9 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով. նախքան բռնցքամարտը, զբաղվել է քիք-բոքսինգով, քանի որ հարազատ Գայ գյուղում 2007թ. դեռևս միայն այդ խմբակն է եղել, բայց քանի որ վերջինս Օլիմպիական մարզաձև չէր ու ոչ էլ հեռանկարային, որոշում է փոխել մարզաձևն ու զբաղվել բռնցքամարտով՝ հատկապես հաշվի առնելով այն, որ 2010 թվականից աղջիկների բռնցքամարտը ևս ընդգրկվեց Օլիմպիական մարզաձևերի շարքում:
ArmSport-ի զրուցակիցն այս անգամ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, երիտասարդների 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2014 թվականի երիտասարդների ԱԱ-ի չեմպիոն Անուշ Գրիգորյանն է:
«9 տարեկան էի, մի օր կեսգիշերին արթնացա ու տեսա, որ ընտանիքիս անդամները Վախթանգ Դարչինյանի մենամարտն են դիտում, ես էլ միացա նրանց ու սկսեցի դիտել. իհարկե, մենամարտը ավարտվեց հաղթանակով, ուրախ, զվարթ գնացի քնելու, առավոտյան արթնացա ու կարծես սեր էր առաջացել բռնցքամարտ մարզաձևի հանդեպ: Հայրիկիս ասացի, որ ես էլ եմ ուզում զբաղվել բռնցքամարտով, դե ինչպես գրեթե բոլոր հայկական ընտանիքներում եղավ «ոչ» պատասխանը»,- պատմում է Անուշ Գրիգորյանը, որին ի վերջո հաջողվել է համոզել հայրիկին ու ընտանիքի մյուս անդամներին:
-Ենթադրում եմ՝ գոնե սկզբնական շրջանում շատ են եղել արձագանքները կապված այն բանի հետ, որ աղջիկ ես և որ «բռնցքամարտն էլ, ի թիվս այլ մարզաձևերի, աղջիկների համար չէ»: Ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել հասարակության արձագանքները/կարծրատիպերն ու ապացուցել, որ աղջիկն էլ կարող է սպորտում հաջողության հասնել մեր երկրում: Առհասարակ դժվարություններ ունեցե՞լ ես այս առումով:
-Երբ սկսեցի մարզվել, շրջապատում գրեթե բոլորը շեշտում էին, որ ես աղջիկ եմ և չպետք է զբաղվեմ բռնցքամարտով, քանի որ սա ավելի շատ ոչ կանացի սպորտաձև է, ու այդ ընթացքում ընտանիքս էր կողքիս: Ճիշտ է, այնպես չէր, որ սիրով էին թողնում գնայի մարզումների, դե քանի որ տեսնում էին դժվարությունները, բայց և միևնույն ժամանակ կողքիս էին և քաջալերում էին ինձ, որ եթե ունես նպատակ գնա դեպի նպատակդ և մի՛ կենտրոնացիր այն մտքի վրա՝ սպորտաձևը աղջիկների՞ն է համապատասխան, թե՞ տղաներին:
Ինձ համար այսպես է. եթե սպորտ, ուրեմն կապ չունի տղա թե աղջիկ…ու սկսեցի պայքարել հանուն երազանքի և ուշադրություն չդարձնել խոսակցություններին և պայքարը սպասեցնել չտվեց, ունեցա հաջողություններ և այն մարդկանց, ովքեր ասում էին՝ այդ սպորտաձևը աղջկա համար չէ, իմ հաղթանակներով ստիպեցի, որ հենց նրանք ինձ շնորհավորեն:
Իսկ հիմա՝ հերոս Մոնթե Մելքոնյանի անվան մարզադպրոցում ու Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ մարզվելով, նոր, ավելի վեհ գաղափար է առաջ եկել, որ ազգ ու հայրենիք ներկայացնելը փառքով, հաշվի չի առնում՝ դրոշ բարձրացնողը, հայրենիքի անունը բարձր պահողը աղջիկ է թե տղա…իսկ ինչ վերաբերում է կարծրատիպին, կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվել է ինձ մոտ ապացուցել հակառակը, որ սպորտաձևը չի կոպտացնում, այն պարզապես ուժեղացնում է:

-Դու նաև սեփական օրինակով ցույց ես տալիս, որ անկախ մասնագիտությունից ու զբաղվածությունից, աղջիկը կարող է լինել շատ կանացի ու խնամված: Ինչպե՞ս ես կարողանում համադրել ուժն ու գեղեցկությունը ու այնպես անել, որ ոչ մի կողմը չտուժի:
-Ուժը և կանացիությունը չպետք է շփոթել միմյանց հետ, քանի որ եթե դու ծնվել ես կին, պետք է լինես կանացի, իսկ ուժ կարող ես ձեռք բերել և համապատասխան վայրում միայն օգտագործել: Ես ձեռք եմ բերել ուժ՝ զբաղվելով բռնցքամարտով, ու ես իմ ուժը կիրառում եմ միմիայն ռինգում, անկախ իրավիճակից: Ես մարզադահլիճում ուժեղանում եմ հանուն նպատակի, իսկ առօրյա կյանքում կրթվում և սովորում եմ՝ դառնալով ավելի կանացի: Երևի թե սա է գաղտնիքը:

-Անվանի մարզիկներից, և ոչ միայն, ո՞վ է եղել քո ոգեշնչման աղբյուրը, որին գուցե փորձել ես նմանվել:
-Չէի ասի, որ փորձել եմ նմանվել անվանի մարզիկների, բայց հետևել եմ, ինչ-ինչ բաներ ըմբռնել ու սովորել եմ՝ կապված սպորտում նրանց հաջողությունների, ձախողումների, ինչպես նաև պայքարելու ու չհանձնվելու տեսակի հետ, բայց ինձ ավելի շատ նպատակս է ոգեշնչել:
-Կարիերայիդ ընթացքում մի քանի լուրջ և կարևոր տիտղոսներ արդեն իսկ նվաճել ես: Ո՞ր տիտղոսը կամ կարիերայիդ ո՞ր պահը կառանձնացնես և ինչու:
-Յուրաքանչյուր հաղթանակ ու պարտություն էլ ինձ համար կարևոր է, ինչպես մարդու համար շնչելը և արտաշնչելը: Հաղթանակներով ուրախացել եմ, պարտություններով՝ ուժեղացել ու պայքարելու նոր ուժ ստացել: Ամենաթանկ հիշողությունս կապված է 2014 թվականի ապրիլին կայացած աշխարհի առաջնության հետ, երբ առաջին անգամ էի մասնակցում այդ մրցաշարին: Ցանկությունս շատ մեծ էր հաղթելու, ու ոչ այն պատճառով, որ դառնայի ԱԱ-ի հաղթող… եզրափակիչ մենամարտը լինելու էր ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի հիշատակի օրը, և դա ինձ մեծ ուժ էր տալիս ավելի համառորեն պայքարել, հաղթել և հաղթանակս նվիրել անմեղ զոհերի հիշատակին: Ունեցա հինգ մենամարտ և հինգում էլ հաղթելով՝ դարձա աշխարհի չեմպիոն ու այդ պահի երազանքս, նպատակս կատարվեց:
Հենց ապրիլի 24-ին կարողացա ապացուցել, որ մենք՝ հայերս, եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք … ու ամենաթանկ պահն այն էր, երբ կարդացին անուն ազգանունս, ես կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, հնչեց Հայաստանի օրհներգը և բարձրացավ հայոց եռագույնը: Ամենամեծ ուրախությունն այն էր, որ այդ ամենի պատճառը ես էի, իմ հաղթանակն էր: Այդ օրով բարձր պահել հայրենիքիդ անունը….աննկարագրելի երջանկություն է ու անմոռանալի հիշողություն:
-Նախորդ տարի երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր դարձար ու շատ էմոցիոնալ արձագանքեցիր …
-2019-ի մինչև 22-տարեկաների ԵԱ-ի հաղթանակից հետո էմոցիաներիս բուռն արտահայտման պատճառն այն էր, որ այդ մրցաշարից առաջ՝ 2018 թվականին, վնասվածք էի ստացել և անգամ մտավախություն կար, որ կարող է այլևս չզբաղվեմ սպորտով, չկարողանամ մարզվել: 6-7 ամիս բուժվելուց (իմ շատ սիրելի բժիշկ Կարեն Գալոյանի մոտ) և դադարից հետո վերադարձել եմ սպորտ ու վերադարձից հետո առաջին հաղթանակս էր դա: Հաղթանակի պահին բոլոր դժվարություններս աչքերիս առաջ էին, որ Աստծու կամոք դրանք կարողացա հաղթահարել ու կրկին հաղթել:

