Եվրոպական ֆուտբոլը կամաց-կամաց վերադառնում է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում եվրոպական առաջատար առաջնություններից երկուսի վերադարձը, կարծես, նշմարվում է։ Մայիսի 16-ին Բունդեսլիգան վերսկսվում է, Իսպանիայի Պրիմերան՝ հունիսի 20-ին։

Ֆրանսիայում մրցաշարը վաղաժամ ավարտված է, Անգլիայում դեռևս հստակություն չկա, իսկ Իտալիայում մարզումներն աստիճանաբար վերսկսվում են։ Առաջնության վերսկսման ժամկետների մասին դեռևս հստակություն չկա։
Թիմերի վերադարձը տեղի ունեցավ արտասովոր պայմաններում։ Թեստավորում, սոցիալական հեռավորություն․ բաներ, որոնց մասին խոսվում է ամեն օր ու ամեն տեղ։ Բայց առավել քան արտասովոր են լինելու մարզումները, որոնք որոշ թիմերում արդեն վերսկսվել են։

Մարզիչների համար այս իրավիճակը մարտահրավեր է, քանի որ ֆուտբոլիստները երկար ժամանակ եղել են դաշտից հեռու ու մարզվել են անհատական ծրագրերով։ Իհարկե, հետևել բոլորին հնարավոր չէ, ու հայտնի չէ, թե որ ֆուտբոլիստը որքանով է պահել իր մարզավիճակը դադարի ընթացքում։
Ժամանակին մենք խոսել ենք, թե ինչու է այս դադարը ամբողջությամբ փոխելու իրավիճակը ֆուտբոլային Եվրոպայում։ Մրցաշրջանի մնացյալ հատվածը անցկացնելու համար սկսվելու է, այսպես ասած, նոր մրցաշրջան։ Ակնհայտ է, որ ֆուտբոլիստներից շատերը, ցավոք, չեն խուսափելու վնասվածքներից ու սրա մասին են խոսում գրեթե բոլոր մասնագետները։
Ամբողջությամբ հաղթահարված չէ
Ակումբները, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմն ու աշխատակիցները պետք է հասկանան, որ Covid-19-ի վտանգը չի անցել։ Եվրոպայում, կարծես թե, դա շատ լավ են գիտակցում։ Ֆուտբոլային թիմերում մասսայական թեստավորման ընթացքում եղել են նաև դրական ախտորոշումներ։ «Ֆիորենտինայում» և Մադրիդի «Աթլետիկոյում» կան կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ։ Զգուշավորությունը պետք է պահել։

Մարտահրավեր՝ մարզիչների համար
Մեծ մարտահրավեր է ֆուտբոլի վերադարձը ցանկացած թիմի մարզչական ողջ շտաբի համար։ Օրինակ, «Բարսելոնայում» թեստավորվելու արդեն երկրորդ օրը մարզումները վերսկսվեցին, մինչդեռ «Ռեալում»՝ Զինեդին Զիդանի որոշմամբ մարզումները սկսվելու են միայն երկուշաբթի՝ մայիսի 11-ին։

Իհարկե, կարևորագույն դերակատարում են ունենալու այս ամեն ինչում ֆիզպատրաստության գծով մարզիչները։ Նրանց մեթոդներով են ֆուտբոլիստները վերադարձնելու ֆիզիկական մարզավիճակը։
A hundred days
Լա լիգան դադարեցվեց մարտի 12-ին։ Այն վերսկսվելու է հունիսի 20-ին։ Ասել է թե, գրեթե 100 և ավելի օր Իսպանիայում ֆուտբոլ չկա։ Մեկ մրցաշրջանից մյուսի միջև ընկած ժամանակահատվածը կազմում է գրեթե այդքան։ Սա նշանակում է, որ մրցաշրջանի մնացյալ հատվածը ինչպես Իսպանիայում, այնպես էլ եվրոպական մյուս երկրներում լինելու է մինի-մրցաշրջանի տեսքով։ Նման դրսևորման ժամանակակից ֆուտբոլում հանդիպելու ենք առաջին անգամ։ Հետաքրքիր է լինելու ամեն դեպքում։
Հնարամիտ լուծումներ Գերմանիայում և Իսպանիայում
Ստեղծված իրավիճակում առաջնությունների վերսկսումը մարտահրավեր է ոչ միայն ֆուտբոլիստների ու մարզիչների, այլ նաև երկրպագուների համար։ Տեղացիներին դժվար է լինելու տանը նստած ֆուտբոլ դիտել, իսկ հիմնականում հեռուստացույցով դիտողներին հաճելի չի լինելու դիտել խաղերն առանց հանդիսականների։ Ամեն դեպքում անգամ նմանատիպ իրավիճակում կան հետաքրքիր լուծումներ։ Օրինակ, Գերմանիայում «Բորուսիա» Մյունխենգլադբախի երկրպագուները իրենց պատկերներով լուսանկարներ են ուղարկել, որոնք տեղադրվել են ստադիոնի տրիբունաներում։

Իսպանական Marca-ի տեղեկություններով՝ հետաքրքիր մի բան է մտածում նաև Լա լիգան։ Նրանք ուզում են խաղերի ընթացքում ստադիոնի տրիբունաները «ողողել» երկրպագուների Twitter-յան գրառումներով ու աջակցություններով։ Սա ևս կարող է հետաքրքիր ու գեղեցիկ լուծում լինել երկրպագուների բացակայության պարագայում խաղն ավելի գրավիչ դարձնելու համար։
Մշուշոտ Անգլիան ու եվրագավաթները
Անգլիայում կորոնավիրուսային իրավիճակը այդքան էլ լավ չէ։ Ակտիվ դեպքերի քանակով Միացյալ Թագավորությունը աշխարհում երկրորդ տեղում է հիմա։ Եվրոպայի գլխավոր օջախներ հանդիսացող Իտալիան և Իսպանիան աստիճանաբար ուշքի են գալիս, մինչդեռ Միացյալ Թագավորությունում իրավիճակը մշուշոտ է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը օրերս հայտարարեց, որ նրանք հաղթահարում են իրավիճակը, ևս մի քանի օր ու նրանք վստահաբար կարող են խոսել վիրուսի նկատմամբ առավելություն ձեռք բերելու մասին։

Ֆուտբոլային տեսանկյունից Անգլիան կարող է գնալ Իսպանիայի և Գերմանիայի ճանապարհով, սակայն դեռևս վաղ է այդ մասին խոսելը։ Անգլիայում խոսվում է չեզոք դաշտերում մրցաշրջանի մնացյալ հատվածի անցկացման մասին, ինչը բավականին լավ տարբերակ է։ Կար խոսակցություն նաև Ավստրալիա գնալու և Պերտում առաջնությունն ավարտելու մասին, սակայն այս ամենը դեռևս քննարկումների փուլում է։
Եվրագավաթների իրավիճակը ընդհանրապես անհասկանալի է։ Նիդերլանդները փակել է երկիրը մինչև սեպտեմբերի 1-ը։ Չի լինելու գեթ մեկ մասսայական միջոցառում մինչև այդ։ Ֆրանսիայում առաջնությունը չեղարկված է, միջոցառումները՝ դադարեցված, բայց ֆրանսիական ակումբները մասնակցում են եվրագավաթներին։

Իհարկե, եվրագավաթների վերսկսումը կախված է նաև սահմանների բաց լինելուց։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունող Թուրքիայում առաջնությունը վերսկսվում է հունիսի 12-ին։ Սա նշանակում է, որ օգոստոսին Ստամբուլը պատրաստ կլինի եզրափակչին։ Մեծ հավանականությամբ այն կանցկացվի առանց երկրպագուների։
Մի քանի օրից դարձյալ ֆուտբոլ
Երկրպագուները չափազանց շատ են կարոտել ֆուտբոլը։ Թվում է՝ պատրաստ ենք 90 րոպե դիտել անգամ երկրորդ Բունդեսլիգայի հետնապահների հանդիպումները։ Մայիսի 16-ը եվրոպական ֆուտբոլի վերադարձի օրն է։ Բունդեսլիգայի վերադարձով սկսվում է եվրոպական ֆուտբոլի վերադարձը, որը արտասովոր պայմաններում անգամ գալու է զարդարելու մեր երեկոները։ Մնում է միայն հուսալ, որ իրավիճակը չի վատանա, ամեն բան կընթանա նախագծված սցենարով ու ֆուտբոլի՝ կամաց-կամաց վերադարձին կհետևի նաև բնականոն կյանքի վերադարձը։
Արամ Սահակյան