Չնայած նրան, որ «Լիդս Յունայթեդը» ստեղծվել է 1920 թ-ին, այնուամենայնիվ, Լիդսի բնակիչների համար այն 1904 թ-ին ստեղծված ու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում լուծարված «Լիդս Սիթիի» գենետիկական շարունակությունն է: Թիմը ստեղծվել է երկրպագուների շնորհիվ, քանի որ քաղաքի բնակիչները ֆուտբոլի կարիք ունեին:
«Լիդս Յունայթեդն» իր առաջին հանդիպումն անցկացրեց 1920 թ-ի ապրիլին՝ 2-0 հաշվով առավելության հասնելով «Պորտ Վեյլի» նկատմամբ: 4 մրցաշրջան երկրորդ դիվիզիոնում անցկացնելուց հետո՝ «Լիդսը» 3 անընդմեջ տարի հանդես եկավ առաջին դիվիզիոնում: Այնուհետև, մոտ 15 տարի թիմը հանդես եկավ վայրիվերումներով, բայց նշանակալից հաջողություններ չգրանցեց:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Լիդսը» տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն, որտեղ անցկացրեց 13 տարի, սակայն գավաթային խաղերում թիմն իրեն երբեմն լավ էր դրսևորում: 1961 թ-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Դոն Ռևին, ու սկսեց հետզհետե ամուր թիմ կառուցել, որը մրցունակ դարձավ եվրոպական ասպարեզում: 60-ականներին թիմում խաղում էին Ջեք Չարլտոնը, Բիլի Բրեմները, Պիտեր Լորիմերն ու Նորման Հանտերը: 1964 թ-ին «Լիդսը» դուրս եկավ ուժեղագույնների խումբ ու այնտեղ մնաց 18 տարի: Հաջորդ տարի «Լիդսն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ միայն լրացուցիչ ժամանակում պարտվեց «Լիվերպուլին»: Թիմը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի գավաթին ու միանգամից դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց իսպանական «Սարագոսային»:
1967/68 մրցաշրջանում «Լիդսը» հաղթեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ առավելության հասնելով «Ֆերենցվարոշի» նկատմամբ: Այդպիսի հաջողակ տարի էր նաև 1970/71 մրցաշրջանը:

«Լիդսն» առաջին չեմպիոնությունը նվաճեց 1968/69 մրցաշրջանում, իսկ Չեմպիոնների գավաթի խաղարկությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում պարտվեց «Սելթիկին»: Նույն տարում թիմը դուրս եկավ նաև գավաթի եզրափակիչ, որտեղ կրկին պարտվեց, այս անգամ՝ «Չելսիին»:
Ֆուտբոլային ամենահին մրցաշարում՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում «Լիդսն» առայժմ իր պատմության միակ հաղթանակը տարավ 1972 թ-ին:
80-ականների վերջում թիմը խաղն անկում ապրեց. «Լիդսը» կրկին տեղափոխվեց Առաջին դիվիզիոն: Սակայն, կարճ ժամանակ անց, նաև Էրիկ Կանտոնայի շնորհիվ թիմը վերադարձավ Առաջին դիվիզիոն ու 1991/92 մրցաշրջանում հաղթեց Առաջին դիվիզիոնի վերջին գավաթը. առաջնությունն այդուհետ կոչվեց Անգլիայի Պրեմիեր լիգա:

Թիմն իր ամենանշանակալից հաջողությունը գրանցել է 2000/01 մրցաշրջանում, երբ մասնակցեց ՉԼ-ի գավաթի խաղարկությանն ու հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Վալենսիային»: «Լիդսն» այդ տարի արդյունքներով գերազանցեց «Բարսելոնային», «Լացիոյին» ու «Դեպորտիվոյին»:

Հետագայում թիմն ԱՊԼ-ում գրավեց 4-րդ ու 5-րդ հորիզոնականները, և չմասնակցեց ՉԼ-ի խաղարկություններին, իսկ ակումբում ֆինանսական ճգնաժամ սկսվեց: «Լիդսի» ղեկավարությունը ստիպված եղավ վաճառել առաջատարների տրանսֆերները. հեռացան Ալան Սմիթը, Հարի Կյուելը, Ջոնաթան Վուդգեյթը, Սեթ Ջոնսոնն ու Լի Բոյերը:
2004 թ-ից սկսած թիմը չէր խաղացել ԱՊԼ-ում: Ավելին, 2006/07 մրցաշրջանում «Լիդսը» տեղափոխվեց Առաջին լիգա, որտեղից Չեմփիոնշիփ վերադարձավ միայն 3 տարի անց: 16 տարվա ընթացքում մի քանի անգամ սեփականատիրոջ փոփոխություն եղավ, որի պատճառով էլ թիմը չէր կարողանում կայուն ելույթներ ունենալ: Իսկ 2015 թ-ին լուրջ բախումներ եղան: Ակումբի իտալացի սեփականատերը գնորդ էր փնտրում, իսկ իտալացի խաղացողները խնդիրներ ունեին մարզչի հետ, ինչի պատճառով տուժում էր թիմի խաղը:
2018 թ-ին թիմի գլխավոր մարզչի ղեկը վստահվեց արգենտինացի փորձառու մարզիչ Մարսելո Բիելսային: Հենց առաջին մրցաշրջանում Բիելսան թիմին կարող էր դուրս բերել ԱՊԼ, սակայն, միգուցե, մարդկային բարձր որակները խանգարեցին արդյունքի հասնելու համար: Առաջնության հերթական տուրի՝ «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում թիմը գոլ խփեց այն ժամանակ, երբ մրցակցի ֆուտբոլիստներից մեկը խոտածածկին էր՝ չխախտելով ոչ մի օրենք: Խփած գոլից հետո բախում եղավ 2 թիմերի միջև, սակայն «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան իր ֆուտբոլիստներից պահանջեց մրցակցին նվիրել պատասխան գնդակը՝ բղավելով give the goal: Խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Ի դեպ, առաջնության ավարտից հետո «խենթ» Բիելսան խոստովանեց, որ մրցաշրջանում ակումբի աշխատակիցները գաղտնի հետևել են բոլոր մրցակիցներին:
Այնուհետև, թիմն անցումային խաղում պարտվեց ու մնաց Չեմփիոնշիփում: Իսկ ահա այս տարի «Լիդսն» անկասելի էր: Անցկացրած 46 խաղում «Լիդսը» տարել է 28 հաղթանակ, խաղացել 9 ոչ-ոքի ու կրել 9 պարտություն: Մրցաշրջանը երկրորդ տեղում ավարտած «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ «Լիդսը» կուտակեց 10 միավորի առավելություն:
«Լիդսը» հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է լիներ: Սրանք ակումբի գլխավոր տնօրեն Անգուս Կիների խոսքերն են: Թիմում անվերապահորեն վստահում են Մարսելո Բիելսային ու վստահ են, որ արգենտիացի մասնագետը սիրահարվել է այս ակումբին:

Թիմում միանշանակ կլինեն փոփոխություններ, քանի որ ներկայիս կազմով դժվար կլինի պայքարել բարձր արդյունքների համար: Արդեն հիմա խոսվում է, որ «Լիդսի» դիտակետում են Զլատան Իբրահիմովիչն ու Էդինսոն Կավանին:
Ամփոփելով, կարելի է փաստել, որ անգլիական ամենակոլորիտային թիմերից մեկը վերադառնում է ԱՊԼ ու մյուս մրցաշրջանում Բիելսայի ու իր թիմի խենթ արկածները խոստանում են զարդարել արդեն Պրեմիեր-լիգան: