Ֆուտբոլային սկաուտ շարքում այս անգամ անդրադարձել ենք Աֆրիկա մայրցամաքի ամենահեռանկարային ֆուտբոլիստներին։ Ցուցակում ընդգրկվել են աշխարհամասի մինչև 23 տարեկան ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 5 ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի։
Իսմաիլա Սար
🇸🇳 Սենեգալ
«Ուոթֆորդ»
22 տարեկան
Տրանսֆերային արժեքը՝ 24,5 մլն եվրո

Սենեգալցի արագավազ ֆուտբոլիստը մարզասերներին հիացնում էր իր խաղով դեռևս այն ժամանակվանից, երբ հանդես էր գալիս «Ռենում»։ 2019-ին ֆրանսիական ակումբից «Ուոթֆորդ» տեղափոխությունը շատերի համար զարմանալի թվաց, քանի որ գրեթե բոլորն ակնկալում էին, որ նա կշարունակի հանդես գալ ավելի բարձրակարգ ակումբում։ Սակայն ամբողջովին այլ կարծիք ուներ անձամբ ֆուտբոլիստը, ով նախընտրեց միանգամից ռիսկի չդիմել՝ տեղափոխվելով ԱՊԼ-ի կամ այլ լիգաների գրանդներից մեկը։ 25 խաղ, 5 գոլ և 5 գոլային փոխանցում այս մրցաշրջանում։ Չմոռանանք նաև «Լիվերպուլի» դեմ անցկացրած ֆանտաստիկ հանդիպումը։ Սարը շարունակում է ապացուցել, որ համարվում է ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը ոչ միայն իր մայրցամաքում, այլ ընդհանրապես՝ ամբողջ աշխարհում։
Սամու Չուկվուեզե
🇳🇬 Նիգերիա
21 տարեկան
«Վիլյառեալ»
Տրանսֆերային արժեքը՝ 27 մլն եվրո

Երբ երիտասարդ նիգերիացին հայրենիքում գտնվող «Դայմոնդ ակադեմիայից» տեղափոխվեց Իսպանիա՝ համալրելով «Վիլյառեալի» Մ19 թիմը, «դեղին սուզանավորդները» ստացան իսկական «ալմաստ», որը մի քանի տարվա ընթացքում կատարելագործվելով, դարձավ ակումբի ներկայիս ադամանդը։ Ներկայումս Սամուն հանդիսանում է «Վիլյառեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը․ Լա Լիգայի այս մրցարջանում անցկացրած 34 հանդիպումները դա են վկայում։ 3 գոլ և 4 գոլային փոխանցում՝ միգուցե շատ տպավորիչ վիճակագրություն չէ, սակայն չմոռանանք, որ նա դեռ 21 տարեկան է և ընդամենը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մեծ ֆուտբոլում։ Պատահական չէ, որ մեր այս ցանկում ընդգրկել ենք բավականին լավ տեխնիկայով աչքի ընկնող և առաջատարի հատկանիշներով օժտված նիգերիացի այս ֆուտբոլիստին, որին կանխատեսում ենք բավականին մեծ ապագա։
Վիկտոր Օսիմեն
🇳🇬 Նիգերիա
21 տարեկան
«Լիլ»
Տրանսֆերային արժեքը՝ 27 մլն եվրո

Եվ նորից «սուպեր արծիվների» հավաքանաի ներկայացուցիչ։ Երբ «Լիլը» 12 մլն եվրո վճարեց բելգիական «Սպորտինգին»՝ նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, շատերը զարմացել էին՝ ո՞վ է այս երիտասարդը, որ «դոգերը» նման գումար են վճարում նրա համար։ Օսիմենը դարձավ Լիգա 1-ի այս տարվա գլխավոր բացահայտումներից մեկը, «Լիլի» հարձակման առաջատարը և լիգայի գլխավոր ռմբարկուներից մեկը։ Ֆիզիկական հիանալի տվյալներ, արագություն, գոլային հոտառություն․ Օսիմենը կարճ ժամանակահատվածում դարձավ թոփ ակումբների համար առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը։ Վերջերս բավականին հաճախ էին նորություններ հայտնվում միջազգային մամուլում, թե նիգերիացի ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է «Նապոլիի» հետ և կտեղափոխվի իտալական ակումբ։ Պաշտոնապես դա դեռևս հաստատված չէ, իսկ մյուս կողմից էլ՝ անգլիական գրանդները ևս հույսը չեն կորցրել ձեռք բերելու տաղանդավոր հարձակվողին։ Դե ինչ, շուտով կիմանանք՝ որտեղ կշարունակի կարիերան երիտասարդ «արծիվը»։
Վիլֆրեդ Նդիդի
🇳🇬 Նիգերիա
«Լեսթեր»
23 տարեկան
Տրանսֆերային արժեքը՝ 36 մլն եվրո

Բելգիայի առաջնությունում կայացած ևս մեկ ֆուտբոլիստ, և կրկին՝ Նիգերիայից։ Նդիդին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բելգիական «Գենկ» ակումբի կազմում, իսկ 2017 թվականի սկզբին միացել է «աղվեսներին»։ Երբ Կանտեն հեռացավ թիմից, շատերը կարծում էին, որ «Լեսթերը» առաջիկա տարիներին հազիվ թե գտնի նրան համարժեք փոխարինող, և կիսապաշտպանության կենտրոնը կլինի թիմի թույլ օղակներից մեկը։ Սակայն Վիլֆրեդը բոլորին ապացուցեց, որ «Լեսթերը» առաջիկայում կարող է չանհանգստանալ այդ առումով․ ներկայումս 23-ամյա հենակետային կիսապաշտպանը հանդիսանում է աշխարհում լավագույններից մեկն իր դիրքում։ Գրագետ, ֆիզիկապես հիանալի պատրաստված, խաղադաշտը տեսնելու հրաշալի ունակությամբ․․․ Վիլֆրեդը լավագույններից մեկն է ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում, այլ ընդհանրապես՝ լավագույններից է մեծությամբ երկրորդ մայրցամաքում։
Աշրաֆ Հակիմի
🇲🇦 Մարոկկո
«Ինտեր»
21 տարեկան
Տրանսֆերային արժեքը՝ 54 մլն եվրո

Եվ իհարկե, ամենաթանկարժեք «ադամանդը» մեր ցուցակում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն է՝ Աշրաֆ Հակիմին, ով վերջերս տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: 21-ամյա պաշտպանը կնքել է 5 տարվա պայմանագիր: «Ռեալը» տրանսֆերից կստանա 40 մլն եվրո՝ գումարած բոնուսներ, իսկ Հակիմին՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: Հայտնի է նաև, որ «Ռեալը» տրանսֆերը հետ գնելու առաջնային իրավունք չի ունենա: Մարոկկացին «Ռեալի» սան է. Մադրիդում է 2006 թ-ից: Այս մրցաշրջանը աֆրիկացի ֆուտբոլիստը անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայում»․ և ինչպիսի՜ մրցաշրջան նա անցկացրեց․․․ Ներկա դրությամբ Հակիմին ոչ միայն Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից է, այլ ընդհանրապես՝ աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկը։ Հատկանշկան է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Աֆրիկայում տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեքն է մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների շրջանում, և 5-րդը՝ բոլոր աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում։ Այդ առումով նա զիջում է միայն Սանե-Սալահ զույգին (120-ական մլն եվրո), Կալիդու Կուլիբալիին և Օբամեյանգին (56-ական մլն եվրո), չնայած վերջիններիս առաջիկայում Հակիմին հնարավոր է և շրջանցի, քանի որ նրանց համեմատ բավականին երիտասարդ է։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
5 ռմբարկուներ ոչ թոփ առաջնություններից
ՌԲ Լայպցիգը՝ ապագա աստղերի դարբնոց
Դեղձանիկները դեռ կճախրեն ֆուտբոլային երկնակամարում
Շոտլանդիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները
Լավագույնները Ա Սերիայի նկուղում
Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում