ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր սպասումներով։
««Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք գա: Մեր նպատակն է պայքարել ամբողջ ուժով և ապահովել այնպիսի արդյունք, որը պատասխան խաղում մեզ հնարավորություն կտա առաջ անցնելու:
Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք «Նոային». նրանք որակյալ թիմ են՝ միջազգային փորձ ունեցող խաղացողներով: Առանձնապես աչքի են ընկնում հարձակման գծում, միջին գիծը նույնպես լավ է աշխատում, իսկ նրանց խաղի ամենավտանգավոր հատվածները գալիս են եզրերից: Այդուհանդերձ, տակտիկական կարգապահությամբ և նվիրվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ», — 34-ամյա Օրահովացի խոսքն է մեջբերում «Բուդուչնոստի» պաշտոնական կայքը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։