«Բարսելոնան» Իսպանիայի Պրիմերայի 8-րդ տուրում արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։ Հանդիպումը 5-րդ դեղին քարտի պատճառով բաց էր թողնում կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն։
Ինչպես հաղորդում է OptaJose-ն, «Բարսելոնան» Պիկեի բացակայության դեպքում վերջին 6 խաղերում չէր հաղթել։ Կատալոնացիները 5 անգամ ոչ-ոքի էին խաղացել, մեկ անգամ էլ պարտվել էին։ Այսօր «կապտանռնագույնները» վերջ տվեցին այս վիճակագրությանը։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական։ Ճիշտ է, Մադրիդի «Ռեալը» երեկոյան «Մալյորկային» հաղթելու դեպքում կվերականգնի իր դիրքերը։
Հանդիպումից հետո Էռնեստո Վալվերդեն խոսել էր առջևի գծի ֆուտբոլիստների ցուցադրած խաղի մասին։