Այս անգամ Ֆուտբոլային սկաուտ շարքում կանդրադառնանք Ա Սերիայի այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են թիմերում, որոնք ամենայն հավանականությամբ կլքեն Ա Սերիան կամ պարզապես գտնվում են այսպես ասված Ա Սերիայի «նկուղում»։ Այս ֆուտբոլիստները դժվար թե իրենց ներկայիս թիմերի հետ ուղևորվեն Բ Սերիա և ամենայն հավանականությամբ շուտով մենք նրանց կտեսնենք ավելի բարձրակարգ ակումբներում, իսկ նրանցից ոմանք արդեն իսկ գտել են իրենց ապագա հանգրվանը․․․
Անդրեա Պետանյա
🇮🇹 Իտալիա
24 տարեկան
ՍՊԱԼ

Ֆուտբոլիստը իր ապագայի մասին կարող է այդքան էլ չանհանգստանալ։ Այս ամառ նա կտեղափոխվի «Նապոլի»․ իտալական գրանդը դեռ ձմռանն էր 18 մլն եվրոյով ձեռք բերել իտալացի հարձակվողին և թողել էր նրան վարձավճարով ՍՊԱԼ-ում, որպեսզի նա ավարտի մրցաշրջանը ներկայիս թիմում։ Անդրեան «Միլանի» սան է, ով այս տարիների ընթացքում խաղացել է բազմաթիվ ակումբներում․ «Սամպդորիա», «Լատինա», «Վիչենցա», «Ասկոլի», նույնիսկ «Ատալանտայում», սակայն «դիցուհիների» կազմում նրա առաջընթացին չհավատացին, և վերջին երկու մրցաշրջանները Պետանյան անցկացրեց ՍՊԱԼ-ում՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 10 գոլից ավելիի հեղինակ դառնալով։ Ներկայումս նրա հաշվին 11 գոլ է և Ա Սերիայի մրցաշրջանի վերսկսումից հետո նա կփորձի է՛լ ավելի բարելավել իր վիճակագրությունը։ Կարծում եմ՝ նա բավականին լավ ձեռքբերում է «Նապոլիի» համար։
Անդրեա Չիստանա
🇮🇹 Իտալիա
23 տարեկան
«Բրեշիա»

Անդրեան կենտրոնական պաշտպան է, ով հարկ եղած դեպքում կարող է ծածկել նաև պաշտպանության աջ եզրը։ Նա «Բրեշիայի» սան է, այն ֆուտբոլիստներից մեկը, ով օգնեց իր թիմին դուրս գալ Ա Սերիա։ Կենտրոնական պաշտպանի համար ոչ արտահայտիչ ֆիզիկական տվյալները Անդրեան կոծկում է աշխատասիրությամբ և խաղադաշտում ճիշտ դիրք ընդունելու հատկությամբ։ Չիստանան, չնայած թիմի անհաջող մրցաշրջանին, լավագույններից մեկն է իր թիմում, և պատահակն չէ մի շարք ավելի բարձրակարգ ակումբների կողմից հետաքրքվածությունը նրա ծառայություններով։ Եվ ամենայն հավանականությամբ Ա Սերիայում կարիերան շարունակելու իր հնարավորությունը Չիստանան կստանա․․․
Ֆրանչեսկո Կասսատա
🇮🇹 Իտալիա
22 տարեկան
«Ջենոա»

Ջենոայի երկու թիմերը՝ «Ջենոան» և «Սամպդորիան» պայքարում են իրենց տեղը Ա Սերիայում պահպանելու համար։ Քաղաքի համանուն թիմում հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպան Կասսատան, ով վարձավճարով էր հանդես գալիս ակումբում։ Սակայն նրա անցկացրած տպավորիչ մրցաշրջանը համոզեց «Ջենոայի» ղեկավարությանը գնել «Սասուոլոյի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Գործարքը գնահատվել է 7 մլն եվրո։ Կասսատան ևս ունիվերսալ ֆուտբոլիտ է, ով հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, սակայն բավականին հաջող խաղում է նաև ձախ եզրում և հենակետայինի գոտում։ Եվս մեկ հաջող մրցաշրջան «Ջենոայի» կազմում և Ֆրանչեսկոն կարող է հավակնել ավելի բարձրակարգ ակումբում կարիերան շարունակելուն։
Յակուբ Յանտկո
🇨🇿 Չեխիա
24 տարեկան
«Սամպդորիա»

«Ջենոայի» կիսապաշտպանության կենտրոնը վերահսկում է Կասսատան, իսկ ահա նրանց ոխերիմ թշնամիների՝ «Սամպդորիայի» կենտրոնը չեխ ֆուտբոլիստինն է։ Սակայն Յակուբը՝ ի տարբերություն մեր նախորդ հերոսի, ավելի հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է, ով նախընտրում է ավելի շատ կազմակերպել իր թիմի գրոհները, քան խոչընդոտել հակառակորդինը։ Յանտկոն Ա Սերիայում նոր անուն չէ․ նա ժամանակին բավականին հաջող հանդես էր գալիս «Ուդինեզեյում», որտեղից «Սամպդորիա» նա տեղափոխվեց 2018-ին՝ նախ վարձավճարով, ապա 15 մլն եվրոյի դիմաց արդեն մշտական հիմունքներով։ Սակայն, կարծում եմ, այստեղ ևս նա երկար չի մնա, քանի որ, ըստ իս, ժամանակն է ուժերը փորձել է՛լ ավելի բարձրակարգ ակումբում և պայքարել ավելի բարձր նպատակների համար, քան պայքարել Ա Սերայում տեղը պահպանելու համար։
Սանդրո Տոնալի
🇮🇹 Իտալիա
20 տարեկան
«Բրեշիա»

Դե իհարկե, չէինք կարող մի երկու խոսքով չանդրադառնալ այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկին՝ Սանդրո Տոնալիին, ֆուտբոլիստ, ում հաճախ համեմատում են լեգենդար Անդրեա Պիռլոյի հետ։ Այն, որ Սանդրոյին սպասվում է մեծ ապագա, դեռ խոսում էին նախորդ մրցաշրջանից, երբ «Բրեշիան» դեռ հանդես էր գալիս Բ Սերիայում, իսկ այս մրցաշրջանում Տոնալին ապացուցեց, որ իսկապես համարվում է բարձրակարգ ֆուտբոլիստ՝ ահռելի պոտենցիալով։ Իհարկե, «Բրեշիան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը և ամենայն հավանականությամբ արդեն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանը Բ Սերիայում անցկացնելուն, սակայն Սանդրոն բոլորովին այլ պլաններ ունի․ «Ինտեր», «Միլան», «Յուվենտուս» , ՊՍԺ՝ կարիերան շարունակելու տարբերակները բավականին հետաքրքիր են, և ըստ որոշ տեղեկությունների, երիտասարդ իտալացին արդեն իսկ կողմնորոշվել է ապագայի հարցում և կարծես պայմանավորվել է «Ինտերի» հետ, սակայն դա արդեն ուրիշ պատմություն է, որին ամենայն հավանականությամբ մենք հետո կանդրադառնանք։ Ինչ վերաբերվում է «Բրեշիային», ապա իտալական համեստ ակումբը մինիմում 50-60 մլն եվրո կարող է աշխատել նրա տրանսֆերից և այդ գումարով ձեռք բերել 3-4 բավականին լավ ֆուտբոլիստներ՝ կրկին ակնկալելով վերադառնալ Բ Սերիայից իտալական ֆուտբոլային էլիտա։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում