ՊՍԺ-ի կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը ամռանը՝ պայմանագիրն ավարտվելուն պես, կհեռանա թիմից։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ փարիզյան ակումբը հարձակվողին նոր պայմանագիր չի առաջարկի, ու հունիսի 30-ին նա կհեռանա ՊՍԺ-ից։
Ֆուտբոլիստը Փարիզ էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով 2018 թվականին։ Ավելի վաղ նա պաշտպանել է անգլիական «Սթոք Սիթիի», գերմանական «Շալկե-04»-ի, «Մայնցի» ու «Համբուրգի» գույները։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի, դարձել 5 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։