Այսօր` նոյեմբերի 1-ին լրանում է լեգենդար ծանրորդ, ՀՀ սպորտի նախկին նախարար, ապա Վրաստանում մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցը:
Այս կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է Վարդանյանի մահարձանը: Արարողությանը ներկա էին լեգենդի ընտանիքի անդամները, մտերիմները, Հայաստանի սպորտային ընտանիքի անդամներ:

«Յուրի Վարդանյանը հետք է թողել ոչ միայն ծանրամարտի բնագավառում, այլ ընդհանրապես ամբողջ սպորտի: Նա օրինակ է այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջ նպատակներ ունեն հասնելու մեծ արդյունքների: Ճիշտ է՝ նա մեզ հետ չէ, բայց հարյուրամյակների պատմություն է կերտել: Կուզենամ, որպեսզի իր անունը որքան հնչել է, տասնապատիկ ավել հնչի և բարձր պահի մեր սպորտի պատիվը», — մահարձանի բացման արարողությանն իր ելույթում նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, սպորտի կարկառուն ներկայացուցիչներ Լևոն Ջուլֆալակյանը, Օգսեն Միրզոյանը, Խորեն Հովհաննիսյանը և այլք:

Գևորգ Լոռեցյանի հետ զրուցեցինք նաև միջոցառումից հետո: Թեման նույնն է` Յուրի Վարդանյան.
— Յուրի Վարդանյան անունը լսելիս արդեն հպարտություն ես ապրում, որովհետև նա այն մարզիկն ու այն մարդն է եղել, ով սպորտի պատմության մեջ մեծ հետք է թողել: Նրա վաստակը շարունակելու է սերունդներ կրթել: Սա ամենամեծ գնահատականն է:
— Գյումրին ծանրամարտի դարբնոցն է: Դրանում որքա՞ն մեծ է Վարդանյանի ներդրումը:
-Կարծում եմ՝ դա հարց չէ, այլ պնդում (ժպտում է,- խմբ): Մենք չենք կարող ուրանալ նրա ավանդը հայկական ծանրամարտի գործում, ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում: Չեմ ուզում կենտրոնանանք Գյումրիի վրա, քանի որ նա Հայատանում, ԽՍՀՄ-ում և ամբողջ աշխարհում մեծ անուն ունեցող մարզիկ է եղել: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ներկա տարելիցի միջոցառմանը, դա փաստում է, որ Յուրի Վարդանյանը համաշխարհային անուն է:

-Եթե կազմենք պատմության ընթացքում հայ մարզիկների եռյակը, Վարդանյանը կներառվի՞ այդտեղ:
-Մենք բոլորին կարող ենք թվել մեկ հարթության վրա: Չեմ կարող պատասխանել, ուղղակի բոլորս հիշենք ու սերունդներին պատմենք, որ եղել է ու կա Յուրի Վարդանյան, ով հայկական սպորտի մեծագույն ներկայացուցիչներից մեկն է՝ առանց սանդղակների: Իհարկե, նա հայկական սպորտի մեծագույն մարզիկներից մեկն է, առանց կասկածի:

Արման Առաքելյան