Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է: Armsport-ը շարունակում է զրուցել Բարձրագույն խմբի ակումբների մարզիչների և խաղացողների հետ՝ փորձելով պատկերացում կազմել նրանց մարզավիճակի ու առաջնության մնացած հատվածի հնարավոր զարգացումների մասին: Այս անգամ զրուցել ենք «Ուրարտուի» առաջատարներից Վահագն Այվազյանի հետ, որը վերջերս հայտնվել էր տարօրինակ իրավիճակում: Խաղացողը համալրել էր «Լոռիի» շարքերը, սակայն ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում կարող է խաղալ առավելագույնը 2 ակումբում, իսկ «Լոռին» մեկ մրցաշրջանի ընթացքում Վահագնի 3-րդ ակումբն էր:
-Վահագն սկսենք մի տարօրինակ ու ինչ-որ տեղ տհաճ միջադեպից, որում հայտնվել էիր դու: Ինչպե՞ս եղավ, որ նման բացթողում թույլ տվեցիք: Գործարքն իրականացնող գործակալները չէին ֆիքսել, որ այս մրցաշրջանում այլևս չես կարող խաղալ «Լոռիի» կազմում:
-Անկեղծ ասած, և՛ Օմանի «Ալ Նասրում» գործակալ կար, և՛ այստեղ, որոնք չէին նկատել ու զգուշացրել: «Ալ Նասրից» վերադառնալուց հետո առաջարկ եղավ Վանաձորի «Լոռիից»: Կայքերից մեկը գրեց, որ Վահագն Այվազյանը չի կարող խաղալ «Լոռիի» կազմում այս մրցաշրջանում, քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարող 3 թիմ փոխել: Հետաքրքրվեցինք, պարզ դարձավ, որ, իրոք, չեմ կարող խաղալ «Լոռիի» կազմում. եթե ցանկանում էի անգործ չնստել մի քանի ամիս, պետք է խաղայի «Ալ Նասրում» կամ «Ուրարտուում»: Բնականաբար դիմեցինք «Ուրարտուին» ու շատ շնորհակալ եմ 2 թիմին էլ, որ խոչընդոտներ չառաջացրին «Ուրարտու» վերադառնալու հետ կապված:
-Կա՞ պայմանավորվածություն, ըստ որի, եկող մրցաշրջանում խաղաս «Լոռիում»:
-Եթե անկեղծ լինեմ, տեղյակ չեմ՝ ակումբների միջև պայմանավորվածություն կա, թե ոչ, բայց կորոնավիրուսն ամեն ինչ խառնել է իրար ու այս պահին, առավել ևս, հստակ ոչինչ չեմ կարող ասել:
-Անցնենք կորոնավիրուսի համավարակի առաջացրած դժվարություններին:
-Վատ է, որ 2 ամիս գործնականում զրկվեցինք մարզվելու և խաղալու հնարավորությունից: Ճիշտ է, մենք անհատական ծրագրեր ստանում ու մարզվում էինք, ինչպես իսկական պրոֆեսիոնալներ, բայց թիմային մարզումների որակն ու արդյունքը այլ է: Նախապատրաստական շրջանը սկսել ենք ապրիլի 23-ից, ամեն ինչ իր հունով ընթանում է, բայց կարծում եմ, որ նախապատրաստական շրջանի համար հատկացված ժամանակը այնքան էլ շատ չէր: Այդ բացը լրացնելու լավ միջոց էր ընկերական հանդիպումների շարքը՝ հասկանալու այս պահին եղած խնդիրները:
-Ինքդ քաշի խնդիր ունեցե՞լ ես թիմային մարզումների վերադառնալու պահին:
-Միշտ պահել եմ քաշս, որպես այդպիսին, քաշի խնդիր չեմ ունեցել: 1 կգ-ի տատանում եղել է, որը նորմալ է ֆուտբոլիստի մոտ:
-Իսկ կարանտինային շրջանն ինչպե՞ս անցկացրեցիր: Ինչո՞վ էիր զբաղվում:
-Տանը եղած ժամանակ ֆիլմեր ու սերիալներ եմ շատ նայել: Շատ ժամանակ երեխայիս հետ եմ անցկացրել, բայց այնպես չէ, որ անընդհատ տանն եմ եղել: Միշտ գնում էի մոտակա այգիներ ու մարզվում՝ փորձելով ինչ-որ կերպ պահպանել մարզավիճակս:
-Ալեքսանդր Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ: Ի՞նչ ազդեցություն ունի գլխավոր մարզչի բացակայությունը:
-Գրիգորյանի բացակայությունը զգացվում է: Ճիշտ է, նա իր ցուցումներով փորձում է հեռակա կերպով օգնել, բայց իր ֆիզիկական ներկայությունը ևս շատ կարևոր է թիմի համար: Մենք՝ ֆուտբոլիստներս, իր հետ կապի մեջ ենք: Պետք եղած ժամանակ մենք էլ ենք կապ հաստատում իր հետ ու զրուցում, խորհրդակցում:
-Կա՞ն էլի խաղացողներ, որ այս պահին թիմի հետ չեն:
-Այո, կա մի քանի խաղացող, որ այս պահին դրսում է, բայց ակումբն ամեն ինչ անում է, որ նրանք հնարավորինս շուտ միանան թիմին:
-Վահագն, փորձիր համեմատել «Ուրարտուն» ու «Ալ Նասրը»:
-«Ալ Նասրի» ու «Ուրարտուի» միջև տարբերություն կա ու այն շատ մեծ է: Երևանյան թիմն ունի շատ ուժեղ մարզաբազա, լավ պայմաններ, որը «Ալ Նասրում» կաղում էր, քանի որ այնտեղ շեշտը դրվում է արդյունքի վրա և ուշադրություն չեն դարձնում մանկապատանեկան ֆուտբոլին: Մեզ համար նորություն չէ, որ «Ուրարտուն» հզոր ենթակառուցվածքներ ունի: Նույնիսկ, ռուսական ուժեղ ակումբներ կան, որ նման ենթակառուցվածքներ չունեն:

-Այդ դեպքում, ինչու՞ ընտրեցիր Օմանում խաղալու տարբերակը:
-Դե 16-17 տարեկան հասակում նորամուտս նշեցի Բարձրագույն խմբում և մինչ «Ալ Նասր» տեղափոխվելս խաղացել եմ այստեղ: Պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ առաջարկներ այդքան էլ շատ չեմ ունեցել: Չէի կարող ընտրել ակումբների միջև: Եղավ առաջարկ «Ալ Նասրից» ու հետաքրքրվեցի և իմացա, որ նախորդ տարի թիմը ներքին առաջնությունում երկրորդն է եղել: Թիմը սկսեց ինձ հետաքրքրել թե իր կայունությամբ, թե իր խաղով, և որոշեցի ուժերս փորձել դրսում, քանի որ շատ էի արդեն խաղացել Հայաստանի առաջնությունում: Ընտրեցի պայմանագրի «կես մրցաշրջան» տարբերակը, քանի որ երկրին ու առաջնությանը ծանոթ չէի: Խաղացի, պայմանագիրս ավարտվեց ու նպատակահարմար գտա վերադառնալ Հայաստան:
-Վերադառնանք Ձեր ասածին, որ «Ուրարտուն» հզոր ենթակառուցվածքներ ունի: Կարող ենք փաստել, որ պատանեկան հավաքականներում «Ուրարտուի» խաղացողները շատ են, սակայն նրանք հետագայում ինչ-որ ձևով կորչում են, երբ գործը հասնում է Ազգային հավաքական մուտք գործելուն: Դուռը թակում են, բայց չեն մտնում: Նախկին «Բանանցի» սաներից վերջին տարիներին հավաքականում խաղացել են Արմեն Մանուչարյանը, Պետրոս Ավետիսյանը, Վալտեր Պողոսյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Հենրի Ավագյանը, Հովհաննես Համբարձումյանը, Գագիկ Դաղբաշյանը: Այս կարճ շարքը ինչ-որ տեղ ավարտվում է: Ինչու՞:
-Կան ֆուտբոլիստներ, որոնք «Ուրարտուի» սաներ են, ինչպես նշեցիք, ու հավաքական են հրավիրվել՝ լինելով արդեն այլ ակումբի խաղացողներ, բայց նրանք նախկին «Բանանցի» սաներ են: Ես խորը չեմ կարող վերլուծել, թե որտեղ է թելը կտրվում, քանի որ մասնագետ չեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր ղեկավարները հիմա մեծ աշխատանքներ են տանում, մեծ ցանկություն ունեն, դա փաստ է: Ես արդեն 7 տարի է այստեղ եմ ու շատ տաղանդավոր խաղացողների եմ տեսել, տեսնում եմ, որոնք կարող են հետագայում համալրել մեր ազգային հավաքականը: Պարզապես նրանց հետ ճիշտ աշխատանք է պետք տանել, որը հիմա կազմակերպում են մեր ղեկավարները:
Արդարության համար պետք է փաստենք, որ «Ուրարտուի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը երկրորդ թիմի լավագույններին առաջին թիմի մետ մարզվելու հնարավորություն է տվել ու շատ հնարավոր է, որ նրանց օգտագործի առաջիկա խաղերում:
-Անցնենք առաջնության թեմային: Գավաթի խաղարկության առաջին խաղում պարտվել եք, բայց առջևում կա պատասխան խաղ, իսկ առաջնությունում թիմի համար այլևս ինտրիգ չկա: Ի՞նչ մոտիվացիայով է «Ուրարտուն» դուրս գալու խաղադաշտ:
-Այո՛, դեռ պայքարելու ենք գավաթի խաղարկությունում: Ինչ վերաբերում է Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը, կարող եմ փաստել, որ մեր առջև դրված առաջադրանքները երբեք չեն փոխվում. ցանկացած պարագայում պայքարել հաղթանակի համար: Մոտիվացիան՝ մտնել խաղադաշտ, հաղթել ու ապացուցել, որ այս պահին մեր զբաղեցրած դիրքը չի արտացոլում այն ուժը, որն ունի «Ուրարտուն»: Վեցնյակում գտնվող թիմերից խաղ ունենք «Արարատի» հետ ու ամեն ինչ կանենք հաղթելու համար:
-Առաջնության ձևաչափը առաջնության կեսից փոփոխել ճի՞շտ կլիներ:
-Կարծում եմ, որ այս տարի 10 թիմով շատ հետաքրքիր առաջնություն կլիներ, եթե խաղայինք ավանդական ձևաչափով: Մեր առաջնություններում գրեթե միշտ ակնհայտ հետնապահներ չեն եղել, թիմերը շատ հավասար են եղել ու միշտ հավասար պայքար է եղել: Եթե նայենք մեր աչքերով, կցանկանայի վեցնյակը չլիներ ու պայքարը շարունակվեր, բայց օբյեկտիվորեն նրանք իրենց տեղը վաստակել են վեցնյակում:

-Վահագն, գաղտնիք չէ, որ «Ուրարտուում» վերջին շրջանում հիմնականում խաղում էիր եզրային պաշտպանի դիրքում, բայց ինչպես ժամանակակից եզրային պաշտպանները, դու շատ հաճախ ես միանում գրոհներին, եթե մարզչի կողմից կոնկրետ հրահանգ չի լինում: Ի վերջո, ո՞րն է ամենահոգեհարազատ ու հարմար խաղային դիրքը:
-Կարելի է ասել՝ ունիվերսալ խաղացող եմ դարձել: Սկսեմ մի փոքր ավելի վաղուց: Մ-19 տարեկանների հավաքականում Սևադա Արզումանյանի գլխավորությամբ խաղացել եմ կենտրոնական հարձակվողի դիրքում: Հետո Արմեն Գլուլբուդյանցի, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խաղացել եմ եզրային կիսապաշտպանի դիրքում: «Ուրարտուում» ևս եզրային կիսապաշտպանի դիրքում եմ խաղացել, հետո սկսեցի աջ պաշտպանի դիրքում խաղալ ու ամրապնդվեցի այդ դիրքում: «Լոռիում» Դավիդ Կամպանյան ինձ տեսնում էր կենտրոնում՝ ենթահարձակվողի ու հենակետային կիսապաշտպանի դիրքում: Արդեն հիմա դժվարանում եմ կոնկրետ դիրք առանձնեցել: Մարզիչս որտեղ խաղալու հրահանգ տա, այդտեղ էլ կխաղամ:
-Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձե՞նք: Վաղ տարիքում ո՞ր դիրքում էիր երազում խաղալ:
-Երևի, եզրային կիսապաշտպանի դիրքում: Երազած չէի ասի, բայց հոգեհարազատ դիրք է: «Ալ Նասրում» հենց այդ դիրքում եմ հիմնականում խաղացել ու վատ չի ստացվել. 12 խաղում խփել եմ 1 գոլ ու 5 գոլային փոխանցում կատարել:
-Վահագն, նախորդ տարի եկավ մի հատված, երբ բոլորը քեզ սպասում էին հավաքականում: Թվում էր, թե հասունացել է այդ պահը: Ի՞նչը խանգարեց, ըստ քեզ:
-Դա շատ ցավոտ թեմա է ինձ համար: Ազգային հավաքականում խաղալը բոլոր հայ ֆուտբոլիստների երազանքն է: Հնարավոր է՝ սա ծեծված խոսք է, բայց հոգով ու սրտով մեծ ցանկություն ունեմ այդ բարձր նշաձողին հասնելու: Ես ամեն օր փորձում եմ կատարելագործվել, որպեսզի արժանանամ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Չկա հատուկ մի բան՝ ասեմ, որ այս բանի համար ինձ չեն կանչում հավաքական: Ես խաղադաշտում ամեն ինչ տալիս եմ, որ հավաքականում խաղալու հնարավորություն ստանամ:
-Հավաքականը իսպանացի նոր գլխավոր մարզիչ ունի, որը հայտնի է եզրային պաշտպանների հետ աշխատելու առանձնահատուկ յուրահատկությամբ: Պատկերացնու՞մ ես նրա հետ քո աշխատանքը:
-Անվանի մարզչի գլխավորությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի: Պետք է պարզապես չկանգնել, չհանձնվել, անընդհատ աշխատել: Ես ամեն ինչ անելու եմ այդ բարձունքին հասնելու համար:
-ԵԼ-ի 2018-2019 թթ-ի մրցաշրջանում մրցեցիք բոսնիական «Սարաևոյի» հետ: Երևանյան խաղում մեկ անգամ տուգանայինից կատարած հարվածով գոլ խփեցիր, մեկ անգամ էլ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Բոսնիացի մեկնաբանն էր արդեն քեզ մեծարում: Ինչ-որ արձագանքներ եղա՞ն խաղից հետո:
-Իրենց մարզիչն էր գովեստի խոսքեր ասել իմ հասցեին: Անցավ մի քանի ամիս, իմացա, որ խոսել են իմ մասին, բայց կոնկրետ առաջարկ չի եղել:
Զրույցը եզրափակենք մի քանի հարցով, որը շատերին կհետաքրքրի.
-Պատմության լավագույն խաղացողը.
-Շատ դժվար է նշել մեկին: Երևի ընտրեմ այն խաղացողների շրջանակից, որոնց խաղին հետևել եմ: Կընտրեմ Կրիշտիանու Ռոնալդուին ու Զինեդին Զիդանին:
-Պատմության լավագույն մարզիչը.
-Սըր Ալեքս Ֆերգյուսոն: Նա աներևակայելի էր.
-Դիտածդ խաղերից լավագույնը.
-2006 թ-ի ԱԱ եզրափակիչ՝ Իտալիա-Ֆրանսիա հանդիպումը (1-1, 11 մետր.՝ 5:3).
-Խաղ, որին կուզեիր մասնակցած լինեիր.
-2016 թ-ի ԵԱ եզրափակիչ՝ Պորտուգալիա-Ֆրանսիա խաղին (1-0)
-Երազանք, որը դեռ չի իրականացել.
-Դառնալ հավաքականում կարևոր դերակատարություն ունեցող ֆուտբոլիստ: Երազանքների կողմնակից չեմ: Դա իմ առջև սահմանված է որպես նպատակ:
Արմեն Գարամյան