Հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել:
Մասնավորապես նշվում է, որ Առաջին խմբի առաջնության հերթական տուրի՝ «Լոկոմոտիվ»-«Մասիս» խաղում հյուր թիմը խախտել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 25-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները, ըստ որի Առաջին խմբում խաղի արձանգրությունում պետք է լինի առնվազն 10 հայ ֆուտբոլիստ։
«Մասիս» թիմի արձանագրությունում նշված են եղել 7 հայ ֆուտբոլիստներ։ «Մասիս» թիմի արձանագրությունում նշված է եղել նաև մարզիչ Վլադիմիր Տրուֆանովը, որը սակայն ներկա չի եղել հանդիպմանը՝ երկրում չլինելու պատճառով։ Մարզչի պարտականությունները կատարել է արձանագրությունում որպես թարգմանիչ նշված Բոնդարենկո Օլեկսանդրը։
Արդյունքում, որոշվել է «Մասիս» ֆուտբոլային ակումբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տուգանել 60 հազար դրամով:
Նշենք՝ «Լոկոմոտիվ»-«Մասիս» հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով: