ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան առաջիկա ամռանը կարող է հեռանալ փարիզյան թիմից: Այս մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ը մտադիր է բաժանվել Էրերայից նրա մշտական վնասվածքների պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը մոտ 4 ամիս է բաց թողել վնասվածքների պատճառով և Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում ընդամենը 8 հանդիպման է մասնակցել: Ընդ որում, իսպանացին փարիզյան ակումբում տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ է ստանում:
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Բիլբաոյի «Աթլետիկ», որի կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին:
Անդեր Էրերան ՊՍԺ է տեղափոխել 2019 թվականի ամռանը՝ ազատ խաղացողի կարգավիճակով:2014-ից 2019 թվականներին նա պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: Կիսապաշտպանի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: