Վերջին տարիներին ԱՄՆ-ն ներկայացնող երիտասարդ ֆուտբոլիստների քանակի զգալի աճ է նկատվում եվրոպական ֆուտբոլում, և նրանցից շատերին մասնագետները բավականին լավ ապագա են կանխատեսում։
Վերջին տարիներին «Չելսիի» ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը, հաջողությամբ հանդես գալով «Բորուսիայի» կազմում, ապացուցեց, որ ամերիկացիները ֆուտբոլում ևս կարող են մեծ հաջողությունների հասնել։ Բայց բացի Քրիստիանից եվրոպական թոփ առաջնություններում աչքի են ընկնում ևս մի քանի տաղանդվոր ամերիկացիներ, որոնց էլ ArmSport-ը ցանկանում է այսօր անդրադառնալ։ Դե ինչ, սկսենք ծանոթանալ, ինչպես ամերիկացիներն են ֆուտբոլին անվանում՝ սոքերի ապագա աստղերին։
Վեսթոն ՄակՔենի
🇺🇸 ԱՄՆ
21 տարեկան
«Շալկե»

«Շալկեն» վերջերս բավականին անհաջող է հանդես Բունդեսլիգայի վերսկսված առաջնությունում, սակայն ամբողջ թիմի անհաջողությունների ֆոնին՝ բարձրակարգ խաղով առանձնանում է մի տղա, ում անունն է Վեսթոն։ 21-ամյա ամերիկացին ծնվել է Տեխասում և հայրենի նահանգը ներկայացնող «Դալլասի» ակադեմիայի սան է: 2016թ նա տեղափոխվում է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Գելզենկիրխեն, որտեղ էլ շարունակում է իր ֆուտբոլային վերելքը «Շալկեի» երիտասարդական թիմում։ Նա այնքան լավ տպավորություն է թողնում առաջին թիմի մարզիչների վրա, որ հաջորդ մրցաշրջանում նրան տեղափոխում են գլխավոր թիմ։ Վեսթոնին նույնիսկ երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ընտելանա Բունդեսլիգայում և շատ կարճ ժամանակահատվածում նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ ՄակՔենին ունիվերսալ է․ խաղում է հիմնականում կիսապաշտպանության կենտրոնում՝ կապող օղակ հանդիսանալով պաշտպանական և հարձակման գծերի միջև։ Հարկ եղած դեպքում հանդես է գալիս հենակետայինի դիրքում, իսկ եթե պետք է՝ հաջողությամբ միանում է նաև գրոհներին։ Ներկա դրությամբ, կարծում եմ՝ ֆուտբոլիստն արդեն պատրաստ է ուժերը փորձել ավելի բարձրակարգ ակումբում, և հնարավոր է՝ արդեն այս ամառ նա տեղափոխվի որևէ թոփ ակումբ։
Թայլեր Ադամս
🇺🇸 ԱՄՆ
21 տարեկան
«ՌԲ Լայպցիգ»

Թայլերը, ով մեր նախորդ հերոսի հասակակիցն է, կարելի է ասել Red Bull-ի ամենահաջող ակտիվներից մեկն է ֆուտբոլում․ նա կարիերան սկսել է ֆուտբոլային հոլդինգին պատկանող թիմերից մեկում՝ «ՌԲ Նյու Յորքում»։ Հաջողությամբ հանդես գալով ամերիկյան թիմի ակադեմիայում, այնուհետև երիտասարդական թիմում՝ Թայլերը 2016թ-ից սկսում է հանդես գալ առաջին թիմում։ Բավականին լավ դրսևորելով իրեն MLS-ում՝ նախորդ տարվա հունվարին Ադամսը տեղափոխվում է Եվրոպա, որտեղ պայմանգիր է կնքում Red Bull-ին պատկանող ամենաուժեղ ակումբի՝ «ՌԲ Լայպցիգի» հետ։ Ի տարբերություն մեր նախորդ հերոսի՝ Վեսթոնի, նա դեռևս չի համարվում է «ցուլերի» առանցքային խաղացողներից մեկը, սակայն վերջերս սկսել է պարբերաբար հայտնվել թիմի հիմնական կազմում։ Եվ կրկին համեմատելով Վեսթոնի հետ՝ նշենք, որ Ադամսը ևս ունիվերսալ ֆուտբոլիստ է․ հիմնականում հանդես է գալիս հենակետայինի դիրքում, սակայն հաջողությամբ կարող է խաղալ նաև աջ պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում՝ հարկ եղած դեպքում փակելով ամբողջ աջ եզրը։ Ունենալով Ադամսի և Վեսթոնի նման ֆուտբոլիստներ իր կազմում՝ ԱՄՆ-ի հավաքականը առաջիկա 10 տարվա ընթացքում կարող է չանհանգստանալ կիսապաշտպանության կենտրոնի առումով։
Տիմոտի Վեա
🇺🇸 ԱՄՆ
20 տարեկան
«Լիլ»

Այո՛, այո՛, նա «Միլանի» լեգենդար հարձակվող, «ոսկե գնդակի» դափնեկիր, իսկ ներկայումս Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին է։ Հետաքրքիր է չէ՞ ՝ Լիբերիայի նախագահի որդին հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականում․ պատճառն այն է, որ Տիմոտին ծնվել է Բրուքլինում՝ Նյու Յորքում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով և ունի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քաղաքացիություն։ Հանդես գալով ԱՄՆ-ի տարբեր տարքիային պատանեկան և երիտասարդական հավաքականներում՝ Վեա կրտսերը որոշում է կայացնում հետագայում էլ ներկայացնել ԱՄՆ-ն, այլ ոչ թե իր հոր հայրենիքը՝ Լիբերիան։ Իհարկե, նա կարող էր ներկայացնել նաև Ֆրանսիան, սակայն, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հավաքականի հիմնական կազմում հաճախակի ընդգրկվելն ավելի հավանական է, քան եվրոպական հավաքականի։ Վեան, ինչպես մեր նախորդ հերոսը՝ Ադամսը, ևս սկսել է իր կարիերան «ՌԲ Նյու Յորքում», իսկ 6 տարի առաջ տեղափոխվել Փարիզ՝ ՊՍԺ։ Իհարկե, Նեյմարի, Մբապեի և Կավանիի հետ մրցակցելն անիրական էր ֆրանսիական ակումբում, և նա 2019-ի հունվարին վարձավճարով տեղափոխվում է շոտլանդական «Սելթիկ», այնտեղ կես մրցաշրջանի 12 խաղում դառնում 3 գոլի հեղինակ և կրկին վերադառնում Ֆրանսիա, բայց այս անգամ «Լիլ»․ «դոգերը» փարիզյան ակումբին վճարում են 10 մլն եվրո նրա տրանսֆերի դիմաց։ Արդյունքում՝ 4 խաղ և մեկ խփած գնդակ բոլոր մրցաշարերում մեկ տարվա ընթացքում։ Ֆուտբոլային սկաուտի նախորդ շարքերից մեկում մենք անդրադարձել էինք Մարկուս Թյուրամին, ով ևս լեգենդար ֆուտբոլիստի որդի է, սակայն, ի տարբերություն մեր այսօրվա հերոսի, արդեն իսկ դուրս է գալիս իր հոր ստվերից։ Նույնը դեռևս չենք կարող ասել Տիմոտիի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը իսկապես տաղանդավոր է, ունի հնարավորություն դառնալ եթե ոչ մեծագույն, գոնե միջինից բարձր կարգի հարձակվող։ Նա ընդամենը 20 տարեկան է, և աշխատանքի նկատմամբ ճիշտ մոտեցման դեպքում, նա դեռևս շատ բան կարող է ապացուցել ֆուտբոլային հանրությանը։
Ի դեպ, Տիմոտիի ավագ եղբայրը՝ Ջորջ Վեա կրտսերը, ևս ֆուտբոլիստ է, սակայն հիմնականում հանդես է եկել շվեյցարական ցածր դիվիզիոնների թիմերում և առանձնապես հաջողություններ չի գրանցել մեծ ֆուտբոլում։ Միայն կարելի է նշել, որ Ջորջ Վեա կրտսերը ժամանակին հանդես է եկել ԱՄՆ-ի Մ20 հավաքականում։ Հուսանք, որ Տիմատիին այլ ապագա է սպասվում, չէ՞ որ լավ հիմքը արդեն իսկ դրված է․․․
Սերժինյո Դեստ
🇺🇸 ԱՄՆ
19 տարեկան
«Այաքս»

Այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը կարելի է համարել հենց երիտասարդ ամերիկացի պաշտպանին։ Դեստը նիդերլանդական ֆուտբոլային դարբնոցի սան է․ դեռ 11 տարեկան հասակում «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիան նրան ձեռք է բերում նիդերլանդական մեկ այլ ակումբի՝ «Ալմերե Սիթիի» ակադեմիայից, և 8 տարվա ընթացքում տաղանդավոր ֆուտբոլիստը, հանդես գալով նիդերլանդական գրանդի տարբեր տարիքային թիմերում, այդ մրցաշրջանից սկսած հաստատվում է հիմնական թիմում՝ դառնալով լավագույններից մեկը Էրեդիվիզիում իր դիրքում։ Դեստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, երբեմն էլ՝ խաղում է ձախ եզրում։ Առաջին իսկ մրցաշրջանում 19-ամյա պաշտպանը գրավում է գրեթե բոլոր գրանդ ակումբների սկաուտների ուշադրությունը և պատահական չէ, որ այժմ «Բավարիան» և «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված են նրա ծառայություններով։ Սակայն, ըստ իս, ավելի ճիշտ կլիներ ևս մեկ-երկու մրցաշրջան անցկացնել «Այաքսի» կազմում, քանի որ ներկա դրությամբ, դատելով մեծ ֆուտբոլում միայն առաջին մրցաշրջանի արդյունքներից, դեռևս վաղ է ուժերը փորձել գրանդ ակումբում։ Մենք հաճախ ենք ականատես եղել, թե ինչպես են «ֆուտբոլի ապագա աստղերը», վաղ տարիքում տեղափոխվելով թոփ ակումբներ, չեն կարողացել դառնալ հիմնական կազմի խաղացող և ներկայումս հանդես են գալիս միջին մակարդակի թիմերում։ Իհարկե, լինում է և հակառակը, Ալֆոնսո Դեյվիսը «Բավարիայից»՝ վառ օրինակ։ Իսկ ամերիկացու պարագայում որևէ կանխատեսումներ անել ներկա դրությամբ սխալ կլինի, ամեն ինչ կախված է թե՛ անձամբ ֆուտբոլիստից, թե՛ այն թիմից, որտեղ ապագայում նա կհայտնվի։ Դեստը բոլորովին շտապելու տեղ չունի, նրա մոտ դեռ ամեն ինչ առջևում է․․․
Ջիովանի Ռեյնա
🇺🇸 ԱՄՆ
17 տարեկան
«Բորուսիա Դ․»

Եվս մեկ ֆուտբոլիստ Նյու Յորքից, սակայն այս անգամ արդեն ամերիկյան մեգապոլիսի մյուս ակումբից՝ «Նյու Յորք Սիթիից», որն, ի դեպ, պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր հանդիսացող City Football Group ընկերությանը։ Սակայն, ի տարբերություն Ադամսի, ով տեղափոխվեց մեկ ՌԲ-ից մյուսը, երիտասարդ կիսապաշտպանը Եվրոպայում կարիերան շարունակելու համար նոր ակումբ է ընտրում ոչ թե «Ման Սիթին», այլ «Բորուսիան», որի երիտասարդական թիմում հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից, իսկ այս տարի 17-ամյա վունդերքինդն ընդգրկվում է «մեղուների» հիմնական թիմում՝ արդեն իսկ անցկացնելով 11 հանդիպում Բունդեսլիգայի շրջանակում։ Երիտասարդ վինգերը աչքի է ընկնում շատ լավ տեխնիկայով և արագությամբ, սակայն մյուս ասպեկտներում դեռևս ավելացնելու տեղ ունի, և աշխատասիրության ու համբերության շնորհիվ Ռեյնան, ամենայն հավանականությամբ, կարող է կրկնել Պուլիշիչի անցած ուղին Բունդեսլիգայում․․․
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում