Երկու տարի «Շիրակում» հանդես գալուց հետո՝ 2015-ին, նա հեռացավ թիմից ու վերադարձավ ծննդավայր՝ Գերմանիա։ Որոշ ժամանակ շարունակեց զբաղվել սիրած գործով, բայց մի պահի որոշեց դադար վերցնել, ուսում ստանալ ու աշխատել՝ օգնելով առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։
ArmSport-ի զրուցակիցը Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Շիրակի» նախկին պաշտպան Դավիթ Մարիկյանն է, որը չի պատրաստվում մի կողմ դնել ֆուտբոլային անցած ուղին ու մի օր անպայման վերադառնալու է խաղադաշտ։
-Շարունակո՞ւմ ես հետևել «Շիրակի» էջին։
-Չնայած նրան, որ երկար տարիներ է չեմ խաղում ինձ համար հարազատ դարձած «Շիրակ» ֆուտբոլային ակումբում, բայց, այնուամենայնիվ, մինչ օրս հետևում եմ էջին։ Նաև փորձում եմ թիմի տղաների հետ հնարավորինս կապը պահել։
-Տեսե՞լ ես, որ ակումբի էջում վերջերս վերհիշել էին քո գոլերը թիմի կազմում։
-Այո, իհարկե։ Անկեղծ՝ շատ ուրախացա ու հպարտություն ապրեցի, որ եղել է մի ժամանակաշրջան, որի ընթացքում ես կարողացել եմ մեր թիմի երկրպագուներին նմանատիպ ուրախություն պարգևել։ Կարող եմ ասել, որ «Շիրակ» ՖԱ-ի էջը տարիներ անց ինձ շատ հետաքրքիր հիշողություններ պարգևեց։
-Որտե՞ղ ես, ինչո՞վ ես զբաղվում հիմա։
-Դե, ապրում եմ Գերմանիայում։ Արդեն մեկ տարի է ֆուտբոլային կարիերայով չեմ զբաղվում, բայց դեռ վերադառնալու հույսեր ու պլաններ կան։ Բոլոր դռներն ամբողջությամբ դեռ չեմ փակել, բայց և այնպես ընտրել եմ մի մասնագիտություն, որը սպորտից այնքան էլ հեռու չէ։ Երկու տարի անց կավարտեմ․ աշխատում եմ, սովորում եմ մի կազմակերպությունում, որտեղ զբաղվում ենք օրթոպեդիկ կոշիկների արտադրությամբ։ Ներկայումս աշխատում ենք Ֆրայբուրգում գտնվող հիվանդանոցների հետ և փորձում ենք օգնել քայլելու հետ խնդիրներ ունեցող մարդկանց։ Հիմա աշխատում ենք նաև «Ֆրայբուրգ» ֆուտբոլային ակումբի կազմի հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է։ Օգնում ենք մարդկանց չկաշկանդվել անկախ իրենց կյանքում առկա առողջական խնդիրներից ու միշտ առաջ նայել։
-«Ֆրայբուրգի» հետ համագործակցությունն ինչպե՞ս է դրսևորվում, կմանրամասնե՞ս։
-Իմ մասնագիտությունը քայլելու հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար կոշիկների հարմարավետ ներդիրներ արտադրելն է։ Սկզբում անցկացնում ենք հետազոտություններ, խնդրում ենք նրանց քայլել կամ վազել, հասկանում ենք տվյալ մարդու խնդիրը, ապա սկսում ենք աշխատանքը։ Նույնը իրականացվում է նաև մարզիկների հետ, որոնք իրենց մարզակոշիկների հետ կապված խնդիրներ ունեն կամ վնասվածք են ստացել, ինչի պատճառով, հնարավոր է, մյուս խաղերին չկարողանան մասնակցել։ Մենք աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք հնարավորինս արագ լուծում տալ խնդիրներին։
Մեզ մոտ ուսուցումը խիստ տարբերվում է Հայաստանի կրթական համակարգից։ Այստեղ մենք հնարավորություն ունենք սովորելու հետ մեկտեղ նաև աշխատել տվյալ մասնագիտությամբ, որի շնորհիվ էլ ավելի ենք ամրապնդում գիտելիքները։

-Նշեցիր, որ մտածում ես ֆուտբոլային կարիերայիդ վերադառնալու ուղղությամբ․ մարզվո՞ւմ ես ինչ-որ թիմի հետ կամ անհատապես։
-Միանշանակ, ես չէի կարող տարիների ընթացքում ձեռք բերած հաջողություններից հրաժարվել ու միանգամից մի կողմ դնել դրանք։ Սա էլ մի ժամանակահատված է, որը կունենա իր ավարտը, բայց արդյունքում ես արդեն մասնագիտացված կլինեմ ու կկարողանամ շատերին օգնել։
Տվյալ պահին ինչ-որ թիմի հետ մարզումներ չեմ անցկացնում։ Ինքս ինձ համար մարզվում եմ, փորձում եմ ժամանակիս ներածին չափով շարունակել մարզումներս, որպեսզի որոշ ժամանակ հետո ֆուտբոլային կյանք վերադառնալիս դժվարություններ չունենամ։
-Վերադարձիդ հետ կապված ի՞նչ պլաններ ունես։ Առաջարկներ կա՞ն։
-Քանի որ հիմա սովորում եմ, պլաններ առայժմ չունեմ։ Ուզում եմ մասնագիտությանս հարցում հնարավորինս ուշադիր լինել, որ չթերանամ ու տարիների աշխատանքս զուր չանցնի։ Ավարտելուց հետո կսկսեմ մտածել, հետաքրքրվել, ավելի խիստ ռեժիմով մարզվել ու կտեսնեմ, թե ճանապարհն ինձ որ ուղղությամբ կտանի։

-Ինչպե՞ս հեռացար «Շիրակից» ու ինչպե՞ս դասավորվեց կյանքդ դրանից հետո։
-Հեռանալս մտադրված էր, թե ոչ, չեմ ցանկանա խոսել։ Միայն կասեմ, որ հիմա էլ շատ հպարտ եմ, որ եղել է մի ժամանակահատված, երբ «Շիրակի» մի մասնիկն եմ եղել։ Կասեմ, որ Գերմանիա վերադառնալուց հետո ամեն ինչ այնքան էլ իմ պլանավորածով չընթացավ սկզբնական շրջանում, իսկ որոշ ժամանակ անց առաջարկ ստացա «Սաարբրյուքեն» ՖԱ-ից։ Երկու տարի խաղացել եմ այդ թիմում ու բնակվել համանուն քաղաքում։ Դրանից հետո որոշել եմ թողնել ֆուտբոլային կարիերան որոշ ժամանակով ու սովորել, ինչի համար շատ հպարտ եմ։
-Կցանկանայի՞ր հենց «Շիրակ» վերադառնալ։
— Տվյալ պահին կասեմ՝ Աստված ինչպես կամենա։ Ուզենալ-չուզենալու մասին հիմա չեմ ուզի խոսել։
-Կարոտե՞լ ես Հայաստանը, թե՞ Գերմանիայում քեզ ավելի հարմարավետ ես զգում։
-Միանշանակ, Հայաստանի հանդեպ կարոտը միշտ կա։ Կարող եմ ասել, որ Հայաստանն ու Գերմանիան ինձ համար նույն նշանակությունն ունեն։ Գերմանիայում ապրում են ծնողներս, իսկ Հայաստանում՝ տատիկներս ու պապիկներս։
-Հայաստանում ամենից շատ ի՞նչն ես կարոտել։
-Գյումրին։ Այն քաղաքը, որն ինձ շատ հարազատ է։
Ստելլա Բաբլոյան