Կառլո Անչելոտիի որդին և օգնականը՝ Դավիդե Անչելոտին, նշել է իր կարծիքով այս պահին համաշխարհային ֆուտբոլի երկու լավագույն մարզիչների անունները։
Հունիսի սկզբից ի վեր 35-ամյա իտալացին աշխատում է Բրազիլիայի ազգային հավաքականում՝ որպես հոր օգնական։ Մինչ այդ նա չորս տարի եղել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբի անդամ Մադրիդի «Ռեալում»։
«Ես Կառլոյին համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Խաբի Ալոնսոն երկրորդն է»,- Դավիդե Անչելոտիի խոսքերն են փոխանցում իսպանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ հենց Խաբի Ալոնսոն է փոխարինել Կառլո Անչելոտիին «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Իսպանացու գլխավորությամբ մադրիդյան գրանդը հասել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչ, որտեղ այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի ժամանակով 23։00-ին, կհանդիպի «Յուվենտուսին»։