Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը օրեր առաջ հայտարարեց Երևանի «Փյունիկից» հեռանալու մասին:
24-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմի կազմը համալրել էր 2017 թվականի սեպտեմբերին: Կես տարի անցկացնելով երևանյան թիմում՝ Միրանյանը հեռացել էր, սակայն 2018-ի նոյեմբերին կրկին վերադարձավ «Փյունիկ»:
«Ցանկանում են շնորհակալություն հայտնել «Փյունիկին», որ ինձ հնարավորություն տվեց վերադառնալ մեծ ֆուտբոլ»,- ArmSport-ի հետ ունեցած զրույցում ասում է Միրանյանը:
Միրանյանը ձմռանը մի շարք առաջարկներ է ունեցել այլ թիմերից, սակայն ցանկացել է մնալ «Փյունիկում» մինչև պայմանագրի ավարտը: «Իմ ու ակումբի պայմանագրի ժամկետն ավարտվել էր, և ես որոշեցի, որ չերկարաձգեմ պայմանագիրը, այդ պատճառով հեռացա «Փյունիկից»: Ես այս ձմեռ առաջարկ եմ ուենցել ղազախական թիմերից, բայց ցանկացել եմ մնալ «Փյունիկում» մինչև պայմանագրիս ավարտը»:
Արթուր Միրանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Ուկրաինայում, խաղացել է Դոնեցկի «Շախտյորի» բոլոր տարիքային թիմերում, ինչպես նաև հանդես է եկել Ուկրաինայի Մ17, Մ18 և Մ19 տարեկանների հավաքականներում: 2014-ին հայ ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ, վերջինս էլ բավարարել էր Միրանյանի հայտը՝ թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:

«Սրտիս խորքում միշտ էլ ցանկացել եմ, որ մի օր պետք է հանդես գամ Հայաստանի հավաքականում: Երբ հանդես էի գալիս Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականում, թիմը նախապատարաստվում էր աշխարհի առաջնությանը, հենց այդ ժամանակ արդեն միացա Հայաստանի ազգային հավաքականին, որը գլխավորում էր Բեռնար Շալանդը: Մասնակցեցի հավաքներին, բայց չմասնակցեցի առաջիկա խաղերին, քանի որ ՖԻՖԱ-ն դեռ չէր թույլատրել, փոխարենը խաղացի երիտասարդական հավաքականում: Այո, կարելի է ասել՝ ես ինձ զրկեցի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունից, բայց չեմ զղջում դրա համար և հպարտ եմ, որ խաղացել եմ իմ երկրի համար և դեռ շատ բան ունեմ անելու»:
Միրանյանի ապագայի հարցում դեռևս ոչ մի հստակություն չկա․
«Դեռ չեմ կարող ասել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս, բայց հուսով եմ, որ ամեն ինչ շուտով կլուծվի: Չեմ ցանկանում ասել, որ երբևէ հանդես չեմ գա Հայաստանում, բայց ներկա պահին միանշանակ հանդես չեմ գա հայկական ինչ-որ թիմում»:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված թիմի վատ ելույթներն ընթացիկ առաջնությունում, Միրանյանը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ մեր թիմի ֆուտբոլիստները գնացին, բայց արժանի փոխարինողներ չեղան: Վատ չէինք պատրաստվել, բայց մի բան երևի չհերիքեց՝ լավ հանդես գալու համար: Կարծում եմ՝ մարզչական փոփոխությունները նույնպես ազդեցին: Ժամանակ է պետք, որ թիմը փորձի հարմարվել նոր մարզչի ձեռագրին»:
Խոսելով ակումբի ղեկավար կազմում տեղի ունեցած տարաձայնությունների մասին՝ Միրանյանն ասաց.
«Ինչ որ լինի ակումբում ու ինչ խնդիրներ էլ ունենա ղեկավար կազմը, ֆուտբոլիստներս պետք է լինենք պրոֆեսիոնալ ու խաղադաշտում անենք այն, ինչ կարող ենք, մի բան էլ՝ ավելին: Չեմ կարծում, որ դա կարող էր անդրադառնալ թիմի վատ ելույթների վրա:
Ֆինանսական խնդիր ակումբում կար, բայց դրանում մեղավոր չէր ղեկավարությունը, ինչպես գիտենք, այդ ամենի պատճառը եղել է կորոնավիրուսը: Մինչև այդ ակումբում ֆինանսական վիճակը կայուն է եղել: Իմ որոշման վրա ակումբի ֆինանսական վիճակը չի ազդել»:
Միրանյանի հետ խոսեցինք նաև Հայաստանի առաջնությունում լեգիոներների սահմանափակման թեմայով:
«Միանշանական ես կողմ եմ լեգիոներների լիմիտին: Անկեղծ, ես չեմ հասկանում, երբ նայում եմ առաջնության հանդիպում, և խաղադաշտում լինում է մեկ հայ ֆուտբոլիստ: Շատ տխուր վիճակ է: Կարելի է ասել, որ մենք նայում ենք այլ առաջնություն, ոչ թե՝ Հայաստանի: Իմ կարծիքով, գոնե 6 ֆուտբոլիստ ամեն թիմում պետք է լինի խաղադաշտում: Լեգիոներների սահմանափակումը կօգնի երիտասարդ ֆուտբոլիստներին, և դրանից կշահի նաև Հայաստանի հավաքականը»:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