Մարզաշխարհը հետզհետե փորձում է ուշքի գալ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինից հետո: Որոշ մարզաձևերում արդեն սկսել են մարզումները, սակայն կան նաև այնպիսիք, որոնց դեռևս հնարավորություն չունեն մարզվելու: Այդպիսիններից է գեղասահքը:
Հայաստանի առաջատար գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի խոսքով դեռ հստակություն չկա, թե երբ Երևանում կբացվեն սահադաշտերը:
«Գրեթե բոլոր երկրներում սկսել են մարզվել, Հայաստանում հնարավորություն չունենք մարզվել սահադաշտերի վրա, ու չգիտենք թե երբ են բացվելու դրանք: Շատ դժվար է ֆիզիկական պատրաստվածությունը պահել բարձր մակարդակի վրա, քանի որ ոչ մեկս չգիտենք, թե երբ են բացվելու սահադաշտերը: Հիմա բացօթյա մարզումներ ենք անում, որպեսզի կարողանանք որոշ չափով պահել մեր ֆիզիկական վիճակը, մինչև տեսնենք, թե երբ են բացվելու սահադաշտերը»:

Մարտ ամսին Հայարապետյանը պետք է մասնակցեր Աշխարհի առաջնությանը, սակայն տարվա կարևորագույն ստուգատեսը ոչ միայն հետաձգվեց, այլ չեղարկվեց.
«Աշխարհի առաջնությունը պետք է լիներ մարտ ամսին, որին պետք է մասնակցեի, դրանից առաջ փորձնական մրցում էր լինելու Լյուքսեմբուրգում: Դա չեղյալ համարվեց, իսկ ԱԱ-ն սկզբում հետաձգեցին, հետո կոնգրեսը որոշեց չեղարկել: Հիմա պատանեկան բոլոր մրցաշարերը չեղարկվել են: Մեծահասակների պահով դեռ անորոշություն է: Կան շատ մրցաշարեր, որոնք նույնպես չեղարկվել են: Կան երկրներ, որոնք արդեն հայտարարել են, որ իրենց մարզիկները գալիք մրցաշրջանում չեն մասնակցելու մրցաշարերի»:

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի հավաքականի այն մարզիկները, որոնք Հայաստանում չեն ( Անաստասիա Գալուստյան-Ռուսաստան, Վալերիա Սիդորովա-Կանադա), վաղուց սկսել են մարզումները, իսկ տեղացիները կանգնել են խնդրի առաջ:
24-ամյա մարզիկի խոսքով այս ամենը մեծ հետք է թողնելու մարզիկների վրա.
«Գեղասահքն այն մարզաձևն է, որ նույնիսկ մի օր չմարզվելը շատ է ազդում մարզիկի վրա, իսկ մենք արդեն 4 ամսից ավելի է առանց սահադաշտի ենք: Դա մեծ ազդեցություն է թողնելու մեզ վրա, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կամաց-կամաց մարզաձևի զարգացման աճ էր նկատվում»:
Երվանդ Հակոբյան