«Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է 28 տարեկան հասակում Իսպանիայի Սամորայի գավառում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան A-52 ավտոմայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Սանաբրիայի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Ժոտան գտնվում էր ավտոմեքենայում իր 26-ամյա եղբոր՝ Անդրե Ժոտայի հետ, ով հանդես էր գալիս Պորտուգալիայի «Պենաֆիել» ակումբում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Ականատեսների տվյալներով՝ մեքենան ամբողջությամբ պատվել է կրակով, իսկ հրդեհը տարածվել է նաև մոտակա բուսականության վրա։ Չնայած 112 ծառայության արագ արձագանքին, երկու եղբայրներն էլ տեղում մահացել են։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նա նաև Պորտուգալիայի հավաքականի կարևոր անդամ էր։ Հունիսին Ժոտան հայտնել էր իր ամուսնության մասին։
