Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի (AIBA) Գործկոմի անդամ Ումար Կրեմլյովը Коммерсантъ-ին պատմել է համավարակի ընթացքում կազմակերպության գործունեության, սպասվելիք նախագահական ընտրությունների և այդ պաշտոնում իր հավակնությունների մասին:
«AIBA-ի կոնգրեսը կկայանա դեկտեմբերին: Սկզբում կհաստատվի կանոնադրությունը, ինչից հետո կկայանան նախագահի ընտրությունները: Դեռ չեմ մտածել՝ ով կմասնակցի ընտրություններին: Ցանկացողները շատ են, բոլորը ցանկանում են նախագահ լինել: Իսկ ես նրանց մեկ հարց եմ տալիս. «Տղաներ, իսկ դուք ի՞նչ եք արել բռնցքամարտի համար, որպեսզի արժանի լինեք այդ պաշտոնին: Եկեք սկզբի համար մասնակցեք բարեփոխումներին»: Ընդ որում, աշխարհի ոչ մի ֆեդերացիա այնպիսի փոփոխություններ չի կրել, ինչպիսին՝ մենք:
— Ի՞նչ է մտնում բարեփոխումների այդ փաթեթում:
-Կոպիտ ասած, ամեն ինչ՝ անվանումից մինչև գրասենյակի տեղակայում: Կլինի նոր, հզոր կազմակերպություն:
-Համաշխարհային բռնցքամարտի ֆոնդը, որի մասին հայտարարել էիք նախորդ տարի, արդեն աշխատո՞ւմ է:
-Ցավոք, գրանցման գործընթացը փոքր-ինչ ձգձգվեց: Շվեյցարական մարմիններն ամեն ինչ դանդաղ են համաձայնեցնում: Մեկ ամսից՝ մայիսի վերջին, կարծում եմ, այն կաշխատի: Բայց մենք արդեն նախապես քննարկել և համաձայնության ենք եկել մեր ֆորումների ընթացքում, թե որ ֆեդերացիաներին օգնենք, որ գոտիներն են առավել խնդրահարույց: Արդեն կա բյուջեն, հովանավորներ: Ենթադրում եմ, որ շատ դիմումներ կլինեն վիրուսի պատճառով:

-Ըստ Ձեզ, ե՞րբ կկայանա AIBA-ի վերականգնումը:
-Ես առհասարակ խորհուրդ եմ տալիս չնայել ՄՕԿ-ին: Պետք է նախևառաջ ինքներս վերածնվենք: Միջազգային մարզական ֆեդերացիան անկախ կառույց է: Իսկ AIBA-ն երկար ժամանակ կախված էր հենց ՄՕԿ-ից: Ո՞վ էր Ու Ցզինգոն (խմբ. — AIBA-ի նախկին նախագահը, որին տրված անվստահության քվեով ֆեդերացիայում սկսվեց ադմինիստրատիվ ճգնաժամը): ՄՕԿ-ի գործկոմի անդամ: Եվ ինչի՞ հանգեցրեց նրա ղեկավարումը: Ճիշտ է՝ սնանկության:
-Վերադառնանք նախագահի ընտրությունների թեմային: Շատերի կողմից հենց Դուք եք համարվում AIBA-ի նախագահի պոտենցիալ թեկնածուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը:
-Չեմ թաքցնի. ազգային ֆեդերացիաների մոտ 90% -ը խնդրում է, որ ես գլխավորեմ AIBA-ն: Չէ՞ որ նրանք տեսնում են, որ մենք մասնակցում ենք բոլոր կարևոր ակցիաներին, օգնում ենք տարբեր կազմակերպությունների: Տեսնում են, թե որքան արդյունավետ է աշխատում մարքետինգային կոմիտեն: Եթե չլիներ կորոնավիրուսը, մենք արդեն կներկայացնեինք AIBA -ի բյուջեն և բարեփոխումների իրականացման մանրամասն ծրագիրը: Իսկ ես դեռ մտածում եմ:
-Այդ մտածմունքների համար վերջնաժամկետ կա՞:
-Ամսվա վերջին ամեն ինչ պարզ կլինի: