքում գրեթե միշտ հանդես է եկել իտալական ցածր լիգաներում։ Իտալական ֆուտբոլային էլիտայում «Կրոտոնեն» առաջին անգամ հայտնվեց 2016 թվականին, սակայն, երկու մրցաշրջան անցկացնելով Ա Սերիայում, կրկին վերդարձավ Բ Սերիա։

✅ Թիմը
52-ամյա իտալացի մասնագետ Ջովանի Ստրոպան թիմը գլխավորում է 2018 թվականից։ Թիմի հիմնական դարպասապահը 37-ամյա Ալեքս Կորդացն է, ով նաև «շնաձկների» ավագն է։
Պաշտպանությունում հիմնականում հանդես են գալիս փորձառու ֆուտբոլիստներ․ սերբ Վլադիմիր Գոլեմիցը, ֆրանսիացի Գիլոմ Ժիլոտին, իտալացիներ Անտոնիո Մազոտան և Լուկա Մարոնեն, ով վարձավճարով է հանդես գալիս «Կրոտոնեում», իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վերոնային»։ Բավականին շատ խաղաժամանակ է ստանում նաև երիտասարդ կենտրոնական պաշտպան Ջուզեպե Կուոմոն։ Կիսապաշտպանության գիծը հիմնականում ներկայացնում են փորձառու Սալվատորե Մոլինան, Մատիա Մուստաչիոն, լիբիացի կենտրոնական կիսապաշտպան Ահմադ Բենալին, ինչպե նաև երիտասարդ իտալացիներ Ջիովանի Կրոցիատան և Նիկոլո Ձանելատոն։ Թիմի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրեա Բարբերիսը, վերջերս տեղափոխվեց Բ Սերիայի նորեկ «Մոնցա» ակումբ։
Հարձակման գծի առաջատարը փորձառու նիգերիացի Սիմին է, ով Բ Սերիայի այս մրցաշրջանում հասցրել է 20 գոլ խփել և ներկա պահին գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը։
Սիմի Նվանկու
Մյուս հարձակվողներից կարելի է առանձնացնել նաև բրազիլացի Ժունիոր Մեսիասին և փորձառու արգենտինացի Մաքսի Լոպեսին, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում», «Միլանում» և իտալական այլ ակումբներում։
Դե ինչ, ևս մեկ ակումբ, որն իր լավագույն ֆուտբոլային դարաշրջանն է ապրում, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ա Սերիայում և հետաքրքիր կինի հետևել՝ դեպի ո՞ւր կտանեն ֆուտբոլային օվկիանոսի հոսանքները «շնաձկներին»․․․