«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը խոսել է խաղից իր սպասելիքների մասին՝ ընդգծելով թիմի պատրաստվածությունը և մոտիվացիան:
«Մեզ շատ դժվար խաղ է սպասում: Հաշվի առնելով, որ սա և՛ մեր, և՛ նրանց առաջին պաշտոնական խաղն է, հնարավոր չէ ասել, թե որ թիմն է լավագույն մարզավիճակում: Ուրախացնում է թիմում տիրող մթնոլորտը: Ոչ մի ֆուտբոլիստ վնասվածք չունի: Բոլորն անհամբերությամբ սպասում են խաղին:
«Նոայի» մասին շատ խոսելու կարիք չկա: Նրանց բյուջեն շատ բան է ասում, սակայն բյուջեն չի խաղում, խաղում են խաղացողները: Վաղը կտեսնենք՝ ում որակն է ավելի բարձր: Վստահում եմ իմ թիմին և մեր կատարած աշխատանքին:
Ես թիմին միացա տասը օր առաջ, ցավում եմ, որ ընդամենը յոթ մարզում եմ անցկացրել: Կցանկանայի ավելի վաղ գալ, բայց հիմա բողոքելու ժամանակ չէ: Բավական գոհ եմ՝ թե ինչպես են խաղացողները ընդունել իմ պահանջները: Սպասում եմ լավ խաղի, որ բոլորն իրենց լավագույնը ցուցադրեն, և լավագույն թիմը հաղթի:
Բոլորը մոտիվացված են: Ավելի մեծ մոտիվացիա չկա, քան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղալը: Համոզված եմ, որ խաղացողները կկատարեն իմ բոլոր պահանջները: Ես ընդունում եմ պատասխանատվությունը՝ հենց այն պահից, երբ ստանձնեցի թիմի ղեկավարումը: Ես միշտ այդպիսին եմ եղել և այդպիսին էլ կմնամ: Բավարարված կլինեմ, եթե կարողանանք գրանցել այնպիսի արդյունք, որը մեզ հույս կտա հաջորդ փուլ դուրս գալու համար:
Պետք է սպասել ագրեսիվ «Բուդուչնոստի»: Մնացածը վաղը կտեսնենք: Ուրախացնում է նաև այն, որ մեզ երկրպագուների աջակցությունն է սպասվում: Նրանք մեր 12-րդ խաղացողն են լինելու: Հուսով եմ, որ նրանց օգնությամբ կհասնենք դրական արդյունքի:
Հայկական ֆուտբոլը տարեցտարի զարգանում է՝ թե՛ ակումբային, թե՛ հավաքականի մակարդակով: Լավ ծանոթ եմ «Նոայի» խաղացողներին և նրանց որակներին: «Նոան» ամեն տարի առաջընթաց է գրանցում, ինչը վկայում է, որ Հայաստանում լավ աշխատանք է կատարվում»,- նշել է մասնագետը։
Մրցող թիմերի միջև հանդիպումն այսօր է՝ հուլիսի 8-ին, 20։00-ին։