Այսօրվա մեր հերոսները կլինեն անգլիական «Նորվիչի» երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստները։ «Դեղձանիկները» ԱՊԼ-ի հետնապահներն են, նրանք տեսականորեն դեռ հնարավորություն ունեն պահպանել իրենց տեղը Պրեմիեր Լիգայում, սակայն դա բավականին բարդ առաջադրանք կլինի համեստ ակումբի համար։ Եվ չնայած նրանց զբաղեցրած դիրքին՝ այս թիմը համալրված է հեռանկարային մի շարք ֆուտբոլիստներով, որոնց հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք կարգով ավելի բարձր ակումբներում։
Ջամալ Լյուիս
🏴Հյուսիսային Իռլանդիա
22 տարեկան
«Նորվիչ»

Ջամալը «Նորվիչի» սան է։ Նա արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ համարվում է թիմի հիմնական ձախ պաշտպանը։ Դեռ նախորդ մրցաշրջանում, երբ Լյուիսը իր թիմին օգնում էր Չեմպիոնշիփից դուրս գալ Պրեմիեր Լիգա, նրա նկատմամբ սկսել էին հետաքրքրություն ցուցաբերել ԱՊԼ-ի մի շարք ակումբներ։ Սակայն երիտասարդ ֆուտբոլիստը նախընտրեց այս մրցաշրջանում ևս մնալ «դեղձանիկների» ճամբարում, որպեսզի օգնի իր հարազատ թիմին պահպանել տեղը և ամրապնդվել ԱՊԼ-ում։ Առաջադրանքը, մեղմ ասած, ոչ բավարար արդյունքով են իրականացնում «Նորվիչի» ֆուտբոլիստները, սակայն դա ամենևին չի նսեմացնում Հյուսիսայի Իռլանդիայի հավաքականի պաշտպանի և այսօրվա մեր մյուս հերոսների արժանիքները։ Նրանք բոլորը դեռ երիտասարդ են, և նրանց ճանապարհը դեռ նոր է կառուցվում մեծ ֆուտբոլում։
Մաքս Արոնս
🏴Անգլիա
20 տարեկան
«Նորվիչ»

Եթե Ջամալը պատասխանատու է թիմի ձախ եզրի համար, ապա Մաքսը իր վրա է ստանձնում աջ եզրը։ Արոնսը, ինչպես և մեր նախորդ հերոսը, ևս «Նորվիչի» սան է և նախորդ տարի նա նույնպես օգնեց իր թիմին դուրս գալ ԱՊԼ։ Սա նրա երկրորդ լիարժեք մրցաշրջանն է մեծ ֆուտբոլում։ Բացի այդ, Արոնսը նաև Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացող է և միշտ գտնվում է ավելի բարձրակարգ ակումբների սկաուտների դիտակետում։ Եվ Մաքսը, և Ջամալը աչքի են ընկնում բավականին լավ արագությամբ և ֆիզպատրաստվածությամբ, սակայն նրանք ավելի շատ դավանում են մրցակիցների գրոհները քանդող-վնասազերծող ֆուտբոլին և դեռևս ավելացնելու տեղ ունեն թիմի գրոհները պաշտպանությունից սկսելու ասպեկտում։
Բեն Գոդֆրի
🏴Անգլիա
22 տարեկան
«Նորվիչ»

Պաշտպանության եզրերի մասին արդեն խոսեցինք, իսկ ահա կենտրոնում հանդես է գալիս Գոդֆրին, ֆուտբոլիստ, ում տրանսֆերի համար համառ պայքար են մղում լոնդոնյան երկու գրանդները՝ «Տոտենհեմը» և «Արսենալը»։ Գոդֆրին իր տարիքի համար բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում, աչքի է ընկնում առաջատարի հատկանիշներով և բացի նրանից, որ հաջողությամբ վնասազերծում է մրցակիցների հարձակվողներին, բավականին գրագետ սկսում է իր թիմի դիրքային գրոհները պաշտպանությունից։ Կպահպանի իր տեղը «Նորվիչը» ԱՊԼ-ում, թե՞ ոչ․ Բեն անունով «դեղձանիկն», ամենայն հավանականությամբ, կլքի թռչնաբունը՝ միանալով էլ ավելի բարձր թռչող երամի․․․
Էմիլիանո Բուենդիա
🇦🇷 Արգենտինա
23 տարեկան
«Նորվիչ»

Արգենտինացի ունիվերսալ կիսապաշտպանը «Նորվիչի» կազմը համալրել է նախորդ տարի։ «Խետաֆեի» նախկին ֆուտբոլիստը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ թիմի առաջատարներից մեկը, և նրա խփած 8 գնդակները ևս իրենց լուման ունեցան թիմի՝ ԱՊԼ ուղեգիր նվաճելու հարցում։ Սակայն այս մրցաշրջանում նրա պարտականությունները փոքր-ինչ փոխվեցին, և նրա գլխավոր խնդիրը դարձել է ոչ թե գրոհների եզրափակումը, այլ խաղընկերների համար գոլային հնարավորություններ ստեղծելը։ Ֆուտբոլիստը թիմի լավագույն դիսպետչերն է, ով արդեն 7 գոլային փոխանցում է կատարել այս մրցաշրջանում։ Բուենդիան հինականում հանդես է գալիս կիսապաշտպանության աջ եզրում, սակայն նա բավականին մեծ հաջողությամբ կատարում է նաև թիմի ենթահարձակվողի դերը և հարկ եղած դեպքում տեղափոխվում նաև հակառակ՝ ձախ եզր։
Թոդ Քենթվիլ
🏴Անգլիա
22 տարեկան
«Նորվիչ»

Անգլիացի կիսապաշտպանը «Նորվիչի» գլխավոր ակտիվներից մեկն է, թիմի ևս մեկ սան և տրանսֆերային շուկայում ամենացանկալի լոտերից մեկը։ «Նորվիչը» իր սկաուզերին (թիմի սան հանդիսացող ֆուտբոլիստ) տեսնում է որպես «դեղձանիկների» երամի ապագա առաջնորդ, ով հետագայում կդառնա թիմի առաջատարը և կօգնի թիմին ամրապնդվել անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգայում, սակայն ներկայիս պայմաններում դժվար կինի պահպանել նման տաղանդավոր ֆուտբոլիստին։ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ հետևում են Քենթվիլի առաջընթացին, և հասկանալի է, որ ֆուտբոլիստն անձամբ, սեփական առաջընթացի մասին մտածելով, կարող է փոխել ակումբային գրանցումը։ Չնայած, առաջ չընկնենք, և ժամանակը ցույց կտա՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Ինչ վերաբերվում է այս մրցաշրջանում ֆուտբոլիստի ելույթներին՝ երիտասարդ անգլիացին թիմի երկրորդ արդյունավետ ֆուտբոլիստն է (ֆինն հարձակվող Պուկիից հետո), ով արդեն աչքի է ընկել 6 խփած գնդակներով և կատարել է 3 գոլային փոխանցում։ Առանձնանում է բավականին լավ տեխնիկայով, արագությամբ, դաշտը լավ տեսնելու ունակությամբ և արգենտինացի Բուենդիայի հետ միասին հանդիսանում է թիմի գրոհների հիմնական շարժիչ ուժը։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Շոտլանդիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները
Լավագույնները Ա Սերիայի նկուղում
Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում