Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող, դեռևս 1935 թվականից գործող «Սպարտակ» մարզահամալիրում բարեկարգման աշխատանքներ են ընթանում. տեղեկությունը, թե այն քանդվում է, իրականությանը չի համապաստասխանում: Այս մասին ArmSport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ նախագահ Սոկրատ Պետրոսյանը. «Սպարտակ» մարզահամալիրը գտնվում է հենց այս ՀԿ-ի ենթակայության տակ:
-Պարոն Պետրոսյան, տեղեկություն կա, որ «Սպարտակ» մարզահամալիրը քանդվում է, մասնավորապես փակ է վազքուղին, քանի որ այնտեղ աղբ, քարեր և պողպատյա ամրաններ է լցված, քանդվել է նաև տրիբունան: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
-Ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվում: Մաքրում ենք աղբը՝ հին շինարարական աղբը, դրա փոխարեն մտադիր ենք տրենաժորներ, մարզասարքեր, աստիճաններ կառուցել՝ հանրային մարզումների համար, որպեսզի երեխաները կարողանան մարզվել: Ուրիշ ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու:

-Մեզ հետ նախորդ զրույցում՝ դեռ աշնանը, նշեցիք, որ բարեկարգման աշխատանքներ եք մտադիր իրականացնել և սպասում եք քաղաքապետարանի թույլտվությանը: Ստացա՞ք:
-Այո, իհարկե ստացանք: Մոտ 10-15 օր առաջ ստացանք թույլտվությունն ու մինչ այդ դադարեցված աշխատանքները՝ մաքրման, բարեկարգման, շարունակեցինք: Մենք թույլտվություն ենք ստացել մաքրելու հին շին. աղբը: Ոչ միայն մեր մարզիկների, այլև՝ մեր ժողովրդի, սովորական մարդկանց համար, քանի որ դա հանրային վայր է: Այնտեղ լինելու են տուրնիկներ, զուգափայտեր մեր երեխաների, ժողովրդի համար: Մաքրում ենք աղբանոցը:
-Ինչպես հայտնի է, ՀՀ Պարետատան որոշմամբ մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումներն ու ուսումնամարզական հավաքները: Արդյոք «Սպարտակում» արդեն վերսկսվե՞լ են մարզումները:
-Ոչ: Դա ժողովրդի առողջության հետ է կապված, մեր երեխաներին չենք դնի վտանգի տակ: Ոչ մի մարզում «Սպարտակում» չի անցկացվի, քանի դեռ ամբողջովին սահմանափակումները չհանվեն:
-Այսինքն, պատճառը միայն առողջության պահպանմա՞ն խնդիրն է, թե՞՝ իրականացվող աշխատանքների պատճառով պայմանները ևս թույլ չեն տալիս մարզումներ անցկացնել:
— Ե՛վ առողջության, և՛ պայմաններից ելնելով: Մենք պարզապես այս ժամանակը օգտագործեցինք, որ մինչև մարզումների վերսկսումը պատրաստ լինի, բայց քանի դեռ կառավարությունից թույլտվություն չենք ստացել մարզումներ իրականացնելու, ոչ մի մարզում այդտեղ չի իրականացվի:
-Տեղեկություն կար, որ հանվել են անգամ «Սպարտակի» լոգոները: Կա՞ նման բան:
-Ոչ մի լոգո չի կտրվել: Ինչ՝ կար, տեղում է: Եվ հետո, հիմա չի կոչվում «Սպարտակ», 1987 թվականից «Սպարտակ» գոյություն չունի, հիմա կոչվում է «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ: Մենք նոր լոգո ունենք, որի մեջ կա նաև «Սպարտակի» նշանը, և դա տեղում է: Ոչինչ չի հանվել: Ընդհակառակը, մենք բարեկարգելու ենք, գեղեցկացնելու ենք, ոչինչ չի քանդվել: Ես ինքս մարզիկ եմ, ինչպե՞ս թույլ կտամ «Սպարտակը» քանդել, մեկ այլ բան կառուցել: Լինելու են միայն սպորտային կառույցներ:

-Սպորտի նախարարությունը որքանո՞վ է տեղյակ «Սպարտակի» շուրջ ծավալվող իրադարձություններին, և արդյոք կապ կա՞ նրանց հետ:
-Իհարկե, Սպորտի նախարարությունը տեղյակ է ամենից: Մեր բոլոր կառույցների համար մենք ունենք սեփականության վկայական, մենք ՀԿ ենք, և պարտավոր էլ չենք տեղյակ պահել՝ չնայած տեղյակ պահել ենք: 30 տարի է՝ աղբանոց էր, թողնեինք՝ այդպե՞ս մնար, լա՞վ կլիներ այդպես: Արդեն 9 ամիս է՝ հանդիսանում եմ «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ-ի նախագահը ու ահռելի աշխատանք եմ կատարել՝ սկսած զուգարանների ավելացումից, աղջիկների հանդերձարանների վերանորոգումից, մինչև աշխատասենյակների վերանորոգումը: Կային փլված պահեստներ, որոնք վերանորոգել ենք: Վերանորոգել ենք ֆիտնես-դահլիճն ու մտադիր ենք վարձակալությամբ տրամադրել:
-Ե՞րբ եք նախատեսում ավարտել բարեկարգման աշխատանքները:
-Չեմ կարող ասել: Կարծում եմ՝ մինչև մյուս ամսվա կեսերը վերջացրած կլինենք: Ֆինանսներից է կախված: Կառավարությունը մեզ աշխատավարձերից բացի ոչ մի գումար չի տալիս: Ոչ ավելի, ոչ ժավելի համար … ինչ անում ենք, անում ենք մեր ու մեր ընկերների հաշվին:
-Հայտնի է՝ ՀԿ-ն պետական ֆինանսավորում է ստանում տարեկան մոտ 304 միլիոն ՀՀ դրամի չափով: Դա միայն աշխատավարձերի վճարմա՞նն է ուղղվում:
-Այո: Միայն աշխատավարձ: Մեր ենթակայության տակ մի շարք դպրոցներ են գործում՝ Երևանում, Վանաձորում, Շիրակում: Ի դեպ, մեր երկրում գործող մարզական ՀԿ-ների շրջանում ամենաշատ դպրոցները հենց մենք ունենք: Ունենք ավելի քան 280 աշխատող ունենք, 2500 աշակերտ: Երեխաներն ամսական ընդամենը 1000 դրամ անդամավճար են վճարում. դա էլ որպեսզի կարողանանք տարատեսակ հարկերը վճարել:
Նարե Հովհաննիսյան