-Միշտ նշել ես, որ նպատակդ մեծահասակների Օլիմպիական խաղերին մասնակցելն ու մեդալ նվաճելն է: Ցավոք, Լոնդոնի վարկանիշային մրցաշարում չստացվեց ուղեգիր նվաճել: Բավականին բարդ իրավիճակում մեկնեցիք Լոնդոն՝ պանդեմիայի ու կարանտինի շրջանում: Մի փոքր կպատմե՞ս այդ մրցաշարի, քո ելույթի ու հետագա սպասելիքներիդ մասին:
-2020 թվականի սկզբում վնասվածք ունեի, չկարողացա լիարժեք մարզվել ծաղկաձորյան հավաքին,այնուհետև մեկնեցինք Ուկրաինա՝ տեխնիկա-տակտիկական համատեղ հավաքի Լեհաստանի և Ուկրաինայի թիմերի հետ, ցավոք, այնտեղ ևս հիվանդացա, չկարողացա լիարժեք մարզվել: Լիարժեք ընդամենը Օլիմպավանում մարզվեցի՝ 12 օր, ինչից հետո մեկնեցինք մրցաշարին: Մարզավիճակս այդքան էլ պատրաստ չէր այդ մրցաշարին, բայց ցանկությունս մեծ էր վարկանիշ նվաճելու, ցավոք, չստացվեց…պարտվեցի, բայց, իհարկե, չեմ հանձնվել․ եթե կա նպատակ, հանձնվելը իմաստ չունի, քանի որ հանձնվելով նպատակին չեն հասնում:
Մրցաշարը չեղարկվեց, բայց պայքարը միշտ կա, հիմա էլ ավելի մեծ եռանդով եմ մարզվում ու սպասում նոր մրցաշարերի:
-Առհասարակ, այս համաճարակն ըստ քեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա սպորտի, բռնցքամարտի ու Օլիմպիական խաղերի վրա:
-Համաճարակը ազդեցություն ունեցավ ոչ միայն սպորտի, մրցաշարերի ու մարզիկների, այլև ամբողջ աշխարհի վրա, միշտ ասում են, որ առողջությունը ամենակարևորն է մարդու կյանքում, ու այս համաճարակի ժամանակ շատ մարդիկ ոչ միայն պայքարում էին առողջ լինելու, այլև՝ ապրելու համար: Ճիշտ է, մարզիկները հոգեպես և ֆիզիկապես տրամադրվել էին մրցաշարերին, բայց հիմա առաջնայինը մարդկային կյանքերն են: Հետաձգվել են մրցաշարերը, իրավիճակը ճնշող է: Կային մարդիկ, որոնց համար սա գուցե վերջին Օլիմպիական խաղերն էր լինելու, ցավոք, հետաձգվեց և չգիտենք՝ հաջորդ տարի կկայանա, թե ոչ: Սա, իհարկե, ցավալի է, բայց ավելի մեծ կլիներ ցավը, եթե Խաղերն անցկացվեին և համաճարակը մեծ թափով տարածվեր:
Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, էլ ավելի լավ քան առաջ էր, կանցնի այս ամենը և բոլորս կվերադառնանք մեր առօրյա կյանքին՝ ավելի ճիշտ ու տեղին օգտագործելով մեր ժամանակը ու գնահատելով կյանքը:

-Ներկա պահին ինչո՞վ ես զբաղվում, ակտիվ մարզումներ, հավաքներ ունենո՞ւմ եք:
-Այժմ մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադպրոցում՝ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ: Ապրիլի 8-ից եմ սկսել մարզվել նոր մարզադահլիճում և նոր մարզիչի գլխավորությամբ: Ոչինչ չի խանգարում մարզվելուն, նույնիսկ այս համաճարակը: Հետևելով բոլոր կանոներին, պահպանելով դրանք՝ մարզումները շարունակում ենք:
Սկզբնական շրջանում աշխատում էինք ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ հիմա տեխնիկա-տակտիկայի վրա, անում ենք սպարինգներ, անհատական մարզումներ, ամենակարևորներից հոգեբանական մարզումներ, որը մարզչի համար առաջնայիններից է: Շատ կարևոր է հոգեբանորեն ուժեղ լինելն ու ամուր հիմք ունենալը, որի վրա կկառուցվի հետագա հաջողությունները:
Ի դեպ, հոգեբեբանության հետ կապված մի հետաքրքիր բան կուզեմ պատմել: Երբ մտա մարզադահլիճ՝ արդեն հիմնական մարզվելու նպատակով, մարզման ընթացքում դժվարանում էի ու ասում էի՝ «ընկեր Հակոբ, չի լինում, չեմ կարողանում, չի ստացվում»: Մարզիչս ասսց. «Ուրեմն էսպես, Անուշիկ, դաս առաջին՝ Չ տառով սկսվող արտահայտությունները հանում ես մտքիցդ, ու միշտ կհիշես, եթե մեկը կարողացել է, դու ևս կարող ես, իսկ եթե ոչ-ոք չի կարողացել առաջինը դու կլինես»: Ու ես մի բան հասկացա՝ նոր մարզադպրոց, նոր մարզիչ ու նոր օրենքներ: Այդ օրվանից սկսած ավելի մեծ եռանդով ու հավատով սկսեցի մարզվել, հավատով սկսեցի մոտենալ նպատակիս, որ ամեն ինչ լավ է լինելու ու որ լինելու է: Երբեք չէի ընկալել այն միտքը, որ ամեն օր կարող ես նոր բան սովորել, իսկ հիմա ավելին ասեմ, չի կարելի օրը կորցնել առանց նոր բան սովորելու:
-Մի փոքր կպատմե՞ս բռնցքամարտում դեռևս չիրականացած երազանքներիդ ու դրանց հասնելու ուղիների ու հնարավորությունների մասին:
-Չեմ սիրում բարձրաձայնել, խոսել երազանքներիս մասին, իսկ նպատակս, ինչպես յուրաքանչյուր մարզիկի համար, Օլիմպիական պատվոհարթակի առաջին աստիճանին բարձրանալն է: Ու նաև՝ հաղթանակներովս միշտ բարձր պահեմ Հայրենիքիս անունը… սա ինձ համար կարևորներից կարևորն է: Աստված առաջ:
-Բռնցքամարտում հաջողության հասնելու ամենակարևոր նախապայմանները որո՞նք են:
-Ամենակարևոր նախապայմանը՝ ունենալ հստակ նպատակ, անվերապահորեն հավատալ նպատակիդ, հավատալ քեզ մարզող մարզչին, նրա խոսքին ու նաև ջանք չխնայել, նվիրված մարզվել ու մտածել միայն առաջ քայլելու մասին:
-Ուրիշ ո՞ր մարզաձևով ես հետաքրքրված:
-Սիրում եմ ֆուտբոլը, հետևում եմ ու երկրպագում եմ «Բարսելոնային»:
-Իսկ բացի սպորտից ի՞նչ հետաքրքրություններ ունես:
-Ազատ ժամանակ շատ եմ սիրում կարդալ ու ֆիլմ դիտել:

-Նկատել եմ, որ հավաքականում բավականին ջերմ մթնոլորտ է տիրում: Ինքդ մի փոքր կպատմե՞ս ձեր թիմի, կոլեկտիվի մասին…ու արդյոք դու և Անին որոշակի առավելություններ ունենո՞ւմ եք որպես աղջիկներ 🙂
-Դա հարգանքն է, թիմում տիրում է փոխադաձ հարգանք՝ հարգել մեկս մյուսին, մեկս մյուսի հաղթանակով ուրախանալ և պարտությամբ տխրել: Երբ մեկնում ենք մրցաշարերի լինում է այսպես՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար: Դե իհարկե ունենում ենք, ավելի ուշադիր են մեր հանդեպ, որ հանկարծ ինչ-որ խնդիր չլինի ու մենք ինչ-որ բանից չընկճվենք:

-Նկատում եմ նաև, որ բավականին ակտիվ հետևում ես այս օրերին սահմանում տիրող իրավիճակին: Ի՞նչ կմաղթես սահմանում գտնվող մեր զինվորներին:
-Իհարկե, հետևում եմ՝ ինչ է կատարվում սահմանին։ Ամենաառաջնայինը խաղաղություն եմ ցանկանում, բայց ինչպես ասել է Մոնթեն՝ խաղաղություն միայն մեր հաղթանակով, այլ կերպ լինել չի կարող: Ինձ համար կյանքում ամենակարևորը հայրենիքս է, ու նույնիսկ սպորտից կարևոր է, քանի որ ես կռվում եմ, հաղթում, երկրիս անունն եմ բարձր պահում:
Եթե կարևոր ու առաջնային տեղում չլինի երկիրս, և այն կորցնենք, էլ ինչ իմաստ ունի իմ հաղթանակը, էլ ում համար հաղթեմ, հաղթանակս ում նվիրեմ, ինչ դրոշ ու երկրի անուն բարձր պահեմ….ամենակարևորը ու առաջնայինը հայրենիքն է, ամեն ոտնաչափ տարածքը, ու թող հայրենիքս միշտ-միշտ կանգուն լինի, թող սահմանին միմիայն խաղաղություն լինի, ու թող ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅԻ ՈՒ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ:
Փառք նրանց հիշատակին, ովքեր մահացան ու Փառք նրանց, ովքեր որ կան սահմանին կանգնած: Պիտի ապրենք այնպես, որ արժանի լինենք քաջ զոհվածներին:
Նարե Հովհաննիսյան